×


Օպերան՝ ներսից. ամենամեծ ջահը, նկուղում հայտնաբերված դահլիճը, գործիքների պակասն ու վթարային շենքը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքն ամենաճանաչելիներից ու գեղեցիկներից մեկն է Հայաստանում:

Այսօր թատրոնին անդրադառնալու ենք ներսից ու BRAVO.am-ի համար բացահայտելու ենք կառույցի գեղեցիկ ու յուրահատուկ վայրերը, ինչպես նաեւ խոսելու բազմաթիվ խնդիրներից: Դրանում մեզ կօգնեն թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանն ու վաստակավոր նկարիչ, դեկորատիվ բաժնի ղեկավար Ավետիս Բարսեղյանը:

Պատահական աշխատանքը

Օպերայի ծառայողական մուտքի բազմաթիվ աստիճաններով բարձրանում ենք միանգամից դեկորների պատրաստման արտադրամաս, որտեղ էլ մեզ դիմավորում է տոնածառը: Պարզվում է՝ շենքի ներսում դեկորներ պահելու շատ քիչ տեղեր ունեն, ու տոնածառներից մեկը հայտնվել է նոր պատրաստվող իրերի, ներկերի ու այլ նյութերի հարեւանությամբ:



Արտադրամասն արդեն երկար տարիներ է՝ գլխավորում է վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանը: Նա առաջին անգամ ուսանողական տարիներին ընկերոջ հրավերով է հայտնվել թատրոնում ու տեսել, թե Մինաս Ավետիսյանն ինչպես է աշխատում «Գայանե» ներկայացման համար:

«4-րդ կուրսում Վարդան Թովմասյանը, որը հետագայում հայտնի քանդակագործ ու նկարիչ դարձավ, պատմեց, որ Մինասը ներկայացում է պատրաստում, առաջարկեց միանալ իրեն ու անձամբ հետեւել նրան: Օպերայի պատշգամբից հիացած նայում էի՝ հատակին թերթեր էր փռել, դույլերով ներկերը շփում էր թղթերի վրա ու իր ուզածը ստանում, շատ տպավորիչ էր: Այդ ժամանակ չէի էլ կարող պատկերացնել, որ մի օր ինքս եմ այստեղ աշխատելու ու նման բաներով զբաղվելու»:

Ավետիս Բարսեղյանը


Թատրոնում Բարսեղյանը նորից հայտնվել է 80-ականներին: Կիրովի գործարանում աշխատելուց հետո դադար էր վերցրել, որպեսզի ստեղծագործի, երբ կոմունիստական կուսակցությունից զանգել են ու հետաքրքրվել իրենով:

«Ասացին՝ չեմ աշխատում, մինչդեռ կոմունիստ եմ ու պետք է անդամավճար մուծեմ: Իմ շատ լավ ընկերներն այստեղ էին աշխատում ու օգնեցին, որ ֆիկտիվ գրանցվեմ: Մի քանի ամիս անց հրավիրեցին ժողովի. դեկորատիվ ցեխի աշխատողները ձախողել էին «Դավիթ Բեկ» օպերային ներկայացումը՝ ղեկավարների ներկայությամբ բոլոր դեկորները թափվել էին: Որոշեցին բոլորին աշխատանքից ազատել: Ու ստացվեց այնպես, որ ես սկսեցի աշխատել այդ բաժնում»:

Աշխատանքը Բարսեղյանը հավանեց ու սեփական թիմը հավաքեց՝ հրավիրելով իր նախկին կուրսեցիներին ու գործընկերներին:

Հարյուրավոր գործերը

Կարճ ժամանակ անց Մոսկվայից ժամանեց նկարիչ Էնար Ստենբերգը՝ իր հետ բերելով «Արա Գեղեցիկ» ներկայացման էսքիզները, այն պետք է բեմադրեր բալետմայստեր Աշոտ Ասատուրյանը: Հենց այդ աշխատանքն էլ երիտասարդ նկարչի ու նրա թիմի համար առաջին փորձությունը դարձավ, որը հեշտությամբ հաղթահարեցին:


«4-5 հոգով ամռան մեկ ամսվա ընթացքում ամեն ինչ արագ ավարտին հասցրինք: Մեզ համար նորություն էին աշխատանքի ծավալները, բայց բոլորս էլ փորձառու էինք ու կիլոմետրերով գործ էինք արել, այնպես որ, վախեցողը չէիք: Երբ Ստենբերգը վերադարձավ, ամեն ինչ հավանեց ու ինձ գովասանքի խոսքերի արժանացրեց»:

90-ականների ցուրտ եւ մութ տարիներին դեկորների արտադրամասի աշխատողների թիվը զգալիորեն կրճատվել է, հիմա մնացել են 4 հոգով, մեծ ներկայացումների ժամանակ օգնականներ են հրավիրում:

«Շատերն այս գործին չեն էլ դիմանում. այստեղ փոքր վրձինը չէ, որ օգտագործում ենք, ներկը լիտրերով ենք ծախսում, ծավալներն ու չափերը հսկայական են»:

Օպերայում աշխատանքը Բարսեղյանի համար ճակատագրական է եղել նաեւ նրանով, որ այստեղ է հանդիպել իր կնոջը՝ երկար տարիների պրիմա բալերինա Սոնա Առուստամյանին:



Բարսեղյանը հարյուրավոր գործերի վրա է աշխատել, բայց առանձնացնում է հատկապես «Աիդա» օպերան, որն արել է իտալացի ռեժիսորի Մարիո Կորադիի հետ: Մինչ այդ ուսումնասիրել է աշխարհում բեմադրված «Աիդա»-ներն ու հավանել «Լա Սկալա»-ում Ֆրանկո Ձեֆֆիրելլիի աշխատանքը:

«Կարծում եմ՝ մերը բնավ էլ չի զիջում ու նույնիսկ ավելի լավն է, որովհետեւ մենք 3 բեմ ենք օգտագործել: Իրենց ծախսերն էին ահռելի, համեմատելու էլ չեն մեր գումարների հետ: Փոխարենը շահեցինք բեմերի առումով՝ բացվում էր կողքի բեմը եւ երեւում էր Աիդայի սենյակը, մյուս բեմում դատարանն էր: Մեր ներկայացումն ավելի ճոխ էր, Կորադին վերջին այցելության ժամանակ պատմեց, որ այն շատ հայտնի ռեժիսորների է ցույց տվել, ու բոլորն «Աիդա»-ն գլուխգործոց են համարել: Իմ արածներից հաջողված եմ համարում նաեւ «Կարմեն» օպերան»:

Հիմա աշխատում է Թարիվերդիեւի «Սպասում» ներկայացման վրա, որը ցուցադրվելու է նկուղային հարկում հայտնաբերված սրահում:

Մթնոլորտը

Կարեն Դուրգարյանի հետ զրուցելու համար թատրոն երկրորդ անգամ եմ գնում, նորից տարբեր սենյակներից երաժշտության ձայն է լսվում ու փորձեր են ընթանում, դիրիժորն էլ առավոտյան սուրճն է վայելում: Հասկանում եմ, որ շատ ժամանակ չունեմ ու պետք է միանգամից կարեւոր հարցրերը տալ, քանի որ ամեն պահ նրան կարող են զանգահարել կամ էլ հանդիպման գալ:

Կարեն Դուրգարյանը


Սկսում ենք ներքին մթնոլորտից, որից Դուրգարյանն այդքան էլ գոհ չէ: Հատկապես չի սիրում ոչ պրոֆեսիոնալ ու ոչ պատասխանատու մոտեցումը աշխատանքին:

«Եթե արտիստները պատրաստ են աշխատանքին, մթնոլորտը միայն ստեղծագործական է: Երաժիշտները գալիս են փորձին, բայց միշտ չէ, որ պատրաստ են լինում, իհարկե, բոլորի մասին չէ խոսքը. կան պրոֆեսիոնալներ, որոնք գիշեր-ցերեկ են պատրաստ, որովհետեւ աշխատասեր են եւ չափից շատ պատասխանատու»:

Հաջողությունը եւ վերջնական արդյունքը տարբեր մարդկանցից են կախված, կարեւոր է նաեւ ղեկավարի դերը, որպեսզի բոլորին միավորի ու բերի անհրաժեշտ վիճակի: Դուրգարյանը դա բավական բարդ, բայց եւ հետաքրքիր ընթացք է համարում:

«Պետք է հասկանանք, որ հիմքը կոմպոզիտորի ստեղծած երաժշտությունն է, դրա շուրջ ենք բոլորս հավաքվում եւ փորձում ամեն ինչ հաղթահարել»:


Կարգապահությունը

Համարում է, որ նոր հեծանիվ հորինել պետք չէ, քանի որ բոլոր թատրոնների աշխատանքային ընթացքը նույնն է, իրենք էլ բացառություն չեն կազմում: Արտերկրում աշխատելու ընթացքում տեսել է, թե ինչպես են բոլորն իրենց պարտականությունները հստակ կատարում:

«Մենք ուզում ենք ամեն ինչ մեր ձեւով անել կամ մեզ հարմարեցնել: Կարգապահության առումով շատ ենք հետ, մտածում են՝ դե լավ, վաղը կպարապեն, կստացվի, բայց այսօր է պետք: Այստեղ ամեն մեկն իր գործառույթը չգիտի, ամենաբադը դա շտկելն է ու բացատրել, թե որն է յուրաքանչյուրի անելիքը: Դա կոչում ենք աշխատանքային անձնագիր: Թատրոնը մեծ կոլեկտիվ ունի ու միասին պետք է փորձենք ամեն ինչի հասնել»:

90-րդ թատերաշրջանը

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն ազդարարել է իր 90-րդ թատերաշրջանը: Դուրգարյանը վստահեցնում է, որ փորձելու են ճիշտ աշխատել ու շարունակել լավ ավանդույթները: Անձամբ իր համար թատրոնի լավագույն ստեղծագործական տարիները եղել են 1980-ականները:

«Վերջին 30 տարիների ընթացքում թատրոնը փլուզման վիճակում է եղել, հիմա փորձում ենք քարը քարին դնել ու ամեն ինչ շտկել, ուզում ենք գործը ճիշտ անել: Ապագա նախագծերի չակերտներն ընդհանրապես չեմ բացում. ամեն ներկայացում ունի իր ժամանակը, երբ այն գա, կխոսենք այդ մասին: Եթե մարդիկ անհամբեր են ու սպասում են, միայն ուրախացնում է»:


Նշում է, որ ունեն առաջիկա 5 տարիների ծրագիր ու փորձում են այն աստիճանաբար կյանքի կոչել, թեեւ խնդիրներն էլ քիչ չեն, բայց դրանք հաղթահարելով են առաջ շարժվում:

Խնդիրներն ու ապագան

Նման հսկայական թատրոնի խնդիրներն էլ մեծ են՝ վթարային են կտուրն ու նկուղները, որոնց վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են, շենքը բարվոք վիճակում չէ, տարածքը չի բավականացնում:

«Վերանորոգման ու շտկման կարիք կա: Փլուզման վիճակը փորձում ենք կանգնեցնել, միաժամանակ ամեն բան անելը դժվար է: «Օպերա» ակումբը մեզ խանգարում է, 1000 քառակուսի մետր զավթած տարածք կա, փորձասենյակների պակաս ունենք, բալետային հարթակները շտկված չեն, ակուստիկ համակարգը քանդված է, երաժշտական գործիքներ չունենք»:



Կառույցի ապագան ժամանակավոր տնօրենը տեսնում է կարգապահության վերականգնմամբ: Նա խոստովանում է, որ շատ տաղանդավոր երաժիշտներ եւ արվեստագետներ ունեն, որոնց համար պետք է ստեղծեն հարմարավետ աշխատանքային միջավայր:

«80-ականների ավանդույթների հիմքում հստակ համակարգն էր. ամեն մեկը գիտեր իր պարտականությունները, ինչը հիմա քանդված է, ոլորտում ոչ գիտակ մարդիկ են: Ներկայացումները չէին կարեւորում. ավելի հեշտ էր դահլիճը վարձակալության տալ»:


Գումարները եւ միջազգային շուկան

Դուրգարյանը համարում է, որ Օպերային թատրոնը, ինչպես եւ ցանկացած այլ թատրոն, միայնակ չի կարող գումար աշխատել. աջակցության կարիք ունեն, բայց միեւնույն ժամանակ էլ պետք է ապացուցեն, որ արժանի են օգնության:

«Մենք պետական թատրոն ենք, ցույց ենք տալիս մեր աշխատանքն ու թե ինչքան գումար ենք աշխատում, որպեսզի համոզվեն՝ կարողանում ենք օգուտ ստանալ: Ինչ վերաբերում է հովանավորչական փաթեթներին, մեծահարուստները չեն պատկերացնում, թե ինչպես կարող են մասնակից լինել թատրոնի կյանքում: Չենք ուզում խնդրողի դերում լինել ու ասել, որ մեզ օգնեն: Պետք է շահագրգռենք մեր արած աշխատանքով»:


Նշում է, որ հաճախ են տարատեսակ հանդիպումներ ունենում ու փորձում բիզնես ոլորտին ապացուցել, որ կարող են երկուստեք փոխշահավետ համագործակցություն ապահովել:

«Օպերային թատրոնը միակն է Հայաստանում ու պետք է դառնա ամենակարեւոր մշակութային հանգույցը: Պատկերացրեք՝ սկսենք նաեւ հյուրախաղերով հանդես գալ եւ աշխարհի տարբեր բեմերում ելույթներ ունենալ: Մեր գործարարներն էլ կկարողանան արվեստի միջոցով դուրս գալ միջազգային շուկա, դա կշահագրգռի նրանց լինել թատրոնի կողքին»:


Որպես հաջողված օրինակ Դուրգարյանը Վրաստանն է նշում, որը կազմակերպում է դասական երաժշտության ամենամեծ փառատոններից մեկը, իսկ այն հովանավորում են երկրի գինու գլխավոր գործարանները:

«Այդ շախմատը ճիշտ խաղացին: Մենք էլ ենք սկսել աշխատել այդ ուղղությամբ, ժամանակի հարց է, միեւնույն է` հասնելու ենք արդյունքի: Այս դժվար ժամանակահատվածում կարեւոր քայլեր ենք անում, դա մեր պարտականություն է երկրի ու հաջորդ սերնդի նկատմամբ»:

Սիրելի գործերն ու մարդիկ

Կարեն Դուրգարյանի ամենասիրելի վայրը թատրոնում ցանկացած փորձասենյակն է, քանի որ այնտեղ են ծնվում գաղափարներն ու հայտնվում բեմում: Հավանած գործերի թվում էլ առանձնացնում է բալետային ներկայացումները, որոնցով կարողացել է ցույց տալ հայկական արվեստն, ու Հայաստանում ցուցադրված արեւմտաեվրոպական ստեղծագործությունները:

Առաջին հերթին նշում է Արամ Խաչատրյանի «Գայանե» եւ «Սպարտակ» բալետները, որոնք հայերի համար այցեքարտ են դարձել, օպերաներից էլ «Անուշն» է, որը, հուսով է, շուտով կվերաբեմադրեն ու նոր ներկայացում կստանան:


Ցանկացած կառույց յուրահատուկ են դարձնում այնտեղ աշխատող մարդիկ, թեեւ ոչ բոլորն են երեւում բեմի վրա, սակայն առանց նրանց թատրոնը մեկ օր էլ դիմանալ չի կարող:

«Կուլիսներում մնացող մարդկանց աշխատանքի շնորհիվ ենք ունենում ներկայացումներ՝ նրանք են բեմի մեքենավարները, հագուստ եւ դեկորներ պատրաստողները, հանդերձապահները, մենեջմենթի ու ադմինիստրատիվ կազմը: Արտիստներն ավելի ինքնասիրահարված են, ամբողջ աշխարհում է այդպես, ու մտածում են, որ առանց իրենց ոչինչ չի ստացվի, բայց մոռանում են՝ եթե հանդերձապահը ճիշտ ժամանակին հագուստները չբերի, չեն կարողանա բեմահարթակ բարձրանալ: Սա թիմային աշխատանք է, թիմն ամբողջ թատրոնն է՝ պահակից մինչեւ տնօրեն: Եթե որեւէ մեկ մեխանիզմ չի աշխատում, ամեն ինչ քանդվում է, հետեւաբար, չկա կարեւոր մարդ, ամեն մեկն իր տեղում պետք է իր գործն անի»:

Օպերային թատրոնը մոտ 600 աշխատող ունի՝ 100-ը բալետային թիմում են, 80-ը՝ երգչախմբում, 100-ից ավելին՝ նվագախմբում, 50-ը մենակատարներն են: Դուրգարյանն ընդգծում է, որ կառույցը հսկայական է ու ամեն օղակ անհատական մոտեցում է պահանջում:

Մասնագետների պակասը

Մասնագիտություններ կան, որոնք թեեւ կարեւոր են թատրոնների համար, սակայն ժամանակի ընթացքում մարդկանց քիչ են հետաքրքրում: Դրանցից են դեկորներ պատրաստողներն ու թատերական հագուստների դերձակները:

«Մտածում ենք երիտասարդներին գոնե 6 ամսով ուղարկել տարբեր թատրոններ, որպեսզի հմտանան այդ գործում: Պատկերացրեք՝ ամեն ներկայացման համար պետք է պատրաստվի 100 եւ ավելի կոստյում, լավ թատրոնը 3 ամիսը մեկ պրեմիերա է ունենում, իսկ մենք այդ քանակն ապահովել չենք հասցնում: Հիմա մեզ մոտ կարում են, ինչպես նաեւ պատվիրում ենք հագուստ, գտնում մարդկանց, որոնք օգնում են այդ հարցում: Որակյալ թատրոն ունենալու համար առաջ գնալ է պետք»:



Փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանն էլ ավելացնում է, որ չունեն նաեւ դեկորներ պահելու համար անհրաժեշտ պահեստներ: Տարածքների մի մասը վաճառվել է ու դրանց տեղում եղած պահեստները դադարել են իրենցը լինել, հիմա մնացել է մի փոքրիկ տարածք Զեյթունում, վարձակալում են նաեւ քաղաքի այլ հատվածում: Դուրգարյանն էլ ավելացնում է, որ նաեւ տարբեր ստուդիաներ են իրենցից վերցրել, հիմա դրանք էլ վերականգնման փուլում են:


Գրիգորյանը շեշտում է, որ նաեւ լուսային ու ձայնային մասնագետների կարիք ունեն, քանի որ նրանից շատ բան է կախված ժամանակակից թատրոնում:

«Սակավ են երաժշտական ռեժիսորները՝ 2-3 հոգի են ընդամենը, նրանք էլ արտերկրում են սովորել ու վերադարձել: Թատերական ինստիտուտի հետ մտադիր ենք թատերական-երաժշտական ռեժիսորների կուրսեր բացել: Օպերային թատրոնը շատ վտանգավոր է, ձախողման վտանգը մեծ է: Մենք ունեցել ենք ոչ մեծ հաջողություններ, բայց երբեք չենք ձախողել»:

Մեր զրույցի ավարտին թեեւ Դուրգարյանը շտապում է հանդիպման, բայց հասցնում է ավելացնել. «Ոչ թե հույսով եմ ապրում, որ կլինի, այլ վստահ եմ: Անպայման կգրեք այս մասին, որ իմ նշած բոլոր խնդիրները լուծվելու են»:

Լուսանկարը՝ Լուսանկարը՝ Օպերային թատրոնի


Գեղեցկությունը

Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի ջահն ամենամեծերից մեկն է Հայաստանում: Այն պատրաստել է Երեւանի լամպերի գործարանին կից գեղարվեստական լուսատեխնիկական բաժինը: Պատրաստման ընթացքը մոտ 6 ամիս է տեւել, որի ընթացքին ուշադիր հետեւել է Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը:

Կենտրոնական ջահի բարձրությունը 6 մ է, քաշը` 5 տոննա: Այն իր մեջ պարունակում է նաեւ ոսկուց տարրեր:


Թատրոնի ջահերը հատուկ տեխնիկայով իջեցվում ու մաքրվում են մոտ 2 տարին մեկ: Գլխավոր ջահն այնքան մեծ է, որ աշխատողները կարողանում են մտնել դրա մեջ ու ներսից եւս մաքրել:

Օպերայի շենքում է տեղադրված նաեւ ամենամեծ վերելակը, որը նախատեսված է մինչեւ 6 տոննա դեկորներ տեղափոխելու համար:

Վերջերս էլ նկուղում համերգային դահլիճ են հայտնաբերել, որտեղ արդեն 2 համերգ է կայացել, առաջիկայում էլ ներկայացում կլինի:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Հովհաննես Հովհաննիսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW