×


«Փոքրիկ մարգարիտ ենք գտել Ֆրեդի Մերկուրիից». «Queen»-ը նոր երգ է թողարկել

Բրիտանական «Queen» ռոք-խումբը նոր երգ է ներկայացրել Ֆրեդի Մերկուրիի մասնակցությամբ: Այն կոչվում է «Face It Alone», ձայնագրվել է 34 տարի առաջ՝ 1988 թվականին: Այդ ժամանակ խումբն աշխատելիս է եղել «The Miracle» ալբոմի վրա:



Երգը գտել են այն բանից հետո, երբ խմբի անդամները նոր ալբոմի աշխատանքներից առաջ սկսել են լսել արխիվային ձայնագրությունները: «Face It Alone»-ի պրեմիերան կայացել է հոկտեմբերի 13-ին բրիտանական BBC Radio 2-ի եթերում, գրում է The Times-ը:

Այն ընդգրկվելու է «Queen»-ի նոր ալբոմում, որում ներկայացված են լինելու նաեւ երաժիշտների խոսակցություններից հատվածներ:

Պատրաստվող նոր աշխատանքի մասին «Queen»-ի անդամները հայտնել են դեռ հունիսին: Կիթառահար Բրայան Մեյն ու թմբկահար Ռոջեր Թեյլորը պատմել են, որ հայտնաբերել են 1991 թվականին մահացած Մերկուրիի դեմո-ձայնագրությունը, սակայն հետո մոռացել այդ մասին:


«Փոքրիկ մարգարիտ ենք գտել Ֆրեդիից, որի մասին չենք հիշել: Այնքան ուրախ եմ, որ խումբը այն նորից է հայտնաբերել: Ու դա հիանալի է: Իրականում այն իսկական բացահայտում էր: Շատ կրքոտ ստեղծագործություն է»,- ասել է Բրայան Մեյը:

Այս սինգլը Մերկուրիի մասնակցությամբ առաջինն է 2014 թվականին խմբի թողարկած «Queen Forever» ալբոմից հետո: Այն իր մեջ ներառում էր Մերկուրիի կատարմամբ 3 երգ, որոնք նախկինում չէին հնչել՝ «Let Me In Your Heart Again», «Love Kills» եւ «There Must Be More to Life Than This»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին