×


Վանը՝ «Նեմրա»-ի բոստոնյան համերգի, Բրայան Մեյի նվերի եւ Գարիկ Պապոյանի կասկածանքի մասին

Վանը, Վասպուրը, Մարիաննան եւ Մարեկը ներկայացնում են Հայաստանում ամենասիրված եւ վերջին շրջանում մեծ ճանաչում գտած ռոք-խմբերից մեկը։ «Նեմրա»-ն միշտ ասելիք ունի ու մշտապես ակտիվ կապի մեջ է երկրպագուների հետ։ Օրերս էլ խումբն իր առաջին համերգը ունեցավ ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում։

Համերգից տպավորությունների, Բրայան Մեյից ստացած նվերի ու  «Դիմակահանդես» հաղորդման ժամանակ հնչած եւ իրեն վերագրվող «գեղեցիկ թավշյա ձայնի» մասին զրուցել ենք «Նեմրա»-ի վոկալիստ եւ կիթառահար Վան Եղիազարյանի հետ։

«Լռել չի լինի. պետք է պաշտպանենք մեր մշակույթը»

Շատ դժվար օրեր էին․ մեզ մոտ պատերազմական իրավիճակ էր, բոլոր համերգները չեղարկվել էին, ու չգիտեինք՝ ինչպես վարվել։ Երկար մտածելուց հետո, նաեւ հաշվի առնելով, որ համերգը բարեգործական էր եւ ուղղված էր Բոստոնի հայկական դպրոցին, ուժ գտանք մեր մեջ եւ գնացինք։ Համերգը սկսեցի հետեւյալ խոսքերով՝ «Ինչքան էլ փորձեն մեզ լռեցնել, մենք պետք է թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր ծայրերում հայերով հավաքվենք ու պահպանենք մեր մշակույթը»: Համերգն անցավ հիանալի մթնոլորտում, անսահման կարոտ կար հանդիսատեսի աչքերում դեպի հայրենիքը, ու հուսով եմ՝ կարողացանք փոխանցել հայրենիքի շունչը։ Ընդհանրապես Բոստոնը շատ հավանեցինք՝ թե՛ մարդկանց, թե՛ քաղաքը։ Վերադառնալիս ուրախ էինք, որ տուն ենք գնում, բայց նաեւ տխուր էինք, որ Բոստոնից գնացինք, քանի որ այդ օրերի ընթացքում հասցրինք շատ կապվել այնտեղի հետ։   


High five-ն ու անմոռանալի օրը

Ամբողջ կյանքի համար անմոռանալի օր էր Սթարմուս փառատոնի այդ համերգը։ Աննկարագրելի էմոցիաներ էին, անգամ չէինք պատկերացնի, որ մի օր Բրայան Մեյը կգա Հայաստան, իսկ որ նույն բեմում կլինենք, անհավանական էր։ Մեր ելույթի ժամանակ ուրախանում ու ռիթմի հետ շարժվում էր, բեմից իջանք, ձեռքերը պարզեց, եւ high five արեցինք, մեզ գովեստի խոսքեր ասաց։ Համերգի վերջում էլ նկարվեցինք, ու արդեն գնում էինք, երբ ինձ հատուկ կանչեց ու նվիրեց իր կիթառի մեդիատորը՝  «Sixpence» մետաղադրամը։ Բացի Բրայան Մեյից, այնտեղ էր նաեւ համաշխարհային երաժշտության մեջ մեզ համար ամենակարեւոր մարդկանցից մեկը՝ Սերժ Թանկյանը, որի հետ վերջապես առիթ եղավ անձամբ հանդիպելու։ Շփվեցինք, մեծ հարազատություն զգացինք․․․

Նպատակներ ու արանքում պատերազմ

Նպատակներն այս բոլոր տարիների ընթացքում նույնն են՝ երգեր գրել, ձայնագրել, տեսահոլովակներ նկարահանել, համերգներ ունենալ Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Այս պահի դրությամբ անում ենք բոլոր կետերը, պարզապես մեր սպասելիքներից շատ դանդաղ տեմպով, քանի որ ամեն քայլ անելուց հետո երկրում կա՛մ պատերազմ է լինում, կա՛մ համավարակ աշխարհում, կա՛մ մեկ այլ վատ բան է պատահում, եւ մենք այն, ինչ կարող էինք անել մի տարում, անում ենք մի քանի տարում։ Բայց էլի չենք դժգոհում, կարեւորն՝ ամեն տարի զգում ենք մեր կարիերայի թռիչքային աճը նախորդ տարվա համեմատ։ Հայաստանից դուրս բազմաթիվ հրավերներ ունենք տարբեր երկրներից, բայց քանի որ ամեն ինչ անկանխատեսելի է, այս պահին չեմ ուզի խոսել դրանց մասին, թող լինեն, հետո արդեն կպատմենք։


Նոր երգեր միշտ կան

Համերգներին արդեն նվագում ենք մեր նոր երգերից մեկը՝ «Help Me Forget»-ը։ Պատրաստվում ենք տեսահոլովակ նկարահանել մեր երգերից մի քանիսի համար, փնտրում ենք համապատասխան կերպարներ։ Համագործակցություններ այս պահին չունենք, բայց հաճախ ենք անակնկալ անում մեր հանդիսատեսին՝ համերգների ժամանակ մեր ընկեր երաժիշտներին հրավիրելով եւ գեղեցիկ կատարումներ ներկայացնելով։

Խոչընդոտներ կան, բայց հանդիսատեսի հետ շփմանը չի խանգարում

Մենք մեր ճանապարհն ունենք, ոլորտում հիմնականում դրական ենք տրամադրված բոլորի հանդեպ, մեծ մասն էլ՝ մեր հանդեպ, բայց ինչքան էլ փորձենք անկախ լինել,  ցավոք, խոչընդոտներ լինում են․ կարող է որեւէ մեկ մարդու քմահաճույքով, որին չենք էլ ճանաչում, «Նեմրա»-ն ինչ-որ մի եթերում, մի մեդիայում, մի հարթակում անտեսված կամ ոչ ցանկալի լինել։ Սակայն մեզ շատ չի խանգարում այդ ամենը, քանի որ մենք ունենք մեր շփման միջոցները մեր հանդիսատեսի հետ եւ շատ լավ հասկանում ենք իրար։

Երեկ, այսօր, վաղը

«Նեմրա»-ն երեկ կարծում էր, որ լավ գործ է անում, այսօր ունի դրա բոլոր ապացույցները: Թե ի՞նչ կլինի վաղը՝ ոչ ոք չգիտի։ «Նեմրա»-ն երեկ, այսօր եւ վաղը անկեղծ է, էմոցիոնալ եւ իրական, իսկ «Նեմրա»-ի շուրջ ձեւավորվող էներգիան անիրական է եւ տիեզերական։


Դեպքեր

Բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են լինում երկրպագուների հետ։ Այս պահին հիշեցի, որ տարիներ առաջ մեկ օրում իրար հետեւից երկու ելույթ ունեինք՝ Հյուսիսային պողոտայում եւ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց։ Այդ պահին շատ ուժեղ անձրեւ սկսվեց, եւ Հյուսիսային պողոտայի մեր ելույթից անմիջապես հետո մենք գործիքներով արագ վազեցինք դեպի «Մոսկվա» կինոթատրոն։ Նկատեցինք, որ մեր երկրպագուների մեծ բանակն էլ մեզ հետ միասին վազում էր։ Շատ յուրահատուկ ու հիշվող տեսարան էր։



Գեղեցիկ թավշյա ձայնը

Հաճելի էր լսել, որ Գարիկը «Դիմակահանդես» հաղորդման ժամանակ «գեղեցիկ թավշյա ձայնն» ասոցացրեց իմ ձայնի հետ։ Այս թեմայով ցանկացած այլ բառ ասելու դեպքում, կարծում եմ, ամեն տառ մի փակագիծ կբացի, դրա համար միանգամից կփակեմ փակագիծը։

Մերի Խաչատրյան
Լուսանկարները՝ «Նեմրա» խմբի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW