×


Դավիթ Մինասյան. «Երկու տարի հնարավորություն չեմ ունեցել տեսնել դստերս»

Բամբ ձայնով գեղեցկադեմ երիտասարդ՝ հենց այսպես է հիշում նրան իմ սերունդը։ Նա Մոսկվայից եկավ Երեւան՝ մասնակցելու Երգի պետական թատրոնի «Կանաչ գոտի» նախագծին, որն էլ դարձավ կարիերայի սկզբնակետը։ Այդ ժամանակ Դավիթ Մինասյանը մի քանի երգ թողարկեց, բայց նրա այցեքարտը դարձավ «Քեզ չեմ ուզում» երգը, որի տեսահոլովակը հիթ-շքերթներում առաջատար հորիզոնականներ էր զբաղեցնում։ Հետո նա կորավ ասպարեզից: 

Դավիթին հանդիպեցի երգիչ Հայկոյի հիշատակին նվիրված երեկոյին Գլենդելում, պայմանավորվեցինք նորից հանդիպել ու զրուցել անցած-գնացած օրերի ու ապագայի մասին:

- Սկսենք սկզբից՝ Մոսկվայից Երեւան ու Երգի թատրոն։ Մոսկվայում քեզ ճանաչում էին որպես պարող, շատերի համար զարմանալի էր, որ նաեւ երգում ես։

-Այո, անգամ ինձ համար (ծիծաղում է,- հեղ.): Հատուկ եկա այդ նախագծին մասնակցելու. Արմեն Գեւորգյանի սանն էի։ Սկսվեց իմ երաժշտական ուղին. մեկը մյուսի հետեւից տեսահոլովակներ նկարահանեցի, հարցազրույցներ, համերգային շրջագայություններ ու... դադար ավելի քան ինը տարի: Այդ ընթացքում անգամ բերանս չեմ բացել ու մինչեւ հիմա չեմ կարող ասել՝ ինչու։

- Բայց դու պարի ասպարեզում արդեն բավական հաջողություններ էիր գրանցել՝ մրցանակներ, գրան պրիներ, առաջին հորիզոնականներ։ Ինչո՞ւ որոշեցիր թողնել այդ ոլորտն ու նախընտրեցիր երգը։

- Իսկապես, ինը տարեկանից պարել եմ լատինաամերիկյան պարեր, իսկ հետո արդեն մայրս Մոսկվայում հիմնեց «Զվարթնոց» կենտրոնը, եւ սկսեցի հայկական ազգագրական պարեր պարել։

Դավիթ Մինասյանը


- Լատինոյից հետո ազգագրակա՞ն. ինչպիսի կոնտրաստ:

-Բա ինչ։ Մայրս ասում էր, որ հայկականն այդպես նուրբ չեն պարում, խրոխտ պիտի պարես՝ ոտքդ խփես, զարկես գետնին: Ստացվեց, ու էլի բազմաթիվ մրցանակներ։ Իսկ որ կարողանում եմ երգել, արդեն միամիտ հայտնաբերեցի։

- Անգամ մայրդ էր զարմացել, որ կարողանում ես երգել: Կարծեմ՝ Արմանուշ Լեւոնովնան է լսել։

- Փաստորեն դա էլ գիտեք։ Այո, «Զվարթնոց»-ում լսումներ էին, նստած էր Արմեն Գեւորգյանը, ներս մտա, բոլորը զարմացան, իսկ ես սկսեցի երգել։ Դրանից հետո Արմեն Վլադիմիրովիչը տարավ Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի էստրադայի եւ ջազային արվեստի բաժին. սովորում էի դպրոցում, համ էլ քոլեջի ուսանող էի։ Ու սկսվեց մի հետաքրքիր ու խելահեղ շրջան։ Եղավ մի պահ, որ ե՛ւ երգում էի, ե՛ւ պարում ու չէի հասցնում. երբեմն պարի հանդերձանքով բեմ եմ բարձրացել ու երգել:

- Ուսանել եք նաեւ Մոսկվայի ժամանակակից արվեստի ինստիտուտի էստրադային վոկալի բաժնում՝ ռուսական էստրադայի հայտնի արտիստների հետ, ավելին՝ մտերիմ եք եղել։

- Այո, բայց անուններ չեմ տա։ Կասեմ միայն, որ «Ֆաբրիկա զվյոզդ»-ից հայտնի մարդիկ են։ Մեր խոսակցությունը կարող էր սկսվել այսպես. «Минасян, зараза, где ты?»:

- Երբ Երեւան տեղափոխվեցիր, Երգի թատրոնում քո ուսուցիչը դարձյալ Արմեն Գեւորգյանն էր։

- Այո, իմ ուսուցիչն Արմեն Գեւորգյանն է եղել, բայց Գրիգորիչի խորհուրդներն անպակաս են եղել։ Նա նույնիսկ ինձ թատրոնից դուրս է հանել, ինչը նորմալ էր, քանի որ շատ ակտիվ մարդ էի։

- Երբ առաջին անգամ լսեցի ձայնդ, տպավորություն էր՝ քո ձայնը չի. տարիքի համեմատ շատ հասուն էր։

- Առաջինը չես, էլի են ասել։ Իմ ընկեր Ժակն ասում էր՝ այսպես ո՞նց կլինի, ինչպես խոսում է, այնպես էլ երգում է. ձայնը չի փոխվում բացարձակապես։

- Ինը տարի չեք երգել, դժվա՞ր չէր բարձրախոսը տեսնել ու չվերցնել ձեռքը։

- Այս տարիների ընթացքում նման դեպքեր շատ են եղել, երբ հայտնվելով ժամանցի վայրում, ընկերներիս հետ թեթեւ երգել եմ: Ինչպես ասում են՝ մեջիցդ այդ գազանին պետք է հանես։ Բայց այդքանով ավարտվել է։

Դավիթ Մինասյանը


- Պարի ոլորտում ունեցար հաջողություններ, փակեցիր, դրեցիր մի կողմ, երգի ոլորտում՝ նույնպես։ Վերանայելու խնդի՞ր կար, թե՞ ժամանակ առ ժամանակ հիասթափվում  ես:

- Մի օր արթնացա ու ասացի՝ չպետք է երգեմ։ Մինչեւ հիմա չեմ կարողանում բացատրել՝ ինչու։ Այդ տարիներին ամեն երկրորդն, ինձ տեսնելիս նույն հարցն էր տալիս, անգամ անծանոթները՝ ինչո՞ւ չեմ երգում։ Արդեն սովորել էի այդ հարցին, ու երբ չէին տալիս, նեղվում էի։ Իրականում Մոսկվայում սկսել էի բիզնեսով զբաղվել. երեք ամիս ԱՄՆ-ում էի, երեք ամիս՝ Մոսկվայում, երեք ամիս՝ Հայաստանում։

- Տրանզիտ կյանք ես վարում՝ Մոսկվա - Երեւան - Լոս Անջելես, որտե՞ղ ես քեզ լավ զգում։

- Երեքն էլ շատ հարազատ քաղաքներ են, Երեւանիս կյանքին մեռնեմ, ինձ համար գլխավոր քաղաքն է, բայց չորս տարեկանից մեծացել եմ Մոսկվայում, ուսումս այնտեղ եմ ստացել ու Մոսկվան էլ իմ սիրելի քաղաքն է։

- Երբ եկար Երեւան, մտավախություն չունեի՞ր, որ քեզ չեն ընդունի։

- Ուսանողական տարիներին մեր ինստիտուտի գրեթե 40 տոկոսը հայեր էին, բայց իմ ածականն էր «երեւանսկի», ու դա պատահական չէր, քանի որ ես տեսակով հենց երեւանցի եմ:

- Ինը տարվա դադարից հետո դժվա՞ր չէր կրկին բեմ բարձրանալ։

- «Каждый раз, как первый раз»՝ հիմա իմ այցեքարտ երգը նորովի եմ ձայնագրել, ավելի ջազային։ Պատրաստ է, ինչպես ասում են՝ տանը դրած է, մնում է՝ թողարկեմ։ Բայց թամբալ եմ դարձել։ Իմ ձայնադարանում բավական երգեր ունեմ, որոնք պետք է ձայնագրեմ, անընդհատ ասում եմ՝ այսօր-վաղը։ Ու տարիներն անցնում են։ Իսկ ուսանողական տարիներին, երբ մի բան էի ուզում անել, կարող էի գիշեր-ցերեկ չքնել ու անպայման հասցնել։

- Ամերիկա՞ն քեզ այդպիսին դարձրեց։

- Չէ, կապ չունի։

- Մոսկվայում ուսանելու տարիներին ուսուցիչներիցդ մեկն անգամ ցանկացել է, որ երգես օպերային ժանրում։

- Այո, բայց իմը ռոմանսն է։ Ես բոլոր ոճերում երգում եմ, բայց հոգուս ու սրտիս երգի լեզուն ռոմանսն է. անպայման ջութակ պետք է հնչի, այ այդտեղ ուրիշ հարմոնիա կա։

Դավիթ Մինասյանը


- Դավիթ, Հայկոյին նվիրված երեկոյին կատարեցիր «Խոսքեր չկան» երգը, որը հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց, հնարավո՞ր է այն ընդգրկվի քո երգացանկում։

- Ես ուզում եմ, որ Հայկոյի երգերն ապրեն: Նա երգեր ունի, որ ամեն անգամ լսելիս ասում եմ՝ ինչո՞ւ առաջինը ես չեմ կատարել։

- Մեր զրույցի սկզբում ասացիր, որ պատրաստ ես պատասխանել բոլոր հարցերին, բացի անձնականից։ Մի քիչ խախտում եմ ու չեմ կարող չհարցնել Դավիթ Մինասյան պապայի մասին։ Երբ աղջիկդ ծնվել է, քաղաքում չես եղել ու հնարավորություն չես ունեցել տեսնել մոտ երկու տարի։

- Այո, Մոսկվայում էի հյուրախաղերով, ու երբ աղջիկս պետք է ծնվեր, իմ վիզայի ժամկետն ավարտվում էր: Դիմեցի դեսպանատուն եւ որքան մեծ եղավ զարմանքս, երբ մերժեցին, ու գրեթե երկու տարի ես «սկայպ» պապա էի։ Աղջկաս ասում էին՝ պապան ո՞ւր ա, համակարգչի էկրանն էր ցույց տալիս, կամ էլ հեռախոսի։

- Աղջիկդ շատ հետաքրքիր անուն ունի՝ Անյուկ, ո՞նց եք ընտրել։

- Ես չեմ ընտել, բայց իմ կնիքը եղել է։

- Դժվա՞ր է աղջկա պապա լինելը։

- Բացարձակ։ Բայց ես տղա գոռացող պապաներից եմ եղել։ Հիմա ուզում եմ էլի աղջիկ ունենալ, նոր՝ տղա։ Երեխա շատ եմ սիրում, երբ տեսնում եմ թիթիզ, պոչիկներով երեխաների, ինքնըստինքյան ժպտում եմ։

Դավիթ Մինասյանը


- Նրա մեջ քեզ տեսնո՞ւմ ես։

- Աղջիկս իմ կատարելագործված տեսակն է։ Մայրս երբեմն ասում է՝ շատ լավ է, քեզ քիչ է, իմացիր՝ ինչ եմ քաշել։ Հաճախ վիճում ենք, բայց դա 10 րոպե է տեւում։ Շատ տաղանդավոր երեխա է, լավ երգում է, լավ պարում, բայց չեմ ուզի, որ իմ ուղին  ընտրի. տնից մեկն արդեն բավական է (ծիծաղում է,-խմբ.)։

- Սոցիալական ցանցերում պասիվ ես։

- Այո, չեմ սիրում, հատկապես անձնականին վերաբերող հրապարակումներ չեմ անում, չեմ քննադատում մյուսներին, բայց ես այդպիսին եմ։

- Հանրային մարդ լինելով՝ անձնականդ միշտ փակ ես պահել:

- Ես ուղղակի մարդ եմ, հիմա ստացվել է՝ դարձել եմ երգիչ, որոշներից մի քիչ ճանաչված եմ, այդքանը։

- Ընկերասեր ես:

- Վահագն Գրիգորյանը միշտ ասում է՝ առանց ժամացույցի ընկեր։ Սիրում եմ, որ իմ տան մեջ լիքը ձայներ են լինում։ Ես կարող եմ առանց զգուշացնելու գնալ ընկերներիս  տուն, սառնարանը բացել, հաց ուտել, վերջում էլ ասել՝ «մարդ չեք», ու գնալ (ծիծաղում է,-հեղ.):

Զրույցը՝ Արմինե Գեւորգյանի/Bravo.am/

Լուսանկարները՝ հեղինակի եւ Դավիթ Մինասյանի արխիվից





Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին