×


«Բացահայտեցի քվիլտը, ու այն ինձ գերեց ընդմիշտ». Մոնի Հովսեփյանի շերտակտավները ցուցադրվում են Երեւանում

Հայաստանում առաջին անգամ բացվել է քվիլտի (շերտակտավի) ցուցահանդես, որտեղ ներկայացված են Մոնի Հովսեփյանի աշխատանքները։ Հենց նա էլ արվեստի այս ուղղությանը հայերեն անվանում է տվել՝ հաշվի առնելով այն, որ իր կտավների հիմքում միմյանց կարված մի քանի շերտ տարբեր կտորներ են։ «Ժամանակի անիվը» խորագրով ցուցահանդեսին, որ բացվել է Հովհաննես Շարամբեանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում, բազմաթիվ արվեստասերներ եկել էին տեսնելու աշխատանքները եւ, իհարկե, լսելու հեղինակի պատմությունն իր կատարած բացահայտման մասին։


Մոնի Հովսեփյանը ներկայացրել է տասը տարվա ընթացքում ստեղծած իր շերտակտավները, որոնցից մեկը՝ «Երախտագիտություն՝ դարի երկայնքով» խորագրով, ցուցահանդեսից հետո ուղեւորվելու է Նորվեգիա՝ Լիսակեր քաղաք, որպես ընծա Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտին: Հեղինակն այս շերտակտավը ստեղծել ու նվիրել է 1922 թվականին Ժնեւի կոնֆերանսում Ֆրիտյոֆ Նանսենի նախաձեռնությամբ հաստատված Նանսենի անձնագրերի 100-ամյակի հիշատակին․ այդ անձնագրերի շնորհիվ Ցեղասպանության ժամանակ մազապուրծ եղած 320․000 հայեր կարողացան աշխարհի 54 երկրում քաղաքացիություն ստանալ (նրանց թվում են շանսոնյե Շառլ Ազնավուրի, գրող Անտոնիա Արսլանի, գործարար Էդուարդո Էռնեկյանի ծնողները եւ այլք)։


«Սա իմ շնորհակալությունն է Նանսենին հայ ժողովրդի անունից, որ ուղիղ հարյուր տարի առաջ նրա նախաձեռնության շնորհիվ հազարավոր հայեր լիարժեք կյանք գտան աշխարհի տարբեր անկյուններում»,- ասում է նա։


Մոնի Հովսեփյանը մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ է։ Նկատում է՝ ինքն ունի գույնի լավ զգացողություն, բայց չունի գեղանկարչի տեխնիկա։ Հիմա իր շերտակտավների օգնությամբ գրաֆիկան վերածում է ավելի գեղարվեստական աշխատանքի․ «Գերագույն հաճույք եմ ստանում այս ստեղծագործական ամբողջ գործընթացից։ Գիտեք, պատահական եկա այս արվեստին։ Տարիներ առաջ Մոսկվայում էի ապրում։ Այդ ժամանակ փնտրում էի ասեղնագործության ինչ-որ նմուշներ, եւ որոնողական այդ ճանապարհն ինձ բերեց հասցրեց արվեստի այս տեսակին, որտեղ ես կարողացա միավորել նկարչությունը, գրաֆիկան, ասեղնագործությունը, տպագրությունը եւ իմ ստեղծագործական միտքը։ Բացահայտեցի քվիլտը, ու այն ինձ գերեց ընդմիշտ։ Նույնիսկ հայերեն անվանում տվեցի դրան՝ շերտակտավ»,- մեր զրույցում պատմում է հեղինակը։


Նշենք, որ քվիլտի (շերտակտավի) ծագման աշխարհագրությունն ու ժամանակագրությունը չափազանց անհստակ է եւ ունի բազմաթիվ հետաքրքիր վարկածներ, սակայն ամենուր այն ի սկզբանե կրել է կիրառական բնույթ (ծածկոցներ, սփռոցներ, տարատեսակ հագուստներ), թեեւ օժտված է եղել շեշտված վառ դեկորատիվությամբ։ Նյութի եւ տեխնիկայի առումով բավական ծախսատար ու աշխատատար այս արվեստը հիմնականում տարածված է հարուստ եւ առաջադեմ երկրներում։ Մոնի Հովսեփյանի շնորհիվ մենք առիթ ունենք մեր գեղարվեստական միջավայրում նույնպես ունենալ քվիլտի շատ ինքնատիպ աշխատանքներ։ Դեռ կարող եք հասցնել ուսումնասիրել այս աշխատանքները․ ցուցահանդեսը բաց է լինելու երկու շաբաթ։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW