×


«Իմ երազանքներն իրականանում են». Անի Լուպե

Անի Լուպեն BRAVO.am-ին պատմել է, որ ինչպես վերջին տարիներին, այս անգամ էլ Նոր տարին կդիմավորի ժամանցի վայրերից մեկում, որտեղ երգում է: Կամերային թատրոնի դերասանուհին մեզ է տրամադրել նաեւ նոր ֆոտոշարքը:

«Շատ մարդիկ են լինում, միասին ուրախ, հաճելի ու ջերմ ժամանակ ենք անցկացնում։ Պատահում է՝ ուղիղ կեսգիշերին տանն եմ լինում, հետո վազում աշխատանքի։ Նոր տարին ընտանեկան տոն է, ու շատ եմ ուզում ընտանիքիս հետ անցկացնել։ Ավանդական հայկական նոր տարիներն էլ ինձ շատ հարազատ են, առհասարկ սիրում եմ մեր սովորույթները»,- պատմել է Անին։

Անի Լուպեն


Հավատում է, որ տարեմուտի գիշերը մտապահած երազանքն իրականանում է. «Իմը միշտ իրականացել է։ Հիշում եմ՝ դեռահասության տարիքում թղթի վրա երազանքներ էինք գրում, այրում էինք, մոխիրը լցնում շամպայնի մեջ ու խմում (ծիծաղում է,-հեղ.)։ Ամեն տարի Ձմեռ պապը պարտադիր սիրուն նվերներ էր բերում, չնայած՝ մինչ օրս էլ բերում է։ Նվերներ ստանալը տոների ամենասիրելի պահն է ինձ համար»։

Տոնածառ չի սիրում. «Ինձ համար ծառը գեղեցիկ է, երբ դրսում է՝ մայր հողի մեջ, իսկ խաղալիքներով ու փայլերով ծանրաբեռնված տոնածառներն իմը չեն։ Եղբորս երեխաները փոքր են, նրանց ուրախացնելու համար անպայման զարդարում ենք մեր տոնածառը»։

Խոստովանում է՝ իր երազանքներն իրականանալու հատկություն ունեն. «Միշտ եմ հավատացել հրաշքներին։ Հավատում եմ, այդ պատճառով են կատարվում: Այս պահին շատ հոգնած եմ ու երազում եմ մեկ ամիս ծովափում անցկացնել։ Բայց եթե անկեղծ՝ իմ երազանքներն ավելի խոր են, որոնց մասին չեմ ուզում այս պահին բարձրաձայնել, անձնական են։ Ամենն իմ ձեռքերում է, ես չեմ նստում ու միայն երազում, շատ եմ աշխատում ու ամեն բան անում եմ, որ ցանկություններս իրականանան»։

Անի Լուպեն


2023-ից մեծ ակնկալիքներ ունի. «Անցնող տարին էլ ինձ համար շատ լավն էր: Ամփոփում եմ տարվա ընթացքում արածս գործերը, բայց չեմ առանձնացնում թվականները. ինձ համար տարիները սահմաններ չունեն։ Լավատես եմ, դրական էներգիան էլ միշտ հետ է գալիս։ 2023-ից դրական սպասելիքներ ունեմ»։

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անի Լուպեն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին