×


Փիրս Բրոսնանի երկու սերերն ու պատասխանը կնոջն ավելորդ քաշի համար քննադատողներին

Ջեյմս Բոնդի ամենահայտնի դերակատարներից Փիրս Բրոսնանը, ինչպես գրում են ամերիկյան լրատվամիջոցները, կատարյալ տղամարդ է: Նա ոչ միայն հիանալի դերասան է ու 65 տարեկանում էլ արտակարգ տեսք ունի, նաեւ հիանալի ամուսին ու հայր է: Այսօր ներկայացնելու ենք Հոլիվուդի ամենակայուն ընտանեկան զույգերից մեկի՝ Բրոսնանի ու Քելլի Շեյ Սմիթի գեղեցիկ սիրո պատմությունը:

Առաջին ամուսնությունը

Մինչ Քելլիի հետ ծանոթանալը, Բրոսնանն ամուսնացած է եղել Կասանդրա Հարիսի հետ: Դերասանը որդեգրել է նրա երկու որդիներին, շուտով նաեւ իրենք են երեխա ունեցել: 80-ականների սկզբին Կասանդրային քաղցկեղ ախտորոշեցին, Բրոսնանը մի քանի տարի շարունակ կնոջ հետ պայքարեց նրա կյանքի համար, բայց, ցավոք, փրկել չհաջողվեց:

«Կասանդրան է ինձ համատեղ կյանքի 11 տարիների ընթացում դարձրել հենց այն տղամարդն ու դերասանը, ինչպիսին կամ: Նա դարերով կմնա իմ էության ամեն մասնիկում: Սակայն հիանալի անցյալով ապրել չի կարող ոչ մի կենդանի էակ: Դա իմ կյանքի ամենասարսափելի կորուստն էր»,- զրույցներից մեկում խոստովանել է նա:


Կնոջ մահը ծանր հարված է եղել դերասանի համար, նա ամբողջությամբ տրվել է աշխատանքին՝ փորձելով երեխաներին ցույց չտալ, թե որքան կոտրված է:

Ծանոթությունը

Բրոսնանին այդ վիճակից հանել է հենց Քելլի Շեյ Սմիթը: Նրանք ծանոթացել են 1994 թվականին՝ Մեքսիկայում: Դերասանի սիրտը սկսել է թրթռալ, երբ նրան է մոտեցել գեղեցիկ լրագրողուհին, որը պատկերացում էլ չի ունեցել, թե ինչի կհանգեցնի այդ հարցազրույցը: Նա հատուկ էր ժամանել այդ փակ միջոցառմանը, որպեսզի բացառիկ զրույց ունենա Բրոսնանի հետ:

Ականատեսները պատմում են, որ նրանց միջեւ միանգամից կայծ է առաջացել, որը չնկատելն անհնար էր: «Նա արտակարգ էր՝ բարձրահասակ, թխահեր, գեղեցիկ ու աչքերի այնպիսի փայլով, որ միայն կարող էի մտածել. «Այ քեզ բան»»,- պատմել է Քելլին:


«Որտեղ էլ մեկնեի, նրան անչափ շատ էի կարոտում: Նրան տոմսեր էի ուղարկում, որպեսզի միանա ինձ, ու նորից մասին լինենք»,- սրանք էլ Բրոսնանի խոսքերն են:

Նրանք սկսել են հաճախ խոսել հեռախոսով, քայլել գիշերային քաղաքով, ընթրել ռեստորաններում ու միասին հանգստի մեկնել: Քելլին փորձել է որոշակի հեռավորություն պահել, քանի որ դեռ պատրաստ չէր լուրջ հարաբերությունների, բայց իրենց կապը վերաճել է իսկական լուրջ սիրավեպի:


Զրույցներից մեկում Բրոսնանը խոստովանել է, որ հենց Քելլին է իրեն օգնել հաղթահարել դեպրեսիան. «Սուգը չի կարող մի քանի տարի տեւել: Անընդհատ մտածում էի Կասանդրայի մասին, իսկ Քելլին անասելի կարեկցանք ու ըմբռնում ցուցաբերեց, որի կարիքն այդքան ունեի: Նա ինձ թույլ էր տալիս սգալ այդ կորուստն ու ինձ համար բեւեռային աստղ դարձավ: Բախտս բերել է, որ Քելլիին հանդիպեցի. ինձ արդեն սկսել էր թվալ, որ էլ չեմ գտնի երկրորդ կեսիս»:

Ամուսնությունը

Մեքսիկայից վերադառնալուց հետո նա սկսել է նկարահանվել Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմում, Քելլին նույնպես կենտրոնացել է իր աշխատանքի վրա: Նա չէր էլ մտածում հավակնել Բոնդի ընկերուհու կարգավիճակին իրական կյանքում, առավել եւս՝ դառնալ տիկին Բրոսնան: Իրեն զուսպ էր պահում հարաբերություններում՝ չնայած առաջացած որոշակի մտերմությանը:


Դա չխանգարեց, որ որդի ունենա. տղային Դիլան Թոմաս անունը տվեցին, ապա 2001-ին ծնվեց Փերիս Բեկետին: Միայն երեխաների ծննդից հետո Բրոսնանն ամուսնության առաջարկություն արեց, ինչին Քելլի Շեյ Սմիթը դրական պատասխանեց: Հարսանեկան արարողությունը 2001 թվականի օգոստոսի 4-ին էր՝ Իռլանդիայի հին կաթոլիկ եկեղեցում:

Բրոսնանը Քելլիին անչափ շնորհակալ է, որ երբեք դեմ չի եղել, որպեսզի առաջին կինը միշտ ներկա լինի իրենց կյանքում:

Աննկարագրելի սերը

Ծննդաբերելուց հետո Սմիթը էականորեն քաշ է հավաքել ու չի կարողացել վերադառնալ նախկին կազմվածքին: Այդ փաստն ամբողջ աշխարհում լրատվամիջոցները սիրում են շահարկել տարբեր առիթներով: Սակայն դա երբեք էլ չէր կարող խանգարել Բրոսնանին սիրել կնոջը: Դերասանն անգամ կարճ ու հստակ գրառում է կատարել այդ առիթով ու պաշտպանել Քելլիին.

«Նայեք մեզ ու ձեզ: Ես պաշտում եմ նրա մարմնի ամեն կորությունը: Ինձ համար Քելլին աշխարհում ամենագեղեցիկ կինն է»:


Քելլիին այդ ամենը կարծես չի անհանգստացնում. նա սիրում է իր մարմինը, ծովափին կրում է բաց լողազգեստներ ու ցուցադրում կլորիկ մարմինը:

Սիրո խոսքերը

Ծանոթության եւ հարսանիքի ամեն հոբելյանի առիթով Բրոսնանն առանձին գրառում է կատարում սոցցանցերում: 2020 թվականին, օրինակ, կիսվել է սիրային նամակագրությամբ. «Իմ թանկագին հրեշտակային սիրտ Քելլի, շնորհակալ եմ, որ իմ կյանք այսքան սեր ու գեղեցկություն ես բերել: Շնորհակալ եմ, որ վերջին 26 տարիները լավագույնն ես դարձրել: Իմ սերը քո նկատմամբ միայն ավելանում է: Շնորհավոր, իմ սեւաչյա գեղեցկուհի»:

Քելլին էլ պատասխանել է. «Դու միշտ իմ միակն ես: Շնորհակալ եմ, որ ինձ սեր ես նվիրում ու քո ընկերությունը: Քեզ հետ աշխարհը հիասքանչ է»:


Զույգի որդիները մոդելներ են դարձել եւ «Ոսկե գլոբուս» կինոփառատոնի դեսպաններն են: 1963 թվականից այդ նպատակով ընտրում են հայտնի դերասանների երեխաներին: Նրանք փառատոնի մասնակիցներն ուղեկցում են բեմ: Դիլանը համագործակցել է Dolce & Gabbana-ի հետ, նկարահանվել կինոյում եւ հանդես է գալիս «Raspberry Blonde» խմբում: Փերիսն էլ աշխատել է Dolce & Gabbana ու Balmain բրենդների հետ:

Բրոսնան

Քելլին այնպիսի ուժ ունի, առանց որի չէի կարողանա ապրել, երբ նա ինձ է նայում, թուլանում եմ: Նա շատ արժանիքներ ունի, բայց ինձ ամենաշատը դուր է գալիս այն, որ ինքնուրույն է: Եթե Աստված մի արասցե բաժանվենք, առանց ինձ էլ գլուխ կհանի: Դրա համար էլ պատրաստ եմ ամեն ինչ անել, որ միշտ միասին լինենք:


Ես սիրել եմ նրա անհատականությունն ու, ինչ մեղքս թաքցնեմ, անհավանական գեղեցկությունը: Հիմա նույնիսկ Քելլին ավելի շատ եմ սիրում, որովհետեւ նա նաեւ երեխաներիս մայրն է: Հպարտանում եմ նրանով ու ձգտելու եմ ամեն ինչ անել, որպեսզի արժանի լինեմ նրա սիրուն:

Սմիթ

Փիրսը մեծ սիրտ ունի, առատաձեռն է, ջերմ ու շատ բարի: Բոլոր խնդիրները կարողանում ենք լուծել միասին, շարունակում ենք սիրել միմյանց ու աջակցել ամեն հարցում: Մենք չենք դադարում նաեւ ընկերներ լինել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին