×


«Օսկար»-ի ներկայացվելուց առաջ «Ավրորայի լուսաբացը» Երեւանում բարձրացավ մեծ էկրան

Հայաստանի ազգային կինոակադեմիան «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար ընտրել է «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը, որից առաջ՝ նոյեմբերի 3-ից 17-ը, այն կցուցադրվի երեւանյան կինոթատրոններում: «Մոսկվա» կինոթատրոնում առաջին ցուցադրությանը ներկա է եղել նաեւ  BRAVO.am-ը, մանրամասներ պարզել ֆիլմի մասին եւ լուսանկարել հյուրերին:

«Արշալույսի լուսաբացը» վավերագրում է Արշալույս Մարտիկյանի (նույն ինքը՝ Ավրորա Մարտիկանյան) պատմությունը։ Ավրորան Եղեռնը վերապրած այն հայուհիներից է, որ իրենից հետո փաստավավերագրություն է թողել՝ արժեքավոր ապացույց-պատառիկներ, որոնք էլ դարձել են Ավրորայի մասին պատմող «Արշալույսի լուսաբացը» ֆիլմի հիմքը։ Այն խաղարկային, անիմացիոն, վավերագրական ժանրերի համադրմամբ նկարահանված առաջին ու առայժմ միակ հայաստանյան լիամետրաժ ֆիլմն է։


Ռեժիսորն ու սցենարիստն Իննա Սահակյանն է, Ավրորայի դերում Անժելիկա Հակոբյանն է, որը մասնագիտությամբ դերասան չէ, ընտրվել է քասթինգով. սովորում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

«Առաջին անգամ եմ գլխավոր կերպար մարմնավորում. մինչ այս ունեցել եմ էպիզոդիկ դերեր։ Շատ ուրախ եմ, որ ինձ է վստահվել նման լուրջ ու պատասխանատու աշխատանքը: Մեծ հույսեր չունեի, քանի որ կային թեկնածուներ, որոնք իրական Ավրորային ավելի նման էին, բայց, երեւի, իմ խառնվածքի շնորհիվ հենց ինձ ընտրեցին։ Երբ իմացա, որ ֆիլմն անիմացիոն է, մտածեցի՝ ավելի հեշտ կլինի, բայց իրականում պարզվեց՝ խնդիրն ավելի բարդ էր, քան պատկերացնում էի: Անիմացիայի դեպքում պետք է կրկնակի ցույց տաս հույզերդ... Ռեժիսորի հետ աշխատանքի շնորհիվ կարողացա հաղթահարել բոլոր դժվարությունները»,- նշել է Անժելիկան:


Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել հուլիսին՝ «Ոսկե ծիրանի» շրջանակում. մասնակցել է փառատոնի միջազգային մրցութային ծրագրին եւ արժանացել «Արծաթե ծիրան» մրցանակին: Հաղթողին որոշում էր միջազգային ժյուրին՝ օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի գլխավորությամբ։

«Այս ֆիլմի դեպքում հարցը միայն մրցանակները չեն կամ փառատոններին մասնակցությունը, ամենահեղինակավոր հարթակներում պրեմիերաները, այլ այն իրոք մեր ամենարժանի կինեմատոգրաֆիկ նմուշներից մեկն է հենց այն թեմայով, որի դեպքում շատերն են սայթաքել։ Ցեղասպանությանը այս կամ այն կերպ վերաբերող թեման շատերի համար է դժվարըմբռնելի, բայց այս ֆիլմում ընտրված կինոլեզուները, անիմացիան եւ վավերագրական կինոն շատ հետաքրքիր են միմյանց հետ զուգորդվում: Հետաքրքիր եւ արդարացված համադրում է, եւ ֆիլմը խոսում է համամարդկային, մարդասիրական լեզվով, որի անհրաժեշտությունն այսօր շատ է»,-նշել է «Ոսկե ծիրան» միջազգային կիոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը:


Ֆիլմի մտահղացումից մինչեւ ֆիլմի ավարտուն վիճակ տեւել է 7-8 տարի։ «Այժմ, երբ պատերազմները շատացել են աշխարհում, թեման դարձել է շատ արդիական։ Մենք պետք է դասեր քաղենք մեր պատմությունից. դրանով ֆիլմն այս ժամանակաշրջանում դարձավ շատ կարեւոր։ Այն արդեն ներկայացվել է բազմաթիվ փառատոնների Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում եւ այլուր»,- նշել է պրոդյուսեր Վարդան Հովհաննիսյանը:

Ֆիլմի մյուս պրոդյուսերներն են Քրիստիան Բիցսս եւ Յուստե Միխայլինայտեն:


«Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրությունը համատեղ արտադրություն է՝ Հայաստան-Գերմանիա-Լիտվա։ Հոկտեմբերի 23-ին տեղի էր ունեցել ֆիլմի ամերիկյան պրեմիերան («Аnimation is Film» փառատոնի մրցութային ծրագրում)՝ hոլիվուդյան Չինական թատրոնում։ Ֆիլմն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։

Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի ակադեմիական ներդրման շնորհիվ եւ ֆիլմի հիմքում ինստիտուտի «Բանավոր պատմության» արխիվն է։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հովհաննես Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW