×


Քլունի մրցանակը, Բայդենի կատակը նրա մասին ու Ջորջերով պատված Ջուլիա Ռոբերթսը

Վաշինգտոնի «Քենեդի» կենտրոնում ամենամյա գալա երեկոյի ժամանակ պարգեւատրվել են մշակույթի ներկայացուցիչները, ապա հյուրերի համար պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Սպիտակ տանը: 5 պարգեւատրվողների թվում են եղել Ջորջ Քլունին, U2-ն, Տանյա Լեոնը, Էմի Գրանտը եւ Գլեդիս Նայթը:

«Մեծանալով Կենտուկիի փոքրիկ քաղաքում՝ երբեք չէի էլ կարող պատկերացնել, որ մի օր նստելու եմ «Քենեդի» կենտրոնի պատշգամբում ու նման պարգեւ եմ ստանալու»,- խոստովանել է Ջորջ Քլունին:


61-ամյա դերասանին աջակցելու էին եկել կինը՝ Ամալ Քլունին, եւ խաղընկերուհին՝ Ջուլիա Ռոբերթսը: Վերջինիս հետ նրանք այս տարի ներկայացրել են «Տոմս դեպի դրախտ» ֆիլմը: Հատուկ այս առիթով Ռոբերթսը կրել է Moschino-ի մի քիչ հումորային զգեստ, որի վրա պատկերված են Քլունիի տարբեր տարիների լուսանկարները: Այն պատվերով արել է բրենդի ստեղծագործական տնօրեն Ջերեմի Սքոթը: Ռոբերթսին ուղեկցել է ամուսինը՝ օպերատոր Դենիել Մոդերը:

Թեեւ Քլունիին ու Ռոբերթսին տարբեր առիթներով սիրավեպ են միշտ վերագրել, բայց նրանք լավ ընկերներ են, որոնք գիտեն՝ ինչպես միմյանց աջակցել:

Ջուլիա Ռոբերթսը


«Ջուլիան միշտ հարաբերություններ է ունեցել, կամ երբ ինքն է ազատ եղել, ես միայնակ չէի: Միանգամից հավատարիմ ընկերներ դարձանք, ոչինչ ավելին»,- մի առիթով պատմել է Քլունին:

Ինչպես միշտ, անկրկնելի է եղել Ամալ Քլունին: Նա կրել է Valentino-ի 2 զգեստ՝ նախ կարմիր, ապա այն փոխել է արծաթագույնի ու փայլել բառի բուն իմաստով:

Ամալ Քլունին եւ Ջորջ Քլունին


Հյուրերի թվում են եղել Մեթ Դեյմոնը՝ կնոջ հետ, Սաշա Բարոն Քոհենը, Այլա Ֆիշերն ու այլ հայտնիներ, իսկ Սպիտակ տանը նրանց դիմավորել են նույնպես շատ տոնական ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու կինը՝ Ջիլ Բայդենը:

Նախագահը նախ գովել է բոլոր մրցանակակիրներին ու նրանց անվանել արտասովոր. «Տեսնում ենք բնավորություն ունեցող մարդկանց եւ տեսնում ենք Ամալ Քլունիի ամուսնուն»:


Կատակն առաջացրել է բոլոր ներկաների, այդ թվում՝ Քլունիի ծիծաղը: Բանն այն է, որ Ամալն էլ բավական հայտնի է ԱՄՆ-ում որպես փորձառու փաստաբան եւ հիմնականում զբաղվում է մարդու իրավունքներով:

Ապա Բայդենը գովել է օսկարակիր դերասանին՝ բարեգործական նախագծերին ակտիվ մասնակցության համար:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին