×


Մահացել է Գայանե Փայտյանը

48 տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է պրոֆեսիոնալ եւ սիրված լրագրող, հաղորդավար Գայանե Փայտյանը: Նա առողջական խնդիրներ ուներ:

BRAVO.am-ը խորին ցավակցություն է հայտնում Գայանե Փայտյանի ընտանիքին եւ ընկերներին:  

Գայանե Փայտյանը ծնվել է 1974թ. հունիսի 30-ին՝ Երեւանում։ 1991թ., երբ դեռ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնի առաջին կուրսի ուսանող էր, սկսել է աշխատել Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում եւ եղել «Մայրաքաղաք» հաղորդման մեկնաբանը, 1992-94թթ` «Ա1» հեռուստաընկերության «Թափանցիկ դռներ», «Հաու դու յու դու», «Մամուլի ակումբ» հաղորդումների թղթակիցը, հեղինակը եւ հաղորդավարը։

1998-99 թթ. եղել է «Նորք» հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի տնօրենը եւ «Արտ 13» հեռուստաընկերության խմբագիրը, հեղինակել ու վարել է «Ծանոթ անծանոթ» հաղորդաշարը։

Բազմաթիվ վավերագրական ֆիլմերի հեղինակ է։ Որպես լրատվական մեկնաբան 1995-99 թթ. աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015 թթ.՝ Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2000-2008 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։ 2004թ-ից միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ է։

2006թ. Հայկական երկրորդ հեռուստաալիքով հեղինակել ու վարել է «Կախման կետեր», 2017թ.՝ «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը։ 2008թ. հիմնադրել եւ ղեկավարել է հաղորդավարների եւ լրագրողների մասնագիտացված «TV իդեալ» դպրոց-ստուդիան։

2021 թվականին Գայանե Փայտյանը հուշ-սյունակների շարք գրեց Մեդիամաքսի համար, որոնք կարող եք կարդալ այս հղումով:

2009թ. Գայանեն ամուսնացել էր Էդուարդ Միհրանյանի հետ։ 2017 թ.-ին՝ երկար տարիների սպասումից հետո, նրանց ընտանիքում ծնվում են երկվորյակ աղջիկներ՝ Էվան եւ Էլլան։ Դրանից մեկ տարի անց Գայանեն հարցազրույց էր տվել BRAVO.am-ին՝ պատմելով, որ 2017 թվականն իր կյանքի լավագույն տարին էր: Նյութը կարող եք կարդալ այստեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին