×


Արեւիկ Գեւորգյան. «Իմ կյանքում հիմա անսպասելի իրադարձությունների շրջան է»

Դերասանուհի Արեւիկ Գեւորգյանն արդեն մոտ 2 ամիս է՝ իրեն փորձում է նոր կարգավիճակում: Նա առավոտյան «Բարի լույս» է ասում հեռուստադիտողներին ու փորձում արեւով լցնել նրանց օրը:

Դերասանուհին Bravo.am-ին պատմել է իր առաջին եթերի ու վախերի, նոր բացահայտումների ու սպասվող աշխատանքների մասին:

- Արեւիկ, պատմեք, թե ինչպե՞ս հայտնվեցիք առավոտյան եթերում:

- Բարի լույս, Հասմիկ: Առավոտյան ծրագրում հայտնվեցի շատ պատահական, ստացա առաջարկ «Արմենիա» հեռուստաընկերությունից եւ որոշեցի ընդունել այդ մարտահրավերը:

- Նախապես հատուկ աշխատանք կամ ուսումնասիրություն արե՞լ եք կամ խոսել այլ հաղորդավարների հետ, որպեսզի նոր բաներ իմանաք:

- Շատ հետաքրքիր փորձառություն է, քիչ եմ ունեցել նման փորձ։ Որպես դերասանուհի, նկարահանվելով ֆիլմերում, աշխատում էի չնկատել տեսախցիկը, հիմա ճիշտ հակառակը՝ տեսախցիկը շնչավոր պետք է դարձնես քեզ համար։ Շատ կարեւոր է ինձ համար, թե ինչ է կրում հաղորդավարը, այն էլ առավոտյան ծրագրում, ինչ ներքին կեցվածք ունի, կարողանում է արդյոք տաք լինել ու առավոտյան արեւի շողերի նման արթնացնել, ջերմացնել եւ գրկել մարդկանց՝ հեռուստադիտողներին: Արտակ Վարդանյանը, որի հետ պատիվ ունեմ աշխատել եթերում, լավ օրինակ է։ Շատ բան եմ սովորում իրենից, նա բացառիկ բաց, օժանդակող ու ոգեւորող ընկեր է ինձ համար:


- Առաջին եթերից առաջ անհանգստություն կամ վախ կա՞ր: Խոստովանեք, ի՞նչ էր կատարվում:

- Իհարկե, կար։ Դողում էի աշնան տերեւի պես (ծիծաղում է,-հեղ), պատասխանատվության շատ խոր վերապրում ունեի, որով էլ պայմանավորված էր անհանգստությունս: Բայց բոլոր վախերս եւ անհանգստություններս «Բարի լույս»-ի անձնակազմի սիրո ու ջերմության շնորհիվ ամեն անգամ ավելի եւ ավելի են նահանջում:

- Ամենահիշվողն ի՞նչն էր Ձեզ համար այդ օրը:

- Քանի որ առաջին եթերը սեպտեմբերի 1-ին էր՝ երեխաների ճիչն, աղմուկն ու ուրախությունը։ Գունավոր տոն էր տաղավարում, հենց էդպես էլ տպավորվել է՝ որպես տոն:

- Առավոտյան հաղորդումը ենթադրում է նաեւ վաղ արթնանալը. ստացվո՞ւմ է, թե՞ առհասարակ նման խնդիր չունեք:

- Ես լույսի մարդ եմ (ծիծաղում է,-հեղ), շատ եմ սիրում վաղ արթնանալ, դրա համար շատ հեշտ է ինձ համար, ընդհանրապես ռեժիմ կարգավորելու խնդիր չի առաջացել:


- Ի՞նչ նոր հնարավորություններ ու փորձ է տալիս այդ հաղորդումը:

- Նախ ծանոթանում եւ փորձում եմ ճանաչել այլ մասնագիտություն` հաղորդավարությունը։ Հետո հաղորդման բնույթն այնպիսին է, որ տեղեկանում ես բազում լավ եւ որակով իրադարձությունների մասին, որոնք կատարվում են Երեւանում ու մարզերում, նաեւ ծանոթանում լավ մարդանց հետ: Անվերջ երկխոսության մեջ ինքդ էլ սովորում ու կրթվում ես, եւ, որ ամենակարեւորն է, լույսը բարի ես սկսում։

- Հագուստին անդրադառնանք, Դուք միշտ էլ ոճային եք, բայց եթերային որոշակի կաննոններ կան, ո՞նց եք հագուստ ընտրում:

- Իմ look-երն ինքս եմ պատկերացնում, հորինում եւ ստեղծում համադրություններ: Սահմանափակումներ չկան, ես էլ փորձում եմ ստեղծագործել, լինել ներկայանալի, կոկիկ եւ հավատարիմ իմ ոճին:


- Ի՞նչ նորություններ ու նախագծեր ունեք արդեն որպես դերասանուհի, առաջիկայում ի՞նչ սպասենք:

- Իմ կյանքում հիմա անսպասելի իրադարձությունների շրջան է։ Ունեմ մի քանի առաջարկ, որոնց մասին լրջորեն մտածում եմ, համոզված եմ՝ առաջիկայում կզարմացնեմ հանդիսատեսին։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ «Բարի լույս»-ից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին