Հոկտեմբերի 10-ից 25-ը Երեւանի «Հայարտ» մշակութային կենտրոնում կանցկացվի CYFEST-14 մեդիա արվեստի միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնի թեման խմորումն է:
«Ավանդական իմաստով, խմորումը սննդի արդյունաբերության տեխնոլոգիական գործընթաց է։ Սակայն, գործնականում այն ամենը, ինչ տեղի է ունենում ժամանակի ընթացքում շնչավոր, անշունչ եւ նույնիսկ խիստ նյութական առարկաների հետ, կարող է վերաբերվել այս սահմանմանը: Գինին երկար գործընթացի արդյունքում ենթարկվում է վիճակի փոփոխությունների՝ հասած խաղողից վերածվելով տարբեր աստիճանի քաղցրության եւ թունդության ըմպելիքների: Մարդկային հարաբերությունները տարիների ընթացքում նույնպես «խմորվում» են՝ ձեռք բերելով ինտենսիվության տարբեր աստիճաններ, երիտասարդ ու անմշակ վիճակներից վերածվելով մեղմ ու հասուն հարաբերությունների»,- նշում է CYLAND MediaArtLab-ի հիմնադիր, արվեստագետ, համադրող Աննա Ֆրանցը:
CYFEST-14-ում ներկայացված աշխատանքների հեղինակներն ուսումնասիրում են խմորման բազմազանությունը թե՛ որպես կենսաբանական գործընթաց, եւ թե՛ ավելի լայն փոխաբերական իմաստով: Նախագծի աշխատանքները ցույց են տալիս խմորման մշակութային, գիտական, էթիկական եւ գեղագիտական հասկացությունների լայն շրջանակը՝ որպես կենդանիների եւ մեռյալների, գույնի ու հոտի, հնչյունների ու տպավորությունների փոփոխության գործընթաց:
Միեւնույն վայրում CYFEST-14-ը հավաքում է ավելի քան 30 մասնակից 7 երկրից: Նրանց թվում են Աննե Մարի Մեյսը՝ նկարիչ, կենսատեխնոլոգ, բակտերիաների, ջրիմուռների եւ բույսերի վրա հիմնված մի շարք տեխնոօրգանական օբյեկտների հեղինակ, Մարին Կազիմիրը՝ մուլտիդիսցիպլինար արվեստագետ եւ լուսանկարչական տեսողության հետազոտող, Մարիաթերեզա Սարտորին՝ արվեստագետ, ով իր ստեղծագործություններում համատեղում է նյարդակենսաբանությունը, երաժշտությունն ու ձայնը, Ուր շներն են վազում խումբը՝ գիտական արվեստի ռահվիրաններ, Ուիլյամ Լաթամը՝ արվեստագետ, Գոլդսմիթ քոլեջի համակարգչային արվեստի եւ խաղերի զարգացման պրոֆեսոր, եւ Լուկա Ֆորկուչին՝ արվեստագետ, ձայնի, գիտակցության, ընկալման, հիշողության եւ մարմնի փոխհարաբերությունների հետազոտող եւ կոմպոզիտոր:
Ֆանտազիայի վիրուս (մուտատոր) (համակարգչով ստեղծված VR վիդեո, 2020-2021) Ուիլյամ Լաթամ (Մեծ Բրիտանիա)
CYFEST-ը՝ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն մեդիա արվեստի միջազգային փառատոներից մեկը, հիմնադրվել է մի խումբ անկախ արվեստագետների եւ համադրողների կողմից 2007 թվականին: Իր ստեղծման օրվանից CYFEST-ի հիմնական մտահոգությունն է եղել ուսումնասիրել նոր եւ ավանդական վիզուալ լեզուների երկխոսությունը եւ ցուցադրել տեխնոլոգիական ձեռքբերումները՝ գեղարվեստական վերափոխման միջոցով:
Մի փութ աղ, «Ձգողականություն» շարքից (ինստալյացիա, 2019), Աննա Ֆրանց (ԱՄՆ)
CYFEST-ը աշխարհի սակավաթիվ շրջագայող մշակութային փառատոներից է. 2022 թվականին փառատոնային նախագծերը կցուցադրվեն Երեւանում, Մեծ Բրիտանիայի Դարտինգթոնում, ԱՄՆ-ի Արիզոնայում եւ Նյու Յորքում: Փառատոնի գործընկերներն են ինչպես դասական, այնպես էլ փորձարարական ինստիտուտներ։ Ծրագիրը ներառում է ցուցահանդեսային նախագիծ, վիդեո արվեստի ցուցադրություն, պերֆորմանսների շարք եւ ուսումնական հանդիպումներ։
«Թվային խմորում» տեսածրագրի գործընկերը կլինի ACCEA/NPAK-ը՝ Կովկասի ժամանակակից փորձարարական արվեստի հնագույն կենտրոններից մեկը։
Հակադարձ ընթացք. ապափաթեթավորում եւ ներծծում (քանդակներ, 2018 -2022), Պավել Իգնատեւ (Ռուսաստան)
Համադրողներն են Աննա, Ֆրանցը, Ելենա Գուբանովան, Վիկտորյա Իլյուշկինան, Սերգեյ Կոմարովը։
CYFEST-ը կազմակերպում են CYLAND MediaArtLab-ը եւ One Market Data Yerevan-ը: Փառատոնի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: