Այս տարվա օգոստոսի 15-ին լրացել է բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի 100-ամյակը: Արդեն ամիսներ շարունակ այդ կարեւոր տարեդարձի առիթով տարբեր միջոցառումներ են տեղի ունենում եւ հերթականը կազմակերպվել էր Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:
Երեկոյի ընթացքում բանաստեղծի «Ռեքվիեմ» պոեմից մի հատված է ասմունքել ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը, իսկ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը պատմել է ինքնակենսագրական «Անխորագիր» վիպակից հատվածներ ու արտասանել սիրային եւ հայրենասիրական պոեզիայից: Գրականագետ եւ գրաքննադատ Էմմա Գրիգորյանն էլ ներկայացրել է Դավթյանի գործունեության բնութագիրը՝ ինչից է սկսվել նրա ստեղծագործական ուղին, ուղերձը ժողովրդին, մեծությունն ու տեղը հայ գրականության մեջ:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը
Կինոռեժիսոր Արամ Սուքիասյանը բանաստեղծի 100-ամյակին նվիրված տեսահոլովակ է ցուցադրել, որում Դավթյանը պատմել է իր մասին, հնչել են նաեւ Ռաֆայել Քոթանջյանի ու Սուրեն Քոչարյանի ընթերցմամբ հատվածներ նրա ստեղծագործություններից:
Սիլվա Յուզբաշյանը եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը
«Անկրկնելի ու անզուգական կատարմամբ հանդես է եկել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: Նրանք երգել են Կոմիտասի աշխատանքներից, Ռաֆայել Երկանյանի 4 խմբերգերը Վահագն Դավթյանի խոսքերով եւ Արմինե Կարապետյանի ստեղծագործություններից: Ելույթն ընդմիջվում էր երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի խոսքով: Նա նշեց, որ Վահագն Դավթյանն այն պոետն է, որի 100-ամյակը մեծ շուքով ու պետական աջակցմամբ պետք է նշվեր, ինչը չարվեց եւ շատ ցավալի է, որովհետեւ մեր հասարակությանը հիմա, առավել քան երբեւէ, պետք են նրա հայրենասիրական գործերն ու պատգամները, որոնք հղել է իր պոեզիայի միջոցով»,- Bravo.am-ին պատմել է Դավթյանի թոռնուհին՝ Գոհար Գեւորգյանը:
Հեքիմյանը ցանկացել է ըստ արժանվույն մեծարել անվանի գրողին ու իր պարտքն է համարել Դավթյանի հոբելյանական տարում նրա հիշատակը հարգել:
Վահագն Դավթյանի թոռնուհին՝ Գոհար Գեւորգյանը
«Երեկոն շատ հուզիչ ու ջերմ է եղել, եւ 2 ժամն աննկատ են անցել: Մանավանդ Սիլվա Յուզբաշյանի կատարմամբ մայրական քնարերգությունից հատվածներ լսելուց հետո շատերն էին հուզվել: Ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված»,- ավելացրել է Գեւորգյանը:
Երեկոյին ներկա են եղել բանաստեղծի դուստրերն ու մյուս թոռները, մտերիմները եւ հարազատները:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: