×


«Ամուսինս երազում էր աղջիկ ունենալ, բայց ես վստահ էի, որ տղաներ են». Էմմա Ասատրյան

Էմմանուել Հովհաննիսյանի եւ Էմմա Ասատրյանի ընտանիքը 7 տարեկան է։ Ամուսնու եւ որդու  հետ Լոս Անջելեսում գտնվող ջազ երգչուհու հետ զրուցել ենք ընտանիքի մասին, եւ ոչ միայն։

«Համատեղ տարիները շատ խիտ են անցել, մեկ-մեկ մեզ հարց ենք տալիս՝ իրոք 7 տարի է, ասես 20 լինի։ Հաճախ վիճել ենք, հաշտվել, բայց երբեք ոչ ոքի թույլ չենք տվել խառնվել մեր հարաբերություններին։ Շատ դարուփոսերի միջով ենք անցել։ Սիրուն տարիներ ենք ունեցել, հույս ունեմ՝ այդպիսիք դեռ շատ են լինելու։ Իրար հետ մեծացել ենք, իրար ենք ձուլվել ու առանձին անհատականություններից դարձել մենք»,- ասել է Էմման։


Հաճախ են հիշում իրենց կարեւոր առիթները. «Երեկոյան ժամերին, երբ երեխաները քնած են լինում, մենք էլ՝ հանգիստ նստած, այս կամ այն դրվագներն ենք մտաբերում մեր կյանքից եւ ուրախանում։ Հաճախ մեր նշանադրության օրն ենք հիշում: Այն շատ մտերմիկ միջավայրում անցավ. եկեղեցում արեցինք արարողությունը, բակում Էմմանուելի ընկերները դասական երաժշտություն էին նվագում, շատ հավես օր էր»,-պատմել է երգչուհին։

Էմմանուելը երազում է աղջիկ ունենալ. «Հաճախ են հարցնում՝ «Բա աղջիկ ե՞րբ եք ունենալու»։ Երբեք չեմ կարեւորել երեխայի սեռը, չնայած՝ երկու հղիություններիս ժամանակ էլ սիրտս վկայում էր, որ տղա եմ ունենալու։ Ամուսինս երկուսի ժամանակ էլ ասում ու երազում էր աղջիկ ունենալ, բայց ես վստահ էի, որ տղաներ են։ Եթե մի օր Աստված երրորդ բալիկ մեզ տա, զգում եմ՝ էլի տղա է լինելու»։


Խոսել ենք նաեւ ամերիկյան առօրյայից. «Ինձ համար օտար երկրում բնակվելը շատ ցավոտ թեմա է, բայց փաստը մնում է փաստ։ Շատ պատահական ստացվեց ամեն բան, ու չգիտեմ էլ՝ որքան կտեւի: Շատերի նման ձեւեր չեմ թափի ու ասեմ, որ ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ ինքներս էլ չգիտենք՝ ինչ կլինի վաղը։ Էմմանուելն այստեղ դասավանդում է, աշխատում։ Նախկինում էլ օտարերկրացի երաժիշտների հետ համագործակցելու մեծ փորձ է ունեցել։ Իմ գործը մի քիչ բարդ է, այստեղի հայերի համար դժվար թե ստեղծագործեմ, ճաշակը մի փոքր այլ է։ Հիմա դեռ երեխաների խնամքով եմ զբաղվում ու անգլերենի դասերի գնում։ Ինտեգրվելը մի փոքր դժվար է, երբ դու շատ ես սիրում քո քաղաքը: Ինչ խոսք, դեժավյուներ շատ եմ ունենում, ինձ հաճախ թվում է՝ Երեւանում եմ»։


Կարոտել է Հայաստանն ու այստեղի հետ կապված ամեն ինչ. «Մեր՝ հանգստյան օրերին քաղաքից դուրս գնալն եմ կարոտել, մեր Սեւանը, այնտեղի երկինքը։ Մեր երկրում երկինքն ու աստղերը շատ մոտ էին, այստեղ երկինքը շատ հեռու է»։

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարտա Կիրակոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին