×


«Ասացի՝ ավելի լավ էր ոտքը կոտրած լիներ, քան ես՝ խաբված». Լուսին Վարդանյանը հիշել է ամուսնու խենթ արարքը

Դերասան-ամուսիններ Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանը հայկական շոու-բիզնեսի ամենասիրելի ու գեղեցիկ զույգերից մեկն են: Վահագնն ու Լուսինն ամուսնացել են 2013 թվականին։ Ինչպես բոլոր զույգերի կյանքում, նրանց հարաբերություններում էլ եղել են դժվարություններ, որոնք հաղթահարել են սիրո, ներողամտության եւ փոխըմբռնման շնորհիվ։ Ռուզաննան եւ Արան իրենց ծննդով էլ ավելի մեծ սեր եւ երջանկություն են բերել դերասանների ընտանիք։ BRAVO.am-ի հետ զրույցում Լուսինը պատմել է իր եւ ամուսնու առաջին հանդիպման եւ Վահագնի ամենախենթ արարքի մասին:

- Հիշո՞ւմ եք Ձեր ու Վահագնի առաջին հանդիպումը: Ի՞նչ մտածեցիք:

- Առաջին անգամ հանդիպել ենք Թատերական ինստիտուտում, բայց այդ ժամանակ մեր մտքի ծայրով անգամ չէր անցնում, որ մեր ճանապարհները խաչվելու են: Ամեն ինչ շատ հանկարծակի սկսվեց, այնքան հանկարծակի, որ պահի լրջությունը ես չէի հասկանում: Վահագնն ամեն կերպ հասկացնում էր, որ զգացմունք ունի, բայց չէի հավատում, որովհետեւ 4 տարվա կուրսեցիներ էինք, իսկ 4 տարվա ընկերությունից հետո անցնելը զգացմունքային դաշտ ինձ համար անհասկանալի էր:  


-Ինչպե՞ս կարողացավ գրավել Ձեր սիրտը:

- Իմ սիրտը գրավեց իր հոգատարությամբ, անսպառ էներգիայով, ուշադրությամբ իմ հանդեպ, նվիրվածությամբ, իսկ հետագայում՝ ընտանիքի իր տեսլականով, որը համընկնում էր իմ պատկերացումների հետ:

- Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները համատեղ կյանքում:

- Բոլորն են ունենում ե՛ւ ճգնաժամ, ե՛ւ հաղթահարում, ուղղակի թեմաներն ամեն զույգի դեպքում տարբեր են։ Մեզ ճգնաժամից դուրս գալուն օգնության է հասնում նորին մեծություն սերը, որը ներում է ամեն ինչ, համբերող է, լուսավոր է, նվիրվող է, «գիժ» է, տաք է ու ճերմակ:

- Հիշո՞ւմ եք Ձեր ամուսնու ամենախենթ արարքը Ձեզ համար:

- Օ՜, այո: Ամենասկզբում, երբ Վահագնն ասաց, որ անտարբեր չէ, մտածեցի՝ քանի որ ընկերներ ենք, չեմ կարող երբեւէ սիրել, ու չի ստացվի: Մեր ընկերությունն էլ կփչանա, բայց այն թանկ էր ինձ համար։ Վահագնը զանգեց ու ասաց, որ ոտքը կոտրել է: Երբ զգաց՝ հավատում եմ, բավական հավաստի ու երկար խաղաց, որ տանջվում է՝ կորզելով իմ ուշադրությունը: Այդ ժամանակ մենք չէինք հանդիպում։ Մի խոսքով՝ տեւական դադարից հետո՝ մոտ մեկ ամիս անց, հայտնվեց՝ ոտքը բինտերով փաթաթած: Ասաց՝ ոտքը չէր կոտրել, բայց այդ ընթացքում ես արդեն տանջվել էի, ու ամեն ինչ պարզ էր դարձել իմ սրտում ու իր համար: Եկավ, դանդաղ բացեց ոտքը, ու ես ասացի՝ ավելի լավ էր կոտրած լիներ, քան ես՝ խաբված: Ինքն էլ ասաց՝ կարեւորն իր համար անհանգստացել եմ, ինչպես ոչ ոք: Հաջորդ օրվանից սկսեցինք հանդիպել:


- Ի՞նչ փոխվեց ձեր կյանքում երեխաների ծննդից հետո։

- Երեխաներն ընտանիքը լիարժեք են դարձնում ու ավելացնում սերը: Խորությամբ գիտակցում ես, որ երեխաներդ քո սիրո, քո ընտրած սիրելի մարդու շարունակությունն են, որոնց պետք է ապահովել երջանիկ եւ տաք ընտանիք, անհոգ կյանք:

- Կա՞ բնավորության գիծ, որը փոխել եք հանուն ընտանիքի:

- Այո, փոխել ենք. երկուսս էլ առաջ ավելի կտրուկ էինք։ Հենց դա էլ կոչվում է փոխադարձ զիջում, որը երկարատեւ հարաբերությունների բանալիներից մեկն է։

- Երկուսդ էլ հայտնի եք եւ ունեք երկրպագուներ, կասե՞ք՝ ինչ տեղ է Ձեր հարաբերություններում զբաղեցնում խանդը:

- Երկուսս էլ խանդոտ ենք: Իհարկե, երբ մարդուն վստահում ես ու ճանաչում էությունը, խանդն անցնում է հետին պլան։ Իսկ փոքրիկ խանդիկները նույնիսկ հաճելի են:


- Երբ վիճում եք, ո՞վ է առաջինը փորձում հաշտվել:

- Կյանքի այս փուլում կարողանում ենք հասկանալ մեր սխալը եւ լուռ հաշտության քայլ ենք անում:

- Ի՞նչ կմաղթեք Վահագնին:

- Ցանկանում եմ, որ իր սիրելին՝ ես, երկար մնամ իր կողքին: Միշտ ասում եմ՝ «Վահագն, դու երեւի դեռ գլխի չես ընկել, բայց ես քո կյանքի թալիսմանն եմ»:
Ուզում եմ ասել, որ սիրում եմ իրեն, վստահ եմ՝ ինքն էլ՝ ինձ:

Տեքստը՝ Տաթեւեր Լազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW