×


Մարդկային դրամաներ եւ «ազատության գույներ». ինչով առանձնացավ Թբիլիսիի կինոփառատոնը

Դեկտեմբերի 4-ին մեկնարկեց Թբիլիսիի 23-րդ միջազգային կինոփառատոնը։ BRAVO.am-ի հատուկ թղթակից Իվան Ցուրկանը պատմում է դիտման առաջին օրերի գլխավոր իրադարձությունների եւ փառատոնի ծրագրի մասին։

Այս տարի փառատոնը բացվեց մեկ րոպե լռությամբ, եւ էկրանին հայտնված հսկայական կապույտ եւ դեղին ուկրաինական դրոշի ֆոնին հայտարարվեց գլխավոր թեման՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը։ Կազմակերպիչները որոշել էին նույնիսկ հավատարմագրման վճարներն ուղարկել ուկրաինական կինոկազմակերպությանը` ի նշան աջակցության։ Այդ արտացոլված էր նաեւ ծրագրում. փառատոնի ամենակարեւոր բաժինը կոչվում էր «Ուկրաինա. ազատության գույները» եւ միավորում ֆիլմեր՝ նվիրված հատուկ մարդկային դրամաներին, որոնք ծավալվում են Կարպատներից մինչեւ Դոնբաս։ Գլոբալ առումով՝ այն պատերազմական պայմաններում գոյատեւելու եւ ինքդ քեզ չկորցնելու մասին է։


Կարեւոր է, որ ծրագրի ֆիլմերն, ըստ էության, արտացոլում էին ուկրաինական կինոյի կարեւորագույն ձեռքբերումները միջազգային կինոփառատոններում։ Օրինակ, Քրիստինա Տինկեւիչի «Ինչպե՞ս է Կատյան» լիամետրաժ դեբյուտը օգոստոսին ներկայացվել էր Լոկառնոյում, որտեղ ստացել էր ժյուրիի հատուկ մրցանակը եւ «Լավագույն դերասանուհի» պարգեւը: Դմիտրո Սուխոլիտկա-Սոբչուկի «Պամֆիրը»՝ Ռումինիայի հետ սահմանին մաքսանենգի ծանր կյանքի մասին, ընդգրկվել է Կաննի «Ռեժիսորների երկշաբաթյակում»։ Իսկ Մարինա Էր Գորբաչի «Կլոնդայք»-ն արդեն հայտնվել է «Օսկարի» լոնգ-լիսթում։

Ռեժիսոր Ագնեշկա Հոլանդը


Բացման արարողության ժամանակ պատվավոր «Ոսկե Պրոմեթեւս»-ը ստացել էր լեհ հայտնի ռեժիսոր Ագնեշկա Հոլանդը, իսկ բացման ֆիլմ դարձավ նրա նախավերջին՝ «Միստր Ջոնս» (2019) ֆիլմը, որը երեք տարի առաջ ներկայացվել էր Բեռլինալեի ծրագրում։

Դա բրիտանացի խիզախ լրագրող Գարեթ Ջոնսի (Ջեյմս Նորթոն) պատմությունն է, ով 1933 թվականին մեկնում է Խորհրդային Միություն՝ անձամբ Ստալինի հետ հարցազրույց անցկացնելու համար: Ճիշտ է, ամեն ինչ ըստ պլանի չի ընթանում, փոխարենը նա իմանում է Ուկրաինային պատուհասած սարսափելի սովի մասին, որը հետագայում կոչվեց Գոլոդոմոր։ Ուկրաինական ԽՍՀՄ-ում Գոլոդոմորի ժամանակ մի քանի միլիոն մարդ էր զոհվել (ստույգ թվեր մինչ օրս չկան), սակայն այսօրվա իրադարձությունների եւ հացահատիկի համաշխարհային ճգնաժամի լույսի ներքո ֆիլմն ստացել է բոլորովին նոր, ակտուալ հնչեղություն։ Իսկ գլխավոր հերոսը, որին մարմնավորում է Ջեյմս Նորթոնը, խիզախությամբ վտանգելով իր կյանքը հանուն ճշմարտության, մեր ժամանակի իսկական հերոսն է դառնում՝ պայքարող կեղծ լուրերի եւ պետական լրատվամիջոցների քարոզչական ստերի դեմ։

Կադրը՝ Ագնեշկա Հոլանդի «Միստր Ջոնս» ֆիլմից


առատոնի շրջանակում կայացել է նաեւ Ագնեշկա Հոլանդի հետ առանձին հանդիպում, որտեղ նա պատմել է իր ավելի քան հիսուն տարվա կարիերայի մասին։ Միսս Հոլանդը պատմեց այն մասին, թե ինչպես իրեն՝ Պրահայի կինոդպրոցի շրջանավարտ, Անջեյ Վայդայի եւ Քշիշտոֆ Զանուսիի օգնական, ստիպեցին լքել տոտալիտար Լեհաստանը եւ մեկնել Ֆրանսիա, ինչպես 2000-ականներից նա սկսեց նկարահանել հիթային ամերիկյան հեռուստասերիալների դրվագներ, ինչպիսիք են՝ «The Wire» (2002-2008), «House of Cards» (2013-2018) եւ «Lovers» (2014-2019): Նա նաեւ պատմեց, որ այժմ նախատեսում է նկարահանել կատակերգություն եւ Կաֆկայի մասին սերիալ։ Եվ որպես քաղաքական կինոյի հեղինակ՝ նա չէր կարող չհայտնել իր վերաբերմունքը այն ամենին, ինչ հիմա կատարվում է Ռուսաստանում եւ Ուկրաինայում։

Փառատոնի ուշադրության կենտրոնում երկրորդ օտարերկրյա երկիրը Ռումինիան էր, որի կինոն, որը 2000-ականների կեսերից հայտնի էր որպես «Ռումինական նոր ալիք», ներկայացված էր 8 ֆիլմից բաղկացած հատուկ ծրագրով։ Այստեղ ամբողջությամբ ներկայացված էին ռումինական կինոն հայտնի դարձրած ամենակարեւոր եւ սիրելի թեմաները՝ բռնապետ Չաուշեսկուի բռնապետական ռեժիմի բացահայտումը եւ կրոնը, կրիմինալն ու սոցիալական խնդիրները։ Սակայն ռումինական կինոն չի սահմանափակվում դրանցով, եւ ծրագիրը խոստանում էր ցուցադրել 21-րդ դարասկզբի եվրոպական ամենաինքնատիպ եւ հզոր կինեմատոգրաֆի նոր, անսպասելի կողմերը:


Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ ստեղծված «Արտադրված է Գերմանիայում» ծրագրի կարեւորագույն իրադարձությունը դարձավ ավստրիական ռեժիսորների դպրոցի դասական եւ նախկին վավերագրական կինոռեժիսոր Ուլրիխ Զայդլի երկու նոր ֆիլմերի՝ «Ռիմինի» եւ «Սպարտա» ցուցադրությունը։ Ինքը՝ Զայդլը, նույնպես ժամանել էր Թբիլիսի։ Բացի այդ, մեծ էկրանին ցուցադրվեց նաեւ Netflix-ի տարվա գլխավոր հակապատերազմական ֆիլմը՝ «Արեւմտյան ճակատում նորություն չկա»: Առաջին համաշխարհային պատերազմի սարսափների մասին Էրիխ Մարիա Ռեմարկի գլխավոր գրքերից մեկի այս մեծածավալ էկրանիզացիան հատկապես կարեւոր է, քանի որ կինոյի պատմության մեջ առաջին անգամ այն նկարահանվել է գերմաներենով եւ գերմանացի դերասանների մասնակցությամբ։

Փառատոնի հայլայթների թվում, «Եվրոպական ֆորում» եւ «Հորիզոններ» ծրագրերում ներառվել էին նաեւ աղմկալի պրեմիերաներ Կաննից, Վենետիկից եւ Բեռլինից: Այդ թվում՝ այս տարվա «Ոսկե արմավենու» դափնեկիր «Վշտի եռանկյունին»՝ շվեդ Ռուբեն Էսթլունդի կապիտալիզմի եւ սպառողական հասարակության մասին խոցող, ծաղրող երգիծանքը: Առանձնահատուկ հիշատակման է արժանի «Ավրորայի արշալույսի» ցուցադրությունը «Օսկարի հետապնդում» ծրագրում, որը միավորել է մոլորակի գլխավոր կինոմրցանակի ազգային թեկնածուներին Շվեդիայից եւ Ֆրանսիայից, Բոլիվիայից եւ Կոլումբիայից, Ճապոնիայից եւ Բրազիլիայից, Բելգիայից, Իսպանիայից եւ Ուկրաինայից: Ցեղասպանությունից հետո ողջ մնացած 14-ամյա Ավրորա Մարդիգանյանի զարմանալի ճակատագրի մասին Իննա Սահակյանի հուզիչ անիմադոկը Ֆրանսիայի Անսի քաղաքում գլխավոր հեղինակային անիմացիոն դիտումներին իր աղմկալից պրեմիերայից ի վեր հաղթականորեն նվաճում է աշխարհի փառատոնները։



Եվ դա թբիլիսյան փառատոնի Հայաստանի հետ միակ կապը չէ. չի կարելի չասել, որ այս տարվա ծրագիրը իսկապես շատ հատումներ ուներ երեւանյան «Ոսկե ծիրանի» ամառային ծրագրի հետ՝ Ալբերտո Սերայի «Pacifiction»-ից մինչեւ վրացական փառատոնի ֆավորիտ ռեժիսոր Սոսո Բլիաձեի «Room of my Own»-ը։ Վավերագրական ցուցադրություններից էր նախկին լուսանկարիչ Գարեգին Պապոյանի «Բոն Վոյաժ»-ի վառ դեբյուտն արդեն երկար տարիներ առանց ուղեւորների գործող Արցախի Ստեփանակերտի օդանավակայանի տարօրինակ առօրյայի մասին։



Այս տարի, «Ոսկե ծիրանի» հետքով, թբիլիսյան միջազգային կինոփառատոնը նույնպես նշում էր մեծն Պիեռ Պաոլո Պազոլինիի հարյուրամյակը։ Բացի «Էդիպ թագավոր» (1967թ.) եւ «Մեդեա» (1969թ.) իր ֆիլմագրության հունական առասպելների չափանմուշ էկրանիզացիաներից եւ կենտրոնական ֆիլմերից, փառատոնին կարելի էր դիտել նաեւ նրա «Զայրույթ» (1963/2008) վաղ ֆիլմի Ջուզեպե Բերտոլուչիի կողմից վերականգնված տարբերակը:

Փառատոնի դափնեկիրերի եւ ծրագրի լավագույն ֆիլմերի, վրացական կինոյի եւ Ուլրիխ Զայդլի մասին կպատմենք առաջիկայում:

Իվան Ցուրկան
Լուսանկարները՝ Նիկոլայ Կոմանկինի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW