×


50 Cent-ն ու Էմինեմը կնկարահանեն «8-րդ մղոն» ֆիլմի սերիալային տարբերակը

Ռեփեր 50 Cent-ը պատրաստվում է Էմինեմի «8-րդ մղոն» ֆիլմը վերափոխել հեռուստասերիալի եւ այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում: Ինչպես հայտնում է IndieWire-ը, այդ գործում նրան օգնելու է անձամբ Էմինեմը, որի հետ ընկերներ են 2000-ականներից:

50 Cent-ը չի հստակեցրել, թե Էմինեմն ինչով է զբաղվելու, սակայն նշել է, որ վերջինս նախագծին հավանություն է տվել: Իր պլանների մասին ռեփերը պատմել է Big Boy TV-ին: Նա խոստացել է, որ նոր նախագիծն աննախադեպ է լինելու:



50 Cent-ը նշել է, որ սերիալում կերպարներն ավելի խոր են ներկայացված լինելու: Համոզված է, որ սերիալն ավելի է ամրապնդելու Էմինեմի ժառանգությունը:

Վերջին տարիներին 50 Cent-ը լրջորեն հետաքրքրվել է համաշխարհային կինոյով, ֆինանսավորել է «Իշխանությունը գիշերային քաղաքում» սերիալն ու խաղացել Քեն Սթարքի դերը: Իսկ 2021-ին ռեփերը թողարկել է Սնուփ Դոգի մասնակցությամբ «Սեւ մաֆիայի ընտանիքը» սերիալը, որի նկարահանումներին նաեւ Էմինեմն է մասնակցել: Հունվարի 6-ին հեռարձակվել է 2-րդ եթերաշրջանը, ըստ լուրերի՝ սերիալը շարունակություն էլ է ունենալու:


«8-րդ մղոն» ֆիլմը ներկայացվել է 2002 թվականին ու համաշխարհային կինովարձույթում հավաքել է 242,8 մլն դոլար: Ֆիլմի բյուջեն կազմել է 41 մլն դոլար: «Ճագար» մականունով երիտասարդ ռեփերի դերում հանդես է եկել Էմինեմը, որն Օսկար է ստացել ֆիլմում հնչող «Loose Yourself» երգի համար:



Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին