×


«Քանի ունեմ հնարավորություն, ուզում եմ նրա հետ վայելել ամեն մի պահը». Քրիստինե Պեպելյան

Քրիստինե Պեպելյանը տարեմուտը կդիմավորի ընտանիքի հետ: Գլենդելում բնակվող երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում ամփոփել է անցնող տարին՝ խոսելով նաեւ առաջիկա ծրագրերի մասին։

«Արեգի ծնվելուց հետո իմ բոլոր տոները նրա կողքին են անցնում: Քանի ունեմ հնարավորություն, ուզում եմ նրա հետ վայելել ամեն մի պահը։ Երբ մեծանա, նոր կմտածեմ տոնական օրերին կրկին աշխատելու մասին»,- ասել է Քրիստինեն։

Վերջին տարիներից գոհ չէ. «Ոչ միայն ինձ, այլ նաեւ շատերի համար է այդպես: Անհետաքրքիր ու ոչ մի բանով աչքի չընկնող տարի էր։ Զգալի ոչ մի ձեռքբերում եւ բացթողում չեմ ունեցել»,- նշել է նա։

Քրիստինե Պեպելյանը


Մտաբերել է հիշարժան Նոր տարին. «Թումանյան փողոցում գտնվող մեր տան Նոր տարիներն եմ հիշում. երեխա էի, սիրուն տոնածառ ունեինք` ապակյա խաղալիքներով զարդարված։ Մի տարի որոշեցի հյուրասենայկում քնել, ուզում էի տոնածառին ու իմ երազանքներին ավելի մոտ լինել։ Հիշում եմ՝ գիշերը տոնածառն ապակյա խաղալիքներով ընկավ վրաս. երեւի զարդարելիս մի բան սխալ էի արել (ծիծաղում է,-հեղ.)»։

Խոսել ենք երազանքների մասին. «Կլինի Ամանորի գիշեր, թե մարտի 8-ի ցերեկ, կարծում եմ՝ տարիքի հետ մարդկանց երազանքները նպատակների են վերածվում. իմ երազանքներն էլ արդեն վաղուց նպատակներ են։ Ամենամեծ ցանկություններս կապված են մեր երկրի, երեխաների հետ։ Ուզում եմ խաղաղ հայրենիք, առողջ երեխաներ, ամուր սահմաններ. այս ամենը կենսական անհրաժեշտություն են, ու առանց սրանց չենք կարող գոյատեւել։ Ուզում եմ այն, ինչ ուզում է ամեն նորմալ մարդ»։


Ձմեռ պապից հանգստյան օրեր է ուզում. «Ոչ միայն ուզում եմ, այլ նաեւ պահանջում (ծիծաղում է,-հեղ.): Շատ-շատ եմ աշխատում ու իսկապես ունեմ մի փոքր հանգստանալու կարիք»։

2023-ին մենահամերգ է նախատեսում. «Շատերը գիտեն, որ մեկ տարուց ավելի է՝ Գլենդելում վոկալի ստուդիա ունեմ, որտեղ հայ երեխաներին երգել եմ սովորեցնում։ Նախատեսում ենք մյուս տարի նրանց հետ համերգներ ունենալ։ Ինքս էլ գարնանը պատրաստվում եմ մենահամերգով հանդես գալ, նոր երգեր կան, որոնք 2023-ին կյանքի կկոչվեն։ Մի խոսքով՝ բուռն աշխատանքային տարի է սպասվում»։

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Քրիստինե Պեպելյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW