×


Կամերայինում բեմից տեղափոխվել են ցուցասրահ, մեր օրերից՝ 30-ականներ․ «Fe-Show»-ի յուրօրինակ առաջնախաղը

Երեւանի կամերային թատրոնում տրամադրություններն այս անգամ տարել են նախորդ դարի 30-ական թվականներ՝ մյուզիքլների, խելահեղ երեկույթների, պարերի, խենթ սիրո, շքեղ հագուստների եւ պատմություն դարձած ինքնատիպ ոճի մի ամբողջ ժամանակաշրջան։ Ամբողջ փետրվար ամսին հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու երաժշտական նոր բեմադրությունը, որը տարբերվում է նաեւ իր ձեւաչափով. ներկայացումը ցուցադրվում է ոչ թե դահլիճում, այլ թատրոնի ցուցասրահում, որտեղ մարդիկ գործողություններին հետեւում են սեղանների շուրջ նստած։ BRAVO.am-ը ներկա է եղել «Ֆերում շոու»-ի (Fe-Show) առաջնախաղին, լուսանկարել է բեմում ու հետնաբեմում, ինչպես նաեւ զրուցել ներկայացման հեղինակների հետ։

«Մենք հաճախ ենք անդրադառնում մյուզիքլ ժանրին, եւ այս անգամ որոշեցինք տեղափոխվել հենց 30-40-ականներ, որովհետեւ հետաքրքիր, լուսավոր, ինտրիգային ու զավեշտներով լի մի շրջան է, երբ կին-տղամարդ հարաբերությունները շատ ավելի ակցենտավորված էին, տեսանելի։ Հուսով եմ՝ հանդիսատեսին մի փոքր ժպիտ ու լավ տրամադրություն կհաղորդենք մեր այս բարդ ժամանակաշրջանում, գոնե երկու ժամով կկտրվեն առօրյա խնդիրներից»,- մեր զրույցում նշեց ներկայացման բեմադրող ռեժիսոր, դերասան Սենիկ Բարսեղյանը։


Իսկ թե ինչու «Ֆերում շոու», Սենիկը պարզաբանում է՝ Մենդելեեւի աղյուսակում ֆերումը երկաթն է, իսկ իրենք Երկաթը որպես հապավում են ներկայացնում՝ Երեւանի կամերային թատրոն։ Խոսելով ձեւաչափի մասին՝ նա նշում է, որ վաղուց նման միտք ունեին թատրոնի ցուցասրահում ներկայացում խաղալու։ Երկար ժամանակ մտածել են, փնտրել, թե ինչ բեմադրություն պիտի լինի, բայց ամեն ինչ եղել է ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում. «Մտահղացման հեղինակը Լուսինե Երնջակյանն է, մենք հավաքվեցինք նրա այս գաղափարի շուրջ եւ բոլորով իրագործեցինք։ Ու քանի որ ներգրավված եմ եղել ներկայացումների բեմադրական աշխատանքներում, ինձ համար այնքան էլ դժվար չէր այս անգամ պաշտոնապես հանդես գալ որպես բեմադրող ռեժիսոր։ Միմիայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ է տրվում այս ամենը»,- անկեղծանում է դերասան-ռեժիսորը։

Լուսինե Երնջակյանը


Մտահղացման հեղինակ Լուսինե Երնջակյանը BRAVO.am-ին պատմել է՝ քանի դեռ թատրոնի դահլիճում տեխնիկական խնդիրներ ունեն ու վերանորոգման աշխատանքներ են կատարում, որոշել են մի ամբողջ ամիս ոչինչ չանելու փոխարեն այլընտրանքային տարբերակ մտածել։ Այդպես, որոշել են իրագործել ցուցասրահում բեմադրություն անելու իրենց միտքը:

«Ինձ թվում է՝ մեր թատրոնում բոլորն ատում են ինձ, որովհետեւ ամենախենթ ու խելառ մտքերը ես եմ արտահայտում, չնայած՝ չէ, Արշոն էլ ակտիվ մասնակցում է, մեծացնում է իմ խելառությունները (ծիծաղում է,- հեղ.)։ Պարզապես չէինք ուզում մեկ ամսով փակվել, չաշխատել կամ մեր թատրոնի պատերից դուրս գալ, որոշեցինք թերությունը վերածել առավելության եւ ստեղծեցինք այս ներկայացումը՝ օր ու գիշեր ունեցած քրտնաջան փորձերով։ Ու քանի որ հանդիսատեսը սեղանների շուրջ էր նստելու, որոշեցինք ավելի երաժշտական ու թեթեւ ներկայացում բեմադրել։ Ընտրեցինք մի դարաշրջան, որի տրամադրությունը, ոճը, երաժշտությունը, կարծում եմ, բոլորս էլ սիրում ենք։ Մտքեր կային խորհրդային շրջանի հետ կապված, որը երեւի թե առիթ կդառնա հաջորդ ներկայացման համար»,- նշեց Երնջակյանը։


Մեր զրույցի ընթացքում նա հասցրեց նկատել, որ սրահ մտնող հանդիսատեսը կերպարանափոխվել է ու հաճույքով ներկայացել «Ֆերում շոուի» ոճով ու տրամադրությամբ, համապատասխան հագուստով ու աքսեսուարներով. «Շատ հաճելի է, որ հանդիսատեսն ընդունում է մեր խաղի կանոնները եւ ներկայանում իսկապես պատրաստված, որովհետեւ մեր օրերում մի տեսակ կորցրել ենք թատրոն գնալու տոնի այդ գաղափարը։ Սա առիթ է վերհիշելու, որ թատրոն գնալն արարողություն է, ի վերջո դրան պետք է պատրաստվել ու տրամադրվել»։


Նշենք, որ թատրոնի նախասրահում առանձին հատված էր նախատեսված համապատասխան հագուստի եւ աքսեսուարների համար, եւ հանդիսատեսը կարող էր վերցնել ու կրել իրեն դուր եկածը, եթե չէր հասցրել ներկայանալ ցանկալի դրեսկոդով։


Նոր ձեւաչափով պայմանավորված՝ հանդիսատեսն այս անգամ շատ ավելի մոտ էր դերասաններին, եւ ինտերակտիվ շփումն էլ ավելի շատ էր։ Գինու հյուրասիրությունն էլ մթնոլորտն ավելի անկաշկանդ ու մտերմիկ էր դարձնում։ Դերասանուհի Անի Լուպեն մեր զրույցում այս առիթով նկատեց, որ եթե դերասանը ճկուն է իր մասնագիտության մեջ, ապա նման փոփոխությունները շատ ավելի հեշտ են տրվում։ Նաեւ ընդգծեց, որ ներկայացման մեջ ներգրավված է թատրոնի գրեթե ողջ դերասանական կազմը եւ բոլորն էլ երգում են, ընդ որում՝ կենդանի կատարմամբ, ինչը նույնպես խոսում է նրանց պրոֆեսիոնալիզմի մասին։


Բեմադրության հեղինակները խոստովանում են՝ այնքան են սիրել այս ներկայացումը, որ արդեն մտածում են շարունակության կամ հետագայում նմանատիպ այլ բեմադրություններ անելու մասին։ Մտքեր կան նաեւ այս ներկայացումն ադապտացնել արդեն թատրոնի բեմում, երբ այն ընդգրկված կլինի հիմնական խաղացանկում։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին