×


«Զգացմունքային շոկ ապրեցինք». Գոռի եւ Մերիի հանգիստն Իտալիայում

Մերի Ներսիսյանը եւ պրոդյուսեր Գոռ Պետրոսյանն իրենց արձակուրդն անցկացրել են Իտալիայում։ Հաղորդավարուհին ուղեւորության տպավորություններով ու լուսանկարներով կիսվել է BRAVO.am-ի հետ։

«Հարսանիքից հետո մեղրամիս վայելելու առիթ չէինք ունեցել, միասին երկրից փախչելու միտքը տեւական ժամանակ մի կողմ էինք դրել, քանի որ երեխաները փոքր էին, ու երկար բացակայել չէինք կարող: Նախորդ երկու տարիներին 3-4 օրով միասին հանգիստ կազմակերպելու փորձ արեցինք՝ երեխաներին էլ աստիճանաբար սովորեցնելով մեզնից հեռու օրեր անցկացնելու «բանաձեւը»: Այս տարի արդեն որոշել էինք, որ միասին եվրոպական որեւէ երկիր պետք է այցելենք։ Շատ սովորական մի օր որոշեցի, որ նոյեմբերին մեկնում ենք Իտալիա, զանգեցի Գոռին, ասաց՝ «Դու կազմակերպիր, ես քեզ հետ եմ»: Ինչ մեղքս թաքցնեմ՝ կազմակերպելուց շատ լավ եմ: Մի քանի օրից ամեն ինչ պատրաստ էր», - պատմել է Մերին։

Մերի Ներսիսյանը


Իրականացրել են վաղեմի երազանքը. «Իտալիան բացահայտելը մեզ համար երազանք է եղել, եւ որոշեցինք կազմակերպել «իտալական անշտապ արձակուրդ» կամ «7 օր հավերժության քաղաքում»։ Բացառեցինք խմբային էքսկուրսիաները, նախապես պլանավորած «խիստ» գրաֆիկները, անշտապ ճեմում էինք Հռոմի փողոցներում՝ բացահայտելով ամեն անկյունը: Օրական քայլում էինք ավելի քան 25.000 քայլ, մեզ զգում ոչ թե զբոսաշրջիկներ, այլ երեւակայում հավերժության քաղաքի ժամանակավոր բնակիչներ: Հասցրել ենք լինել Ֆլորենցիայում: Իրականացրել եմ երազանքներիցս մեկը՝ տեսել եմ Միքելանջելոյի Դավթի արձանը: Բառերով զգացածս նկարագրել չեմ կարող: Այս ճամփորդությունն անչափ կարեւոր էր մեզ համար. վերջին տարիներին մեզ համար դժվար էր դարձել ինչ-որ բանից լիաթոք ուրախանալը, երջանկության ընկալումը փոխվել էր, զարմանալ ու հիանալ էինք դադարել: Հռոմեական արձակուրդը մի տեսակ զգացմունքային շոկ էր, որն այնքան պետք էր հիմա»։

Մերի Ներսիսյանը եւ Գոռ Պետրոսյանը


Ուզում են շատ ճամփորդել. «Ճամփորդությունը վարակիչ է: Ես ու Գոռը հիմա արդեն պլանավորում ենք հաջորդները: Առաջ Աստված, պետք է հնարավորինս շատ շրջել աշխարհով ու կուտակել էմոցիաներ: Ճամփորդելը անփոխարինելի հաճույք է, որը լցնում է զգացմունքներիդ պարկը, հարստացնում գիտելիքներդ, ընդլայնում աշխարհայացքդ: Ես ու Գոռը բացի լավ ամուսնական զույգ լինելուց, նաեւ ճամփորդության հիանալի ընկերներ ենք՝ չենք դժգոհում ոչնչից, չենք զլանում անդադար քայլել, մեր ցանկությունները միշտ համընկնում են»։

Ծնողների բացակայության ժամանակ երեխաների խնամքով տատիկներն են զբաղվել. «Նրանց թողնելու մտքին շատ հանգիստ ենք վերաբերվել, երբեք չենք ծայրահեղացնում փոքր հարցերն ու թեմաները: Էվան տանն է մնացել տատիկի մոտ, փոքրերը մայրիկիս տանն են եղել: Բոլորն ուրախ ու երջանիկ են: Նրանց համար նվերներ ենք գնել, որոշ բաներ նախապես գնել էինք, որ այդօրերին մայրիկս մեր կողմից նրանց փոխանցեր»,- նշել է Մերին։

Մերի Ներսիսյանը


Ամփոփել ենք անցնող տարին. «Յուրաքանչյուր տարի մենք ամփոփում ենք գոհունակության զգացումով՝ շնորհակալ լինելով այն ամենի համար, ինչ ունենք: Այս տարի մեզ էլի պակասեց խաղաղությունը, եւ իմ ընտանիքի երազանքն այլեւս խաղաղության մասին չերազելն է»։

Տոնածառ դեռ չեն զարդարել. «Դեկտեմբերի 20-ից հետո նոր կզարդարենք, կկազմենք հետհաշվարկի օրացույց ու կսկսենք նախատոնական մեր սիրուն ավանդույթներն  իրագործել: Մեր ընտանիքի ամենասիրելի տոներից մեկն է»։

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ ամուսինների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին