Քանյե Ուեսթը նորից ուշադրության կենտրոնում է հայտնվել: Քրիս Ջենների լուսանկարն ինստագրամյան իր էջում որպես գլխավոր լուսանկար տեղադրելուց հետո, նա նորից սկանդալային պատմության մեջ է ընկել:
Ռեփերի օգտահաշվի վրա սահմանափակումներ են դրվել այն բանից հետո, երբ իրեն բազմաթիվ ոչ տեղին հայտարարություններ է թույլ տվել: Նա ժամանակավորապես չի կարողանա նոր հրապարակումներ անել Ինստագրամում, մեկնաբանություններ թողնել եւ անձնական նամակներ ուղարկել: Բացի այդ, ռեփերի բոլոր գրառումները, որոնք խախտել են Ինստագրամի քաղաքականությունը, հեռացվել են:
Նման պատժի պատճառ է հանդիսացել Ուեսթի՝ ենթադրաբար հակասեմիտական գրառումը: Օրեր առաջ նա Ինստագրամում հրապարակել է Puff Daddy-ի հետ նամակագրությունը, որը վերաբերվել է Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում Ուեսթի White Lives Matter գրությամբ շապիկներին: Դրանում Daddy-ն քննադատել է Ուեսթին, որ նման կերպ ձեւափոխել է Black Lives Matter հայտնի շարժման անվանումը, ինչին ռեփերը պատասխանել է, որ նրան հրեաներն են վերահսկում:
Այլեւս հնարավորություն չունենալով օգտագործել այդ հարթակը՝ Ուեսթը 2 տարվա դադարից հետո վերադարձել է Twitter, որտեղ էլ քննադատությունների տեղատարափ է թափել Մարկ Ցուկերբերգի հասցեին: Նա նշել է, որ Meta-ի ղեկավարին իր ընկերն է համարել ու որպես ապացույց տեղադրել է իրենց համատեղ լուսանկարը, որն արվել է կարաոկեում:
Սոցիալական հարթակի փոփոխությունը Ուեսթին չի օգնել, շուտով Twitter-ը հեռացրել է նրա գրառումներից մեկը, որի բովանդակությունը եւս համարել է կանոններին հակասող:
Ուեսթը մեկ անգամ չէ, որ քննարկումների կիզակետում է հայտնվում իր սուր ու հակասական կարծիքների պատճառով, սակայն շատերը համարում են, որ այս անգամ չափն անցել է: White Lives Matter գրության պատճառով նրա հետ շատ աստղեր են գժտվել, այդ թվում՝ Ջիջի Հադիդը, Հայլի Բոլդուինը, Ջասթին Բիբերն ու այլք:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: