Երգիչ Արսեն Գրիգորյանը կամ, ինչպես նրան սովոր են դիմել իր երաժշտության սիրահարները՝ ռոմանսների Արսենը, այս շրջանում ստեղծագործական բուռն փուլում է։ Նա արդեն երկու տեսահոլովակ է ներկայացրել, որոնցից մեկը նվիրել է սիրելի ընկերոջ՝ Հայկոյի հիշատակին։ «Հավերժ սիրո երգչի», պատերազմական իրավիճակում երաժշտության դերի եւ փոքրիկ երաժիշտներ կրթելու մասին ենք զրուցել Արսենի հետ։
Երգերը շատ են, ծրագրերը՝ մեծ
Թեեւ տեսահոլովակներ քիչ եմ նկարահանում, բայց երգերս շատ են: Այս տարի առաջինը տեսահոլովակով ներկայացրել եմ «Իրարով» երգը: Իմ ամենից ուժեղ ստեղծագործություններից մեկը՝ «Բարով մնաք, տարիները», հոլովակ դեռ չունի, բայց աուդիո տարբերակով հրապարակել եմ յութուբյան իմ ալիքում: Կնոջս հետ երգ ենք պատրաստել մեր դստեր մասին՝ «Իմ Ինես», որը շուտով կներկայացնենք։
Ունեմ նաեւ երկու նոր նախագիծ, որոնցից մեկը կոչվում է՝ «Փառք տղերքին»։ Երգն այսպիսի տողեր ունի՝ «Փառք, անվերջ փառք մեր կողքին ապրող ու հավերժի գրկում գտնվող հերոսներին»։ Այն նվիրել եմ պատերազմում զոհված մեր անմահ հերոսներին եւ այն հերոսներին, որոնք մեր կողքին են։
«Երաժշտության շնորհիվ երջանիկ եմ»
Ինձ պարզապես երջանիկ մարդ եմ համարում, որ հնարավորություն ունեմ զբաղվելու սիրելի աշխատանքով։ Չեմ պատկերացնում ինձ որեւէ այլ ոլորտում: Կինս միշտ ասում է՝ «Աստված քեզ ստեղծել է այս գործի համար»։ Եթե երաժշտական դպրոցում երեխաները քեզ սիրում են, ուրեմն՝ իրենց շատ բան ես սովորեցնում։ Իմ երգերով մարդիկ երջանկանում են, ընտանիքներ են կազմում։ Կշարունակեմ ստեղծագործելը, նոր երգեր ստեղծելը, ինչպես սկսեցի 1999 թվականին։
Արսեն Գրիգորյանը՝ կնոջ հետ
«Հավերժի սիրո երգիչը»՝ Հայկոյի հիշատակին
Սեպտեմբերի 29-ին՝ նրա մահվան տարելիցին, եղավ երգի պրեմիերան։ Այն գրվել էր տարվա սկզբին, երաժշտությունը՝ անցած տարի։ Բառերը գրելիս շատ եմ օգտվել Հայկոյի երգերից՝ «Սիրո հավերժ քաղաք», «Մի խոսքով», «Հետ նայիր ու տես», «Վերեւ»։ Իրար հետ 22 տարի նույն նավի մեջ էինք։ Շատ ցավալի էր ինձ համար իր կորուստը, Վարդուհի Վարդանյանի կորուստը. իրենք մարդիկ էին, որոնք իրենց շրջապատը լույսով էին լցնում։ Փորձել եմ այնպիսի երգ գրել, որ եթե նա լիներ, իրեն դուր գար:
«Ազատ տղաներ էինք եւ մեր շուրջը շատ կանայք էին պտտվում»
Հայկոյի հետ ունեցած պատմությունները շատ են եւ դեռ այն տարիքից, երբ ազատ տղաներ էինք ու մեր շուրջը շատ աղջիկներ էին պտտվում։ Իրար հետ ստեղծագործական շատ փուլեր ենք անցել։ Ես նրա համար հեղինակել եմ «Քեզ չեմ մոռանա» երգը. իմ միակ երգն է, որ իր համար եմ գրել։
Հայկոն շատ հետաքրքիր բնավորություն ուներ. երբ որեւէ բան շատ էր ազդում իր վրա, ջղայնանում էր, բայց չէր ուզում ընդհարում լիներ, խոսքին հետաքրքիր մոտեցումներ էր տալիս։ Մի անգամ խոսքի մեջ իրեն «արա» էին ասել, չէր կարող ուրիշ ձեւ պատասխանել, իրեն հատուկ ժպիտով ասել էր՝ «Արան դու ես, ախպերս»։ Հա՛մ զրուցակիցն էր հասկացել, որ պետք է զգաստանա, հա՛մ էլ ինքն էր թեթեւացել։
«Երգեր գրելիս սկզբում կանայք էին իմ մոտիվացիան»
Երբ ավելի երիտասարդ էի, աղջիկներն էին ստեղծագործելու իմ մոտիվացիան, որոնց հետ ունեի տարբեր պատմություններ, մերժված սերեր։ Հիմա, երբ կյանքի այլ փուլում եմ, գրելու առիթ կարող է դառնալ անգամ փողոցում իմ տեսած որեւէ երեւույթը: Ես ամեն բջջով արվեստի մարդ եմ եւ ոգեշնչման աղբյուրները տարբեր են: Սաներիցս մեկի եղբայրը զոհվել էր 44-օրյա պատերազմում: Գնացի իրենց տուն, լսեցի տղայի մասին, ոգեշնչվեցի իր սխրանքով, եկա տուն եւ երգ գրեցի:
Արսեն Գրիգորյանը
«Դու պետք է մնաս քո դիրքում»
Ամբողջ աշխարհում ամեն ինչ փոխվում է՝ մոտեցումները, գործիքավորումը։ Մեզ մոտ կա ե՛ւ լավը, ե՛ւ վատը, հիմնականում շատ նման են դարձել երգերը։ Այնպիսի բաներ են սիրվում, որ ցավում ես՝ հասարակությունը դա է լսում: Երգեր կան, որոնք հավաքել են միլիոնավոր դիտումներ, զարմանում ես՝ ո՞նց է հնարավոր դա լսել։
Իմ երաժշտության սիրահարները միշտ պահանջում են չփոխել ոճս: Օրինակ, իմ «Անվերնագիր» երգը շատ է լսվել, ամեն երկրորդն ինձ հետ կարող է այն երգել։ Շատ տարբեր արժեքներ կան, ու դու պետք է մնաս քո դիրքում։
Երաժշտությունը՝ թերապիա
Երաժշտությունը թե՛ ուրախ, թե՛ տխուր պահերին կարեւոր է։ Այն ամենազորեղ զենքերից մեկն է։ Երաժշտությամբ մարդիկ համախմբվում են, կռիվ են գնում, հավատն էլ ավելի է մեծանում, հուզվում են եւ երջանկանում։ Երաժշտությունը գերբնական ուժ է:
Արսեն Գրիգորյանը՝ սաների հետ
«Սիրում եմ դասավանդել»
4 տարի է՝ աշխատում եմ երեխաների հետ։ «Արսեն Գրիգորյան» ստուդիայի 4-ամյակն արդեն նշել ենք: Տոնական երգի վրա ենք հիմա աշխատում, ձայնագրման փուլում ենք, ուզում եմ՝ երեխաները տոն նվիրեն բոլորին։ Սաներիցս մեկը՝ Մարիան, որ իր եղբորն է կորցրել 44–օրյա պատերազմում, երգ է երգում նրա համար՝ «Աչքերս փակեմ»։ Սիրում եմ դասավանդել, շատ սերունդներ ունեմ դեռ կրթելու։
Տեքստը՝ Մերի Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արսեն Գրիգորյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: