×


«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարեն

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ ներկա կլինեն 16 պատվիրակություն տարբեր երկրներից: Հայաստանը կներկայացնի 14 տարեկան Նարեն: Այս տարվա մեր պատվիրակն ընտրվել է նախապես հայտարարված բաց մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել Հայաստանից եւ տարբեր երկրներից: 

«Շատ պատվավոր գործ է ինձ վստահված։ Փորձել եմ ամեն ինչ անել, որ ժյուրին ինձ հավանի, բայց քաջ գիտակցում եմ, որ նախնական ընտրությունն անցած 30 հոգուց բոլորն էլ արժանի էին։ Շատ ուրախ եմ, որ մրցույթը Հայաստանում է լինելու և ես հյուրընկալելու եմ մյուս մասնակիցներին մեր երկրում»,- այսօր «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ ասաց Նարեն:




Նշենք, որ մրցույթի այս տարվա խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիք է՝ հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին եւ զարդարված է ազգային նախշերով: Հոլից դուրս եկող թելերի գույները մեր դրոշի գույներով են` նեոանային տարբերակով։ 

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արեւի շուրջը։ Շեշտը դնելով փոքրիկներին ուրախություն եւ զվարճանք բերող այս անվերջ շրջապտույտի վրա՝ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։

«Մանկական Եվրատեսիլի» կենտրոնական բեմը եւս խորհրդանշելու է հոլը, որը շրջապատված է պտույտն արտացոլող թելերով: Այդ թելերը շողալու են նաեւ բեմի վերեւում` հանդիսատեսին եւ հեռուստադիտողին փոխանցելով յուրաքանչյուր ելույթի էներգիան:


Եվրատեսիլյան շոուն Հայաստանում է իրականացվելու նախորդ տարի մանկական մրցույթում մեր երկիրը ներկայացնող երգչուհու՝ 14-ամյա Մալենայի հաղթանակի շնորհիվ: Նա «Քամի, քամի» երգով նվաճեց Եվրոպայի սիրտը՝ 224 միավորով զբաղեցնելով առաջին հորիզոնականը։

Երեւանում կայանալիք հոբելյանական մրցույթի բացման արարողության ժամանակ առանձին ելույթով հանդես կգա Մալենան. կներկայացնի նոր երգ: Լինելու է նաեւ հատուկ ելույթ, որին կմասնակցեն «Մանկական Եվրատեսիլ»-ի բոլոր տարինեի հաղթողները՝ մի քանի բացառությամբ։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին