×


Ֆրանսիացի 200 մտավորականներ Արցախին սատարելու կոչով են հանդես եկել

Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին ավելի քան 200 ֆրանսիացի մտավորականներ, գրողներ ու արվեստի գործիչներ ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ՝ ի համերաշխություն Արցախի հայության:

Նրանք ուշադրություն են հրավիրել արտաքին աշխարհի հետ Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը եւ Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու վտանգի առկայությանը։ Հոդվածը հասանելի է հետեւյալ հղումով: Հայերեն տարբերակը հրապարակել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:

Նշված մտավորականների թվում են հայտնի դերասաններ Ժան Ռենոն, Պիեռ Ռիշարը, Կարոլ Բուկեն, Վիրժինի Լըդուայենը, աշխարհահռչակ կինոռեժիսորներ Կոստա-Գավրասը եւ Կլոդ Լըլուշը, հանրահայտ գրողներ Սիլվեն Տեսոնը, Ալեքսանդր Ժարդենը, Ժիլբեր Սինուեն, Մարկ Դյուգենը, ականավոր փիլիսոփաներ Պասկալ Բրյուքներն ու Միշել Օնֆրեն, հանրահայտ հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը, հեռուստամեկնաբան Պասկալ Լեժիտիմուսը, Ֆրանսիայի ակադեմիայի մի շարք անդամներ ու հայտնի այլ դեմքեր:


Նրանց համատեղ կոչն այսպիսի բովանդակություն ունի.

«Սուրբ Ծննդյան այս օրերին ֆրանսիացի 200 հանրահայտ մտավորականներն ու արվեստի գործիչները համախմբվում են սատարելու Արցախի 120 հազար հայերի, որոնց Ադրբեջանի կողմից էթնիկ զտում է սպառնում:

Այս երեկո մեզնից շատերը միանալու են իրենց ընտանիքներին ու հարազատներին, որպեսզի միասին հրճվանքով տոնեն Ընտանիքի խորհուրդը՝ անկախ կրոնական մեր պատկանելությունից: Երբ մեզնից շատերը մի պահ կմտածեն բոլոր նրանց մասին աշխարհում, ովքեր միայնակ են կամ տառապանքի մեջ, հիշենք Արցախի հայերին, որոնց արդեն 2 շաբաթ է, ինչ Ադրբեջանը կտրել է աշխարհից:

Այն պահին, երբ մեր երեխաները կբացեն իրենց նվերները, Արցախի 30 հազար երեխաների ծնողները մի բան կերազեն միայն, որ բարձր այս լեռներում, որտեղ սրանից երկու հազար տարի առաջ ծնվել են նրանց նախնիները, իրենց երեխաներն ապրեն, ապագա ունենան ու դանդաղ շնչահեղձ չլինեն:

2020 թ. այնքան կյանքեր կոտրած պատերազմից, ֆոսֆորային ռումբերից, խոշտանգումներից հետո ադրբեջանական բռնակալությունն այս անգամ նոր այլանդակ կտտանք է հնարել՝ փակել Լաչինի միջանցքը, որը Արցախի հայերի միակ ելքն է դեպի արտաքին աշխարհ: Ընտանիքներ են բաժանված, առաջին անհրաժեշտության ապրանքների պակասն ավելանում է օրեցօր, անհնար է դարձել բժշկական անհրաժեշտ շտապօգնությունը, ինչի պատճառով մեկ անձ արդեն մահացել է, եւ շատ հիվանդների՝ այդ թվում նաեւ երեխաների կյանքը վտանգված է:

Մենք հիանում ենք արժանապատվությամբ լի այս մարդկանց խիզախությամբ, որոնք փոխանակ խուճապին տրվելու, կազմակերպվում են եւ դիմադրում: Նրանք դիմադրում են ու կդիմադրեն մինչեւ վերջ: Սակայն նրանք մեզ են ապավինում, մենք չենք կարող խուլ մնալ այդ կանչին:

2022 թվականի Սուրբ Ծննդյան այս տոնը տարակուսելի է: Մենք տոնում ենք աղքատության՝ ծղոտե շապիկ հագած մի թագավորի ծնունդը, որն աշխարհ եկավ՝ մարդկությանն իր լույսի ջերմությունը բերելու համար: Եվ հենց այս օրն է, որ դիտմամբ ընտրել է նավթի ու տնտեսական աճի բռնակալը՝ ընկղմելու համար ողջ մի բնակչություն խավարի ու ցրտի մեջ:

Ի՞նչ ապագա կթողնենք մենք մեր երեխաներին, եթե արդարացնենք բռնակալությունը եւ բարբարոսությունը մեր ամենահին քաղաքակրթություններից մեկի հանդեպ, մեզ հետ դարերով կապված մեր եղբայր ժողովուրդներից մեկի, կամուրջ հանդիսացող մի ժողովրդի դեմ, որն անհիշելի ժամանակներից նպաստում է տարբեր մշակույթների միջեւ երկխոսությանը:

Ի՞նչ կմտածեն մեր երեխաները, ի՞նչ արժեքների վրա նրանք կկայանան իբրեւ մարդ, եթե մենք թույլ տանք, որ անասելին կրկնվի: Այո կրկնվի: Անտարբերությունն ու պլատոնական բողոքները թույլ են տալիս այսօրվա ագրեսորներին իրենց անամոթաբար համարել 1915 թ-ի դահիճների հետնորդն ու ժառանգը եւ նույն գործելաոճը որդեգրել՝ ոչնչացնելու մի ժողովուրդ, ում նրանք ատում են, որովհետեւ այդ ժողովուրդը մեզ է նման:

Արդյոք ուրեմն մեր ցանկությունը, որ երբեք 20-րդ դարի ատելի սարսափները չկրկնվեն մեր դարում, սոսկ միայն ցանկություն էր: Արդյոք ուրեմն այս աշխարհում էլի հաղթում են չարերը, քանի որ նրանք իրենց հարեւաններին վաճառելիք եւ մատակարարելիք բարիքներ ունեն:

Հայոց ոգին ապրում է ռոմանական արվեստի մեր գլուխգործոցներում, մինչեւ Արեւելքի սահմաններ ճառագող մեր մշակույթում, Լուսավորության դարաշրջանի մեր փիլիսոփաների մտքում, ռոմանտիկ պոեզիայում, արդարության համար մղած մեր պայքարներում, ակորդեոնի մեր մեղեդիներում եւ կակաչների փնջերում, որ միգուցե այս երեկո մենք կնվիրենք մեկին:

Հիշենք, վերջապես, որ եթե մենք գիտենք, թե ինչ բան է Սուրբ Ծնունդը, ապա դա նաեւ շնորհիվ հայերի է, որ 5-րդ դարում մեզ ուխտագնացներ են ուղարկել, համեմունքով հաց, որ ամենայն հավանականությամբ մեր տոնական սեղանին կլինի, ու Մանուկ Քրիստոսին տեսության եկած թագավորների անունը:

Հիշենք ու, ամենակարևորը, համախմբվենք: Մեր համատեղ խղճով, մեր միավորված ձայներով, բոլոր եղանակներով, որ հասանելի են յուրաքանչյուրիս, պայքարենք ընդդեմ ողբերգության, որն արդեն ընթացքում է: Մենք կարող ենք փրկել Արցախի 120 հազար հայերին»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին