×


«Լուռ վայելում եմ այն, ինչն ինձ համար թանկ է». Արաքսյա Մելիքյան

Դերասան-ամուսիններ Արաքսյա Մելիքյանի եւ Անդրանիկ Զաքարյանի ընտանեկան գեղեցիկ լուսանկարներն անցած տոների առթիվ շատ ջերմ են, դերասանուհին հույս ունի, որ այս տարին բարեհաճ կգտնվի իր ու հարազատների հանդեպ:

Նա BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ 2022 թվականը լարված է անցել, ինչպես վերջին մի քանի տարիները. «Անընդհատ վատի սպասում կար։ Չեմ կարող ինձ այնքան անջատել, որ իրավիճակը չազդի իմ տրամադրության վրա, բայց ամեն անկումային շրջանում գտնում եմ մի հույս, լույսի մի շող, որը բացասականն իմ ներսում փոխարինում է դրականով։ Շնորհակալ եմ իմ այդ հատկությանը, որը խթանում է ապրելուն ու արարելուն»։


Անձնական ձեռքբերումների մասին նախընտրում է լռել. «Չեմ սիրում դրանցով հպարտանալ։ Ցանկացած բան, ինչով հպարտանում ես, վերցվում է, ուստի լուռ վայելում եմ այն, ինչն ինձ համար թանկ է։ Աշխատանքի առումով գերծանրաբեռնված տարի էր, ինչի համար շատ ուրախ եմ։ Ինձ լիարժեք ու գնահատված եմ զգում իմ ոլորտում, իհարկե, ավել-պակաս միշտ կա, բայց լուռ աչք եմ փակում։ Բացթողումներ էլ միշտ կան, ինքս իմ հանդեպ պահանջկոտությունը թույլ չի տալիս գոհանալ արածով, մտածում եմ՝ դեռ կան թերի կողմեր, կիսատ թողնված նպատակներ։ Հուսամ՝ կյանքը կտա եռանդ եւ հնարավորություն իրագործելու այն ամենն, ինչ ծրագրել եմ»։

Խոսել ենք այս տարվա ծրագրերից. «Ակնկալում եմ, որ տարին կրկին բարեհաճ կգտնվի իմ ու ընտանիքիս հանդեպ, հնարավորինս քիչ փորձությունների կենթարկվենք։ Երազում եմ խաղաղ ու հանգիստ երկրում ապրել, երբ համացանցի ու հեռուստացույցի լուրերը վախ ու անհանգստություն չեն գուժի։ Միայն մշակութային ու սպորտային ձեռքբերումբերից կխոսեն ու եղանակի տեսությունը կհայտնեն»։


Վերհիշել է մանկությունը. «Մի տարի զբաղված աշխատանքային առօրյայի պատճառով հայրս դոկտեմբերի 31-ին նոր հասցրել էր առեւտուր անել։ Հիշում եմ՝ ինչպես էինք երեք երեխաներով ստեղծագործելով փորձում հիշել, թե մայրիկն ինչպես է այս կամ այն աղցանն ու ուտեստը պատրաստում, եւ ինքներս էինք սարքում։ Հիմա մտածում եմ, կամ ավելի ճիշտ վստահ եմ, որ շատ թերություններ են եղել համի հետ կապված, բայց ամենակարեւորը՝ լի սեղանի շուրջ նշեցինք տոները։ Մեր տնից մութուցուրտ տարիներին միշտ լսվում էր մի ամբողջ անսամբլի համերգ։ Հայրս դաշնամուր եւ ակորդեոն էր նվագում, փոքր եղբայրս՝ դհոլ, ես ու միջնեկ եղբայրս էլ երգում, պարում ու ասմունքում էինք։ Երբ մի երեկո լռում էինք, հարեւաններն անհանգստանում էին (ծիծաղում է,- հեղ.)»։


Հավատում է հրաշքին. «Այն, ինչին միշտ ձգտել եմ, ունեմ ու դեռ կունենամ։ Այն, ինչն ինձ բարիք է բերում, միշտ հասնում է առանց ջանքի, առանց ճիգ գործադրելու, իսկ ինչն ինձ թվում է՝ լավ է, ինձ համար է, համառություն եմ գործադրում, այնքան ցավ ու տհաճություն է բերում, որ ինքնըստինքյան սկսում եմ հրաժարվել այդ երազանքից կամ նպատակից։ Առհասարակ, երազկոտ մարդ եմ, բայց երբեք չեմ կորցնում սթափության տարրը։ Իսկ երբ կորցնում եմ կամ մոլորվում, քթիս ծայրին վերեւից ճտտոց եմ ստանում (ծիծաղում է,- հեղ.)»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արաքսյա Մելիքյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին