×


«Հզոր փորձառություն է այդ ամենի միջով անցնելը»․ Ջուդիթ Հիլի համերգով մեկնարկել է «Yerevan Jazz Fest 2022»-ը

Երեւանյան ջազ փառատոնն, ինչպես ամեն տարի, այս տարի եւս հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների ու երգիչների, որոնց ելույթներին սպասում են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի երաժշտասերներ։ Նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկեց «Yerevan Jazz Fest 2022» միջազգային փառատոնը, որն արդեն 8-րդն է՝ սկսած 2015 թվականից։ Փառատոնը բացվեց Գրեմմի մրցանակի դափնեկիր, վոկալիստ, կոմպոզիտոր Ջուդիթ Հիլի մենահամերգով։

Երգչուհուն ներկայացնելիս տարբեր աղբյուրներում հաճախ շեշտվում է, որ նա որպես բեք վոկալիստ հանդես է եկել այնպիսի հայտնի արտիստների հետ, ինչպիսիք են Մայքլ Ջեքսոնը, Սթիվի Ուանդերը, Փրինցը, Ռոբբի Ուիլյամսը, Ջոշ Գրոբանը եւ այլք։ Բայց ինքը՝ Ջուդիթը, կարծում է՝ դա հաճախ հատուկ է արվում՝ տեքստերը լավ վաճառելու համար։ Ասում է՝ տպավորություն ունի, թե այդպիսով ինքը ստվերում է հայտնվում, կորում է իր անունը, իր պատմությունը․ «Թվում է՝ ես մի ուղի եմ, մի գործիք, որով մարդիկ կարող են ավելի լավ բացահայտել Մայքլ Ջեքսոնին կամ Փրինցին։ Շատ մարդկանց էլ թվում է՝ ինքս եմ ինձ այդպես ներկայացնում, կարծես ես եմ իմ գովքն անում՝ այս անուններն օգտագործելով, բայց իրականությունն այդպես չէ»,- անկեղծանում է Ջուդիթը լրագրողների հետ զրույցում։


BRAVO.am-ի հարցին, թե այդուհանդերձ որ արտիստի հետ իր համագործակցությունն է ամենատպավորիչ փորձառությունը եղել, Ջուդիթ Հիլն առանց երկար մտածելու վստահորեն նշեց՝ Փրինցի հետ ունեցած իր ժամանակն ամենաազդեցիկն է եղել․ «Իսկապես կարծես մենթորության կուրս անցա նրա հետ։ Կարողացա բեմը զգալ շատ խորքային մակարդակում, եւ այդ դասերն առ այսօր ամեն վայրկյան ինձ հետ են»։

Ջուդիթ Հիլը


Անդրադառնալով նաեւ լրագրողների հարցին, թե համերգային շրջագայությունները տարբեր երկրներում որքանով են առանձնահատուկ լինում հանդիսատեսի ընկալումների եւ արձագանքների տեսանկյունից, Ջուդիթ Հիլը նկատեց՝ շատ հզոր փորձառություն է ճամփորդելը, տարբեր մշակույթներ զգալը, քանի որ ամեն լսարան մի կերպ է ընկալում, գնահատում երաժշտությունը․ «Մոտեցումներն իսկապես տարբեր են, եւ այդ առանձնահատկություններին սեփական փորձով ծանոթանալն իսկապես մեծ հնարավորություն է։ Նկատել եմ, որ ԱՄՆ-ից դուրս լսարանը շատ ավելի խորքային ընկալում ունի արվեստի հանդեպ։ Որոշները լսում են ու փիլիսոփայական վերլուծություն անում, իսկ որոշներն էլ սիրում են պարել, իրենց մարմնով են արտահայտում ընկալումները»։

Ջուդիթ Հիլը


Ջուդիթ Հիլի երեւանյան համերգն էլ մի յուրօրինակ հուզական ճամփորդություն ստացվեց․ հնչեցին նրա տարբեր տարիների գործերը, որոնք առանձնանում էին իրենց ոճով, տրամադրությամբ ու ասելիքով․ «Հանդիսատեսն այսօր հնարավորություն կունենա միաժամանակ զգալու, տոնելու, պարելու, սգալու․․․ Ես բոլոր զգացողությունների կողմնակիցն եմ․ հզոր փորձառություն է այդ ամենի միջով անցնելը։ Սիրում եմ, երբ մարդիկ պարում են (ժպտում է,- հեղ․), բայց բոլորի զգացողությունները շատ տարբեր են, իհարկե։ Իսկապես անչափ ուրախ եմ այսօր Երեւանում հանդես գալու համար»,- ասել էր երգչուհին համերգից առաջ։ Բայց հանդիսատեսը փոքր-ինչ զուսպ էր էմոցիաներն արտահայտելու իրենց փորձերում, եւ Ջուդիթն օգնում էր իր ուղղորդումներով, նրան միանում էին ծափերով ու վանկարկումներով, իսկ մի քանի կատարում հետո նաեւ պարողներ եղան։

Մկրտիչ Մանուկյանը, Լեւոն Մալխասյանը եւ Կամո Մովսեսյանը


«Yerevan Jazz Fest 2022»-ը շարունակում է իր ընթացքը, առջեւում համերգներ են հայ եւ արտասահմանցի հայտնի այլ կատարողների մասնակցությամբ։ Իսկ դեկտեմբերի 2-ին փառատոնը կփակվի 11 Գրեմմի մրցանակի արժանացած ջազ երաժիշտ Ֆիլիպ Լասիթերի համերգով։ Այնպես որ, բաց մի թողեք երեւանյան ավանդույթ դարձած ջազային այս տոնը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հովհաննես Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին