×


«Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը». Էյֆմանի բալետի թատրոնը Երեւանում խաղաց իր հանրահայտ ներկայացումը

Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի պետական ակադեմիական բալետի թատրոնի «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» ներկայացումը երեւանյան բեմում էր՝ «Հայֆեստ» միջազգային փառատոնի շրջանակում։ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բալետային մարմինները կենդանի քանդակներ էին դարձել, ու առաջին հայացքից դիտելիս կասկած չկար, որ դրանք իսկապես կավակերտ էին։ 2011 թվականին ստեղծված բեմադրությունը Մադրիդի, Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի, Բուդապեշտի, Վիեննայի, Բեռլինի, Պեկինի, Մոսկվայի եւ այլ քաղաքների թատերաբեմերում լինելուց հետո վերջապես նաեւ Երեւանում էր՝ երկօրյա ծրագրով։ BRAVO.am-ը ներկա է եղել առաջնախաղին, լուսանկարել է, ինչպես նաեւ զրուցել դերակատարների հետ՝ հետաքրքիր ու անկեղծ խոստովանություններ լսելով ներկայացման ու երեւանյան ընդունելության մասին։

Էյֆմանի «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետը նվիրված է մեծ քանդակագործներ Օգյուստ Ռոդենի եւ նրա աշակերտուհի, սիրեկան ու մուսա Կամիլյա Կլոդելի ճակատագրին ու ստեղծագործական գործունեությանը։ Նրանց սիրո պատմությունը ողբերգական է. 15 տարի Ռոդենն ու Կլոդելը եղել են մեկ զգայական եւ ստեղծագործ ամբողջություն։ Այնուամենայնիվ, արտիստների միջեւ եղած անջրպետը մահացու հարված է հասցնում Կամիլյայի հոգեկան առողջությանը եւ նրա մահվան պատճառը դառնում: Կիսամոռացված, աշխարհից մեկուսացած, աղքատության մեջ ապրող Կլոդելը խելագարվում է։ Նրա դեմ ուղղված դավադրության ցավոտ գաղափարը, որում Կամիլյան Ռոդենին տեսնում է որպես գլխավոր դերակատար, անընդհատ տանջում է հոգեկան խանգարումից թուլացած կնոջ միտքը։ Նրան վիճակված էր մի ամբողջ 30 տարի անցկացնել հոգեբուժարանում, որտեղ եւ 1943 թվականին մահանում է` լինելով բոլորի կողմից մոռացված եւ լքված:


Բալետային այս ներկայացումն արտացոլում է այն ահռելի գինը, որ շատ հանճարներ վճարում են անմահ գլուխգործոցներ ստեղծելու համար. «Ռոդենի եւ Կլոդելի կյանքն ու սերը երկու արվեստագետների զարմանալի պատմություն է, որոնց բարդ, անհավանական դրամատիկ միության մեջ միահյուսված են կիրքը, ատելությունը, ստեղծագործական խանդը: Քանդակագործների միջեւ տեղի ունեցած հոգեւոր եւ էներգետիկ փոխանակումը եզակի է. մտերիմ լինելով Ռոդենի հետ՝ Կամիլյան ոչ միայն ոգեշնչեց նրան, օգնեց ձեռք բերել նոր ոճ եւ ստեղծել գլուխգործոցներ, այլեւ անձամբ զգաց սեփական տաղանդի արագ հասունացումը՝ վերածվելով տաղանդավոր վարպետի։ Գեղեցկություն, երիտասարդություն, հանճարեղություն՝ այս ամենը նա զոհաբերեց իր սիրելիին», - ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բորիս Էյֆմանը:


Ռոդենի դերակատար Օլեգ Գաբիշեւը երկրորդ անգամ է Երեւանում. առաջին անգամ այստեղ եղել է «Աննա Կարենինա» ներկայացման հյուրախաղերի ժամանակ։ Ասում է՝ Հայաստանը նույն ջերմությամբ կրկին դիմավորել է իրենց, եւ գուցե այս անգամ իր պարը տարբերվի՝ ոգեշնչված արեւային Երեւանով․ «Ռոդենն իր քանդակներում «ֆալշեր» չէր սիրում, ամեն ինչ կատարելության էր հասցնում, դրա համար ես էլ պիտի փորձեմ սխալներ թույլ չտալ, իսկ դա ավելի շատ բնականություն ու անկեղծություն է պահանջում։ Իհարկե, բեմադրիչը տալիս է իր պատկերացումները, բայց մենք էլ՝ որպես դերակատարներ, ներդնում ենք մեր զգացողությունները»։


Իսկ Կամիլյա Կլոդելի դերակատար Լյուբով Անդրեեւան, խոսելով իր դերի եւ դրան տեխնիկապես ու հոգեպես պատրաստվելու գաղտնիքների մասին, ընդգծում է՝ հաջողությունը շատ կարդալու, ուսումնասիրելու մեջ է․ «Գիտեք, դա իսկապես օգնում է հասկանալ հերոսին, դերը, կերպարը, որովհետեւ երբ ես կարդում էի ու խորանում նյութերի մեջ, տեսնում էի, թե ի վերջո ով էր Կամիլյա Կլոդելը, որին ծանր կյանք էր բաժին ընկել. ոչ ոք չի հասկացել ու չի ընդունել նրան։ Կամիլյան իր հուշերում գրել է՝ «Ամենասարսափելին, որ կա իմ կյանքում, միայնությունն է», քանի որ նրանից երես է թեքել ամբողջ ընտանիքը, նրան չի ունդունել հասարակությունը, նրան թողել է Ռոդենը, եւ նա մնացել է միայնակ այդ խելագար տանը, որտեղից նրան ոչ ոք չի վերցրել, նույնիսկ երբ բժիշկներն ասել են՝ եկեք տարեք նրան, նա նորմալ վիճակում է։ Բայց քանի որ նրա հետեւից ոչ ոք չի գնացել, նրան թաղել են անանուն գերեզմանում»։


Նրա խոսքով՝ երբ կարդում ես նյութերը, վկայությունները, հասկանում ես, որ Ռոդենի ամենահայտնի ու հանճարեղ գործերը ստեղծվել են հենց այն ժամանակաշրջանում, երբ նա եւ Կամիլյան միասին են եղել, սիրել են իրար․ «Ի սկզբանե մեր ներկայացումը կոչվում էր «Ռոդեն», բայց քանի որ հասկացանք՝ այստեղ շատ բան կա հենց Կամիլյայի մասին, որոշեցինք վերանվանել «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը»։ Ես չեմ պատկերացնում, թե նա ինչպես է իր ամբողջ կյանքն այդպես ապրել, երբ ես ներկայացման այս երկու ժամում այնպիսի ցավ եմ զգում ներսումս»,- անկեղծանում է դերասանուհին։


Հայ հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ ընդունեց ներկայացումը, ավարտին հոտնկայս ծափահարություններն ու «բրավո»-ները չէին դադարում։ Թվում էր՝ բեմադրությունն ու խաղն իսկապես կատարելության էին հասցված, առանձնակի ուշադրություն էր գրավում լուսային ձեւավորումը, ինչպես նաեւ երաժշտությունը՝ Ռավելի, Սենտ-Սանսի ու Մասնեի ստեղծագործությունների հիման վրա։ Իսկ Սունդուկյանի անվան թատրոնի բեմն այս դեպքում ոչնչով չէր զիջում օպերայի եւ բալետի թատրոնի հայաստանյան բեմին։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW