Դերասանուհի, ռեժիսոր, մեր ժամանակների ամենաինքնատիպ աստղերից Ռենատա Լիտվինովան Փարիզի «Էբերտո» (Theâtre Hebertot) թատրոնում հունվարի 26, 27 եւ 28-ին ներկայացրեց իր «Կակտուս» մոնոներկայացումը: Ներկայացման մեջ առանցքային դեր են խաղում հագուստները, որոնք ստեղծել են Balenciaga ֆրանսիական նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Դեմնան եւ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը: Իսկ երաժշտության հեղինակը Զեմֆիրան է:
Նորաձեւության եւ ժամանակակից արվեստի մասին The Blueprint ամսագրին տրված հարցազրույցում Ռենատա Լիտվինովան պատմում է, որ «Կակտուս»-ի գլխավոր հերոսուհին Նա (Она) անունով հրաշագործ կին է, որի մասին զգուշորեն ակնարկում է, որ որեւէ մեկն անպայման նրան կհամարի խելագար: Գործողությունները կատարվում են մեր ժամանակներում: Նա սպասում է իր «միակ սիրելիին», որն անպարկեշտ կերպով ուշանում է, եւ պարզ չէ, թե որտեղ է եւ ում հետ: Նա սպանում է ժամանակը ներքեւի հարկի հարեւանուհու հասցեին ուղղված հայհոյանքներով, շամպայնով եւ խոսակցություններով կենդանացող կակտուսի եւ աղավնու հետ: Լիտվինովայի սիրելի թռչնի կերպարը մարմնավորել է ֆրանսիացի դերասան Էրիկ Լոժերյան, կենդանացող կակտուսի դերակատարը Գեորգի Մանուկովն է, ներկայացման հնչյունային ձեւավորումը Դմիտրի Եմելյանովինն է:
Հատուկ ուշադրություն է դարձվել հերոսուհու կերպարի դեմքի ստեղծմանը. Լիտվինովան աշխատել է վիզաժիստ Իրինա Գրիշինայի հետ: Լիտվինովան սիրում է էքսպերիմենտներ անել եւ մշտապես նոր տարբերակներ է փնտրում, ինչի շնորհիվ պատմությունը մնում է կենդանի, փոփոխվող եւ առանց շաբլոնների:
Բեմի վրա Լիտվինովայի հերոսուհին փոխում է ամենաքիչը յոթ կոստյում՝ հագուստները, ձեռնոցները, կոշիկները եւ զարդերը ամբողջովին Balenciaga Haute–Couture 2022 թվականի հավաքածուներից են: Լիտվինովան նշում է, որ աշխատել են ներկայացման վրա ուղիղ ինն ամիս, հենց այնքան, որքան ժամանակ, որ նա լքել է Ռուսաստանը:
Հագուստներն այս ներկայացման լիարժեք մասն են կազմում, եւ Լիտվինովան ընդգծում է, որ ներկայացման վրա աշխատած բոլոր մարդիկ իր մտերիմներն են, որոնց թվում է նաեւ իր սիրելի դիզայներ եւ մտերիմ ընկեր Վարդուհի Նազարյանը: Նա կենդանացող կակտուսի կոստյումի հեղինակն է: Կոստյումը Երեւանից Փարիզ է հասել պրեմիերայից մի քանի օր առաջ: The Blueprint-ին տրված հարցազրույցում Վարդուհի Նազարյանը նշում է. «Ռենատան իմ առջեւ խնդիր էր դրել ստեղծել կոստյում, որը մի կողմից կակտուս է հիշեցնում, մյուս կողմից՝ բրուտալ տղամարդու, որին հեշտությամբ սիրահարվում են կանայք: Նա ցանկանում էր, որ կոստյումը լինի սեւ։ Ձեւի եւ նյութերի առումով ընտրությունս կանգնեց դասական կոստյումի վրա։ Բայց խիստ ուրվագծին լրացնում էին ճարտարապետական դետալները՝ հենց կակտուսի փշերը, որոնք «ներկառուցված» էին կոստյումի ձեւվածքի դետալներում։ Ամենադժվարը, թերեւս, կոստյումը Երեւանից Փարիզ տեղափոխելն էր։ Կակտուս-կոստյումը հնարավոր չէր փաթեթավորել ծավալուն սրածայր կոնստրուկցիաների պատճառով։ Ես ստիպված էի մի ամբողջ ճամպրուկ վերցնել դրա համար։ Ռենատայի թիմը մանրակրկիտ չափսեր էր ուղարկել, եւ մենք կարողացանք հեռահար կոստյում ստեղծել, արդյունքում ամեն ինչ հիանալի ստացվեց»:
Բացի հագուստի դիզայնը, Վարդուհի Նազարյանը տարված է ինքնատիպ մշակութային նախագծերի պրոդյուսինգով ու իրականացմամբ: Հաշվի առնելով նրա մտերմությունը Ռենատա Լիտվինովայի հետ՝ հուսով ենք, որ հայ հանդիսատեսը մոտ ապագայում հնարավորություն կունենա «Կակտուս» ներկայացումը դիտել Երեւանում։
Հիշեցնենք, որ Վարդուհի Նազարյանի վերջին նախագծերից է աշխարհահռչակ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ՝ musicAeterna-ի չորս երաժշտախմբերի հայաստանյան առաջին հյուրախաղերը, որոնք ցնցեցին հայ հանդիսատեսին: Դժվար է գերագնահատել այդ իրադարձության մշակութային, ազգային եւ միջազգային կարեւոր նշանակությունը:
Վարդուհի Նազարյանը ծնվել է Գյումրիում: Նա 15 տարեկանում տեղափոխվել է Մոսկվա, որտեղ մասնագիտական կրթություն է ստացել եւ ձեւավորվել որպես դիզայներ: Vardoui Nazarian բրենդը ստեղծվել է 2007 թվականին:
Նազարյանը մշակել է բնական գործվածքների ստեղծման նոր միջոց՝ նախքան դրանք թելի վերածվելը, բույսերի սերմերը հյուսվում են մանրաթելերի մեջ: Այս տեխնոլոգիան դիզայներից պահանջել է մի քանի տարի ուսումնասիրել բուսաբանություն, կենսաբանություն եւ քիմիա: Տեխնոլոգիաների զարգացման եւ կատարելագործման հարցում Վարդուհուն խորհրդատվություն են մատուցում աշխարհի տարբեր երկրների գիտնականներ։ «Այս գործվածքը կարելի է կրել, լվանալ եւ արդուկել սովորական գործվածքի նման։ Երբ գալիս է հագուստին հրաժեշտ տալու ժամանակը, կարող եք այն լցնել օրգանական պարարտանյութի մեջ կամ թաղել հողում, եւ որոշ ժամանակ անց սերմերը կծլեն»,- ասում է դիզայները:
Վարդուհի Նազարյանի բոլոր հավաքածուներն առանձնանում են բնական տեսքի եւ գաղափարական առումով խոր ոճային համադրությամբ, նրա դիզայներական արվեստի առանձնահատկություններն են ինքնատիպ բանաստեղծական մինիմալիզմը, գրաֆիկական, նույնիսկ ճարտարապետական արտահայտչականությունը եւ բազմիմաստությունը: Դիզայների ոգեշնչման հիմնական աղբյուրներից է միջնադարյան հայկական ճարտարապետությունը։
Տեքստը՝ Աստղիկ Դալլաքյանի
Լուսանկարները՝ «Կակտուս» ներկայացման արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: