Գնումներ անելը մեր օրերի հակաթրենդներից են փորձում դարձել. մարդիկ սկսել են վախենալ դեն նետված ու չմշակված հագուստի թվերից: Ըստ 2018 թ. տվյալների՝ վերամշակվում է հագուստի միայն 1 տոկոսը: Դրա արդյունքում է նաեւ, որ հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունները տարատեսակ էկոնախագծերով են հանդես գալիս՝ նվազեցնելու համար շրջակա միջավայրի վրա թողած բացասական ազդեցությունը:
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերն էլ սկսել են գիտակցել, որ հանրային ամեն միջոցառման համար կարիք չկա նոր զգեստ գնել, կարելի է պարզապես զգեստապահարանում գտնել ու նորովի մատուցել հինը: Այսօր ընտրել ենք այդպիսի հայտնի դեմքերից մի քանիսին:
Ջեյն Ֆոնդա
Ջեյն Ֆոնդան հայտնի է որպես շրջակա միջավայրի պաշտպանության մարտիկ, նա Վաշինգտոնում պարբերաբար ցույցերի է մասնակցում ու մի քանի անգամ նույնիսկ ձերբակալվել է:
2020 թվականին դերասանուհին խոստովանեց, որ արդեն 8 ամիս է՝ նոր հագուստ չի գնում, չի էլ պատրաստվում այլ իրեր ձեռք բերել:
«Երբ հասկացա, որ սպառումը գերազանցում է բնական ռեսուրսները, երդվեցի՝ էլ ոչ մի նոր հագուստ չեմ գնելու: Գրեթե մեկ տարի է՝ խոստումս կատարում եմ ու այդպես էլ շարունակելու եմ»,- ընդգծեց Ֆոնդան:
Դերասանուհին նշեց, որ արդեն երկար տարիներ իր քաշը չի տատանվում, ինչը թույլ է տալիս կրել զգեստապահարանի հին հագուստները: 2020 թվականի «Օսկար»-ին նա ներկայացավ իր հին երեկոյան զգեստով, որով մեկ անգամ արդեն 2014 թվականին հայտնվել էր կարմիր գորգին:
Ֆոնդան մի քանի անգամ կրել է նաեւ Saint Laurent-ի վերնազգեստը. Առաջին անգամ դրանով 2016-ին ցուցադրության է ներկա եղել, իսկ 1,5 ամիս անց Լոս Անջելեսում մասնակցել երեկոյի, որը նվիրված է եղել շրջակա միջավայրին:
Աննա Վինտուր
Ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրն իր յուրահատուկ ոճն ունի՝ բոբ սանրվածքը, պրինտերով շրջազգեստները, մուշտակն ու ակնոցը: Շատերն անգամ չեն էլ նկատում, բայց նա սիրում է հանրային միջոցառումներին կրել այն, ինչով մի քանի անգամ արդեն աշխատանքի է գնացել:
Թեեւ խմբագրին ցանկացած դիզայներ մեծ սիրով հագուստ է տրամադրում, ամսագիրն էլ հսկայական զգեստապահարան ունի, եւ նոր բան ընտրելը նրա համար դժվարություն չէ, Վինտուրը դա հատուկ նպատակով է անում: Այդ մասին վերջերս խոսել է The Econimost-ի փոդքաստի ժամանակ:
«Հագուստ գնել, որպեսզի այն մեկ անգամ կրես, այն էլ մեր ժամանակներում, երբ բոլորը խոսում են կայուն տնտեսական զարգացման մասին, էլ նորաձեւ չէ: Հիմա նպատակ ունի գնել այնպիսի զգեստներ, որոնք հետագայում կցանկանաք ձեր դուստրերին փոխանցել: Դա վկայում է հասարակության մեջ հստակ փոփոխությունների մասին, որը նորաձեւությունը, որպես հայելի, արտացոլում է»,- նշել է նա:
Հելեն Միրեն
Բրիտանացի դերասանուհի Հելեն Միրենին հաճախ անվանում են «վերամշակումների թագուհի», ինչի համար նա այդքան էլ ուրախ չէ: Ատում է այդ բառը, ինչպես եւ «հակատարիքային» ու «գեղեցիկ» բառերը: Նրա կարծիքով՝ մարդկանց գեղեցիկի ու տգեղի բաժանելը ցավոտ է, տարիքի հետ պայքարելն՝ անիմաստ, իսկ զարմանալ, որ նույն զգեստը մի քանի անգամ են կրում՝ աննորմալ:
Նա Dolce & Gabbana-ի նույն զգեստը կրել է 3 տարի շարունակ՝ 2013-2015 թթ.: Միրենի կերպարները կարող էին դառնալ ուսումնական ձեռնարկ՝ «Ինչպես հետաքրքիր կրել նույն զգեստը» վերնագրով: Միրենն այն վարպետորեն համադրել է կարդիգանների, զարդերի, վերարկուների ու ականջօղերի հետ:
Քիրա Նայթլի
Քիրա Նայթլին, չնայած իր աստղային կարգավիճակին ու հայտնիությանը, սիրում է ապրել համեստ ու աննկատ կյանքով եւ փայլել էկրաններին: Նա էլ իր զգեստապահարանի հագուստները խնամքով ընտրող ու օգտագործող աստղերից է: Կարլ Լագերֆելդի ստեղծած Chanel-ի զգեստը Նայթլին առաջին անգամ կրել է 2008 թվականին ու ներկա եղել BAFTA Awards-ի երեկույթին: Իսկ 2013 թվականին այն նորից հագել է Ջեյմս Ռայթոնի հետ իր հարսանիքին: Իսկ դրանից մի քանի ամիս անց՝ նույն տարվա դեկտեմբերին, ներկա եղել Լոնդոնում տեղի ունեցած բարեգործական միջոցառմանը:
Մեգան Մարքլ
Մեգան Մարքլն Աֆրիկա կատարած պաշտոնական այցի ընթացքում 2 անգամ կրել է իր զգեստապահարանի հին հագուստը: Նախ Քեյփթաունի District Six Museum է այցելել Veronica Beard-ի կապույտ զգեստով: Դրանից մեկ տարի առաջ նույն հագուստով, պարզապես այլ կոշիկներով, եղել էր Տոնգայում: Ապա Քեմբրիջի դքսուհին հանդիպել է ՀԱՀ-ի երիտասարդների հետ Martin Grant-ի ամառային զգեստով, որը կրել է նաեւ Ավստրալիայում:
Ավստրալիա եւ Օվկիանիա ուղեւորության զգեստների վրա ծախսվել էր 117 հազ. ֆունտ սթերլինգ՝ Մարքլը 16 օրվա ընթացքում 40 զգեստ էր փոխել: Նա խիստ քննադատության թիրախում էր հայտնվել, դրա համար էլ Աֆրիկայում ցույց տվեց, որ կարողանում է ռեսուրսներն ավելի զուսպ օգտագործել ու խնայել հագուստների հարցում:
Քեյթ Միդլթոն
Քանի որ խոսք եղավ թագավորական ընտանիքից, հիշատակենք եւս մեկին: Քեմբրիջի դքսուհին, հավանաբար, տաբլոիդների սիրելին է, որը հարսանիքներին, ընթրիքներին ու հանրային տարբեր միջոցառումներին չի խուսափում ներկայանալ միեւնույն հագուստով եւ կոշիկներով:
Դրանով Միդլթոնն իր մտահոգություն է հայտնում էկոլոգիական խնդրի վերաբերյալ: Նա փոքր տարիքում սկաուտ է եղել եւ պահպանել է բնության նկատմամբ սերն ու հոգատարությունը, մինչեւ հիմա էլ մեկնում է Ուելս ու ծովափին մյուսների հետ պլաստիկ հավաքում:
Մյուս կողմից էլ Մեծ Բրիտանիայի բնակիչներին ցույց է տալիս, որ նրանցից մեկն է: Հենց հագուստով է նաեւ Միդլթոնն արտահայտում իր դիրքորոշումը, որ թեեւ թագավորական ընտանիքից է, սակայն բնավ էլ արիստոկրատ ծագում չունի:
Քրիստեն Ստյուարտ
Մյուս դերասանուհին, որը չի հրաժարվում իր նախընտրած իրերից, Ստյուարտն է: Զարմացնում է նրա նվիրվածությունը կապույտ կեդերին:
Նա բարձրակրունկ կոշիկների սիրահար չէ ու մեկ անգամ չէ, որ կարմիր գորգին հայտնվել է մարզակոշիկներով: Բայց այս կապույտների նկատմամբ առանձնահատուկ սեր ունի, որովհետեւ անգամ մաշվածությունը չի խանգարել կրել դրանք:
Մերիլ Սթրիփ
Դերասանուհին չի սիրում ահռելի գումարներ ծախսել հագուստի վրա, նույնիսկ այսպիսի խոստովանություն է արել. «Պայուսակի համար 2000 եվրո՞ վճարել: Ավելի լավ է ատամներով բռնեմ իրերս»:
Նա էլ սիրում է հայտնվել միջոցառումներին նույն զգեստներով: Հեռավոր 1979-ին Սթրիփն առաջին անգամ էր Օսկարի առաջադրվել երկրորդ պլանի դերի համար: Այդ առիթով նա հագել էր սովորական սեւ զգեստ, որի դիզայների անունն անգամ հայտնի չէր: Նույն երեկոյան հագուստով նա հայտնվեց 30 տարի անց՝ 2009-ին: Համարում է, որ հագուստը նախ եւ առաջ պետք է որակյալ լինի, որպեսզի կարողանա դիմանալ անգամ դարեր:
Քեյթ Բլանշեթ
Հոլիվուդյան դերասանուհին ու նրա ամուսինը՝ Էնդրյու Ափթոնը, փորձում են հնարավորինս էկոլոգիական կյանք վարել: Սիդնեյում գտնվող նրանց տանը տեղադրված են արեւային մարտկոցներ եւ անձրեւաջրով տարա: Կարմիր գորգին էլ դերասանուհին փորձում է ցույց տալ ռեսուրսների խնայողության նկատմամբ իր վերաբերմունքը:
«Կուտյուրային զգեստներն էլ, սովորական շապիկներն էլ հայտնվում են աղբամանում: Այսօրվա կլիմայական պայմաններում ապրող մարդն իրեն նման բան թույլ տալու եւ մի զգեստն ընդամենը մեկ անգամ կրելու իրավունք չունի: Գեղեցիկ հագուստը պետք է լիարժեք կյանքով ապրի ու երկար ծառայի»,- համարում է նա:
Վիկտորիա Բեքհեմ
Որքան էլ շատերի համար զարմանալի թվա, բայց հաճախ իր զգեստները մի քանի անգամ կարեւոր հանրային միջոցառումների ժամանակ կրկնում է նաեւ նախկին երգչուհին ու գործող դիզայները:
Բեքհեմը 2019 թվականի GQ Man of the Year-ին կրել է սպիտակ կոստյում՝ մինիմալիստական աքսեսուարներով ու բնական դիմահարդարմամբ, 2020-ին այն նորից է հագել՝ փոփոխված դետալներով: Բեքհեմը հավատարիմ է նաեւ իր սիրելի կոշիկներին ու դրանք հարմարեցնում է տարբեր զգեստների:
Շերոն Սթոուն, Քեյթ Մոսս
Հագուստին 2-րդ ու անգամ 3-րդ շնչառություն տալու հատկություն ունի դերասանուհի Շերոն Սթոունը, նա պարզապես փոխում է սանրվածքը, մի քանի զարդ ավելացնում ու նույն հագուստն ամեն անգամ յուրովի է երեւում:
Սուպերմոդել Քեյթ Մոսն էլ հիանալի ցույց է տալիս, որ ժամանակը կարող է անցնել, սիրելի տղամարդիկ փոխվել, բայց հավանած զգեստը միշտ մնայուն արժեք է:
Նույն կերպ էլ սիրելի հագուստից չի բաժանվում նաեւ Մոնիկա Բելուչին՝ տարբեր տարիքում ու փոփոխված սանրվածքով նա անկրկնելի է իր սեւ զգեստով:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: