×


ԱրարատԲանկը՝ պատերազմի մասնակից ուսանողների կողքին. «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգը հուզել է ներկաներին

Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում նոյեմբերի 16-ին հանդիսատեսին համախմբել էր «Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը, որի ողջ հասույթը փոխանցվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամին:

Կարեւոր առաքելությամբ գեղեցիկ երեկոն կազմակերպվել էր ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:


Մինչ նրբաճաշակ երաժշտությամբ համերգային հատվածի մեկնարկը «4090 Բարեգործական» հիմնադրամը ներկայացրեց իր 1,5 տարվա գործունեությունը եւ  ապրիլյան քառօրյա, 44-օրյա պատերազմների 60 շահառու ուսանողների համար իրականացվող ծրագրերը:

ԱրարատԲանկի գործադիր տնօրեն եւ վարչության նախագահ Մհեր Անանյանն ընդգծեց, որ իրենց համար շատ կարեւոր է մասնակցել նման միջոցառումներին եւ աջակցել մարդկանց, որոնք թեեւ իրենց երիտասարդ տարիքին, արդեն հասցրել են բազմաթիվ փորձություններ հաղթահարել ու մեծ ջանքեր են գործադրում հասարակության կայացած անդամներ դառնալու համար:


«Դահլիճում է ու մեծ ոգեւորությամբ մեզ է միացել մաեստրո Մանսուրյանը: Ուզում ենք, որ 18-20 տարեկան երիտասարդներն անցում կատարեն մանսուրյանական մեծ ու կարեւոր արժեքներին: Մենք արժանի ենք լավ ապագա ունենալ: Դժվար ժամանակներ ենք ապրում, ու ամենակարեւորն այս պահին մարդու, քաղաքացու եւ արժեքային համակարգի ստեղծումն է: Առանձնահատուկ շնորհակալություն «4090 Բարեգործական»  հիմնադրամին, որի հետ իրականացնում ենք մեր առաջին ծրագիրը»,- ասաց Անանյանը:

«4090 Բարեգործական» հիմնադրամի նպատակն է փոխել հայրենիքի պաշտպանների կյանքի որակն ու ապահովել Հայաստանում նրանց արժանապատիվ ապագան կրթության միջոցով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մերի Մամիկոնյանը շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին՝ այս ընթացքում իրենց կողքին լինելու համար. «Հուսով եմ՝ երկար ճանապարհ ենք միասին անցնելու»:


Հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլեւանյանն էլ ընդգծեց, որ համերգն իրենց իրականացրած ամենամասշտաբային ու սպասված միջոցառումն է:

«Մենք օգնում ենք պատերազմի մասնակից տղաներին ուսանել բուհերում, դառնալ իրենց բնագավառի բարձրակարգ մասնագետ, որդեգրել պատասխանատու եւ հոգատար ապրելակերպ: Ուսանողներից մի քանիսն իրենց առաջադիմության շնորհիվ փոխանակման ծրագրերով ժամանակավոր ուսանում են արտերկրում», - նշեց Փահլեւանյանը:


Միջոցառմանը մասնակից ուսանողներն էլ խոստովանեցին, որ հիմնադրամի շնորհիվ սկսել են երազել, հաղթահարել են իրենց բարդույթները, այդ թվում նաեւ բարձունքներ են հաղթահարել ու եղել Արագածի գագաթին, որի ամենաբարձր կետի պատվին էլ անվանվել է հիմնադրամը:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը պատմեց, որ իր համար անակնկալ է եղել նման հրաշալի երեկոյի կազմակերպումն ու մեծ ուրախությամբ է միացել, նաեւ նշեց, որ «4090 Բարեգործական» հիմնադրամը, այլ կազմակերպություններ, ինչպես, օրինակ, ԱրարատԲանկը, աստվածահաճո գործ են անում:


«Հիմնադրամի նպատակն է օգնել երիտասարդներին, որոնք մասնակցել են պատերազմին: Բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել հանդիպել մեր այն զինվորներին, որոնք «Զինվորի տանն» են ու այնտեղ խնամքի մեծ պահանջ ունեն, այստեղ էլ ուրիշ երիտասարդություն է՝ նույնքան մեզ համար թանկ, որքան նրանք: Այս տղաների մասնագիտական կայացման հիմքերն են դրվում, որոնց ապագային ու Հայաստանի հզորացմանն էլ ուղղված են այս ջանքերը: Թող դրանք իրենց պտուղները տան, ու դառնանք զորավոր, միակամ ու միասին: Խորին խոնարհում այս ջանքերը ներդրող մարդկանց առաջ: Ամենագեղեցիկն այն է, որ երկու կողմն էլ դրական լիցքեր ունի, ու երբ գեղեցիկը գեղեցիկին է միանում, մենք զորանում ենք»,- ասաց մաեստրո Մանսուրյանը:


ԱրարատԲանկի hասարակայնության հետ կապերի գծով գործադիր տնօրենի խորհրդական Աննա Ալլահվերդյանը նշեց, որ ԱրարատԲանկի կողմից իրականացված յուրաքանչյուր սոցիալական ծրագրի հիմքում ընկած է գաղափարը, առանց որի պարզապես անհնար կլիներ կյանքի կոչել որեւէ նախաձեռնություն։

«Ուրախ ենք, որ մեր համեստ մասնակցությունն ունենք այս ինքնատիպ եւ ազգանվեր նախաձեռնության իրականացման հարցում»,- ասաց նա:

Հաջորդիվ սկսվեց սպասված համերգը, բայց մինչ այդ բեմ հրավիրվեցին ծրագրի շահառու տղաները, որոնց մի քանի րոպե շարունակ ողջ դահլիճը հոտնկայս ծափահարեց, ապա բեմը տրամադրվեց սիմֆոնիկ նվագախմբին, ու տարածվեց մանսուրյանական անզուգական երաժշտությունը:


«Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգի շրջանակում հնչել են կատարումներ նրա թատերական («Անավարտ մենախոսություն», «Մի կաթիլ մեղր», «Ջոն արքա») ու ֆիլմերի («Արեւիկ», «Մեր մանկության տանգո», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Մենք ենք մեր սարերը») գործերից՝ «Հայֆիլմ»-ից կինոդրվագների ուղեկցությամբ:

Էկրանին հայտնվել են ու իրենց անկրկնելի խաղով եւս մեկ անգամ հիացրել բեմի ու կինոյի հայ մեծագույն վարպետները՝ Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Գալյա Նովենցն ու մյուսները: Նրանք Մանսուրյանի երաժշտության հետ հուզել են ու արցունքներ բերել, ժպիտ ու անմոռանալի հույզեր պարգեւել ներկաներին:

Միջոցառմանն օթյակից հետեւել է Տիգրան Մանսուրյանն ու լսել տարիներ շարունակ իր ստեղծած երաժշտությունը: Համերգի ավարտին դահլիճը մի քանի րոպե անդադար ծափահարեց Մանսուրյանին ու փոխանցեց այն սերն ու գեղեցկությունը, որը բազմիցս ստացել է նրա գործերից:

Տեքստը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին