×


Մանան Գարուկյանի գեղանկարչական ափսեներն ու 15-ամյա լարային կվինտետը՝ մեկ հարթակում

Հինգ տարում 300 ափսե եւ չորս անհատական ցուցահանդես մեծ ու փոքր տարբեր սրահներում, թանգարաններում․ ջութակահար, նկարիչ Մանան Գարուկյանը, որ տարիներ առաջ իր մեջ բացահայտեց նկարելու կարողությունը եւ հեղինակ դարձավ «Մանանա» գեղանկարչական ափսեների, օրերս որոշել էր այս նախագծի նոր ցուցահանդեսը համատեղել իր հիմնադրած «Նոր կվինտետ» լարային կվինտետի 15-ամյակին նվիրված համերգի հետ։ BRAVO.am-ը ներկա է եղել «Հայկական էսքիզներ» խորագրով անհատական ցուցահանդես-համերգին, լուսանկարել է միջոցառման ընթացքը, ինչպես նաեւ զրուցել Մանան Գարուկյանի հետ, որը պատմել է, թե ինչպես մի օր որոշեց ձեռքը վերցնել վրձինն ու նկարել ափսեների վրա։

«Իմ հայրը՝ գեղանկարիչ Հենրի Գարուկյանը, կյանքի վերջին շրջանում հիվանդության պատճառով չէր կարողանում ոտքի վրա երկար կանգնել, այդ պատճառով սեղանի մոտ նստած աշխատում էր ափսեների վրա՝ դրանք սիրուն կերտելով ակրիլային ներկերով: Նրա մահից հետո լիքը ներկեր մնացին ու դատարկ ափսեներ։ Ես մի օր մոտեցա դրանց, սկսեցի մի ափսեի վրա նկարել, որը հետագայում անվանեցի «Հայացք վերեւից»։ Պատկերել էի հայրիկին ու մայրիկին՝ որպես երկու թռչուն։ Այդ ափսեի նկարը տեղադրեցի ֆեյսբուքյան իմ էջում՝ նվիրելով հայրիկի հիշատակին, եւ ի զարմանս ինձ՝ այնպիսի՜ արձագանք ստացավ։ Ասում էին՝ «Այս ի՜նչ հրաշք է, դու նկարիր, շատ լավ է ստացվում»։ Ու այդպես սկսեցի մյուս ափսեների վրա էլ նկարել։ Նվագում էի ու նկարում, զգում էի՝ ինչպես եմ բուժվում, ինչպես է ցավը միջիցս դուրս գալիս։ Դա ինձ համար իսկական թերապիա եղավ»,- հիշում է Մանան Գարուկյանը։


Հետագայում նրա այս ափսեներով սկսեցին գնորդները հետաքրքրվել։ Պատմում է, որ ԱՄՆ-ից մի կին կոլեկցիոներ է իրեն գտել եւ որոշել հինգ ափսե գնել՝ հատը 200 դոլարով։ Հետո սկսվել է համավարակի շրջանը, երբ փակ էին բոլոր սահմանները, եւ նոր ափսեներ չի կարողացել վաճառել արտերկրում։ Սակայն ասում է՝ այդ կնոջ հետ կապը մինչեւ օրս կա, խոստացել է մի ամբողջ պատ լցնել այդ ափսեներով. «Ինձ ասել է, որ ցանկանում է նոր ափսեներ գնել եւ Լոս Անջելեսի իր առանձնատանը ցուցահանդես կազմակերպել՝ հրավիրելով գործընկերներին ու արվեստասերների։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հրաշալի կլինի»։


Լոֆթ-Երեւանում կայացած «Հայկական էսքիզներ» խորագրով համերգին էլ Մանան Գարուկյանը 22 ափսե էր ներկայացրել՝ հին ու նոր աշխատանքներով։ Իր այս ցուցահանդեսը նա համադրել էր «Նոր կվինտետ» լարային հնգյակի համերգով, որի ծրագրում նույնպես միայն հայկական գործեր էին։ Հիշում է, թե ինչպես 15 տարի առաջ հիմնադրվեց իրենց այս նվագախումբը, որը տարբեր բեմերից ներկայացրել է հայ եւ արտասահմանցի կոմպոզիտորների բազմաժանր ստեղծագործություններ։ Կվինտետի ծրագրերում պարբերաբար տեղ են գտել նաեւ Ստեփան Շաքարյանի, Լիլիթ Պիպոյանի, Ռոբերտ Ամիրխանյանի եւ հայ ժամանակակից այլ կոմպոզիտորների եւ երգահանների ստեղծագործությունները։


Խոսելով առաջիկա ծրագրերից՝ Մանան Գարուկյանը նշեց, որ եկող տարում պատրաստվում են կյանքի կոչել «Վարդ» նախագիծը, որը սկզբում ներկայացվելու է տեսահոլովակի տեսքով, ապա՝ ցուցահանդես-համերգի:


Մանան Գարուկյանը նաեւ նպատակ ունի շուտով իր PR-ընկերությունը հիմնադրել, որը կզբաղվի մշակութային միջոցառումների, արվեստի տարբեր ճյուղերի ու հեղինակների հանրահռչակմամբ։ Այժմ իր այս գաղափարի իրագործման համար աջակիցներ ու գործընկերներ է փնտրում։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին