«Ֆորթնայթ»՝ հենց այս խաղը դարձավ պատճառ, որ ստեղծվեց «Տիգրանը եւ մեր այբբենարանը» մյուզիքլ-շոուն։ Առաջին հայացքից թվում է՝ ինչ կապ կարող են ունենալ այս խաղը եւ այբբենարանը, բայց մտահղացման հեղինակներ Արթուր Ասատրյանը եւ Արմեն Համբարձումյանը գտել էին կապը ու դեռ ավելին՝ այն ներկայացրել պարզ եւ հանրամատչելի ձեւով։ Ներկայացման պրեմիերան տեղի ունեցավ Լոս Անջելեսի «El Portal» դահլիճում։
«Տղաս ամեն օր այդ խաղն էր խաղում ու դասերը չէր սովորում, պարզապես տարված էր «Ֆորթնայթ»-ով: Որոշեցինք այնպիսի մի ստեղծագործություն բեմադրել, որը ոչ թե կարգելի խաղը, այլ խաղերի միջոցով կօգնի սովորել հայոց այբուբենը, ինչի կարիքն այստեղ շատ կա»,- BRAVO.am-ին պատմել է Արթուր Ասատրյանը։
Մոտ մեկ տարի աշխատել են ներկայացման վրա։ Բեմադրելու հարցում օգնել են ընկերները՝ երաժշտությունն Արա Թորոսյանինն է, սցենարը՝ Նարեկ Մարգարյանինը, պարային բեմադրությունը՝ բալետմայստեր Աննա Կարապետյանինը։
«Գաղափարը մեկն էր՝ տեղի հայ մանուկներին մատուցել մի ներկայացում, որն իրենց կձգի դեպի հայ խոսքը, հայոց լեզուն ու հայ մշակույթը»,- ասում է ներկայացման համահեղինակ Արմեն Համբարձումյանը։
Փոքրիկ Տիգրանը հայերեն շատ վատ գիտի, հայտնվում է անտառում ու հայոց լեզվի չիմացությունը նրան խնդիրների առաջ է կանգնեցնում։ Հասկանում է, թե որքան կարեւոր է մայրենի լեզուն։
Տիգրանին մարմնավորել էր Արման Աղաջանյանը։ «Թեման արդիական է սփյուռքում ապրող երեխաների համար։ Այսօր մեր լեզուն մղվել է երկրորդ պլան, չեն կարդում, փոխարենը համակարգչային խաղերն են մտել մեր առօրյա։ Այս ներկայացումը մատչելի ու երեխային գրավիչ ձեւով պատմում է հայոց այբուբենի կարեւորության մասին»,- նշել է նա։
«Ա» տառը Մարտա Կիրակոսյանն էր ու ամենաշատ հուզվածը: Նրա կերպարն ինքնահավան ու մեծամիտ է, կարծում է, որ եթե «Ա» տառն է, ուրեմն իրեն ամեն ինչ կարելի է, բայց դա միայն սկզբում։
«Շատ ուսուցողական ներկայացում է ու ոչ միայն փոքրիկների, այլեւ ծնողների համար։ Ներկայացման վրա աշխատել են իրենց գործի վարպետները, որոնք գիտեն` ինչ ներկայացնել, որ հետաքրքրի այստեղ ապրող հայ հանդիսատեսին»,- նշել է երգչուհին:
Իսկ լարվածության պատճառը տեւական ժամանակ բեմում չլինելն էր. «Արդեն 3 տարի է՝ բնակվում եմ այստեղ, այսքան ժամանակ չեմ երգել, ներկայացումների չեմ մասնակցել, մի խոսքով՝ բեմ չեմ բարձրացել։ Կարծում եմ՝ սա կլինի իմ կարիերայի նոր սկիզբը»,- ասել է Մարտան:
ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարգարյանին հետաքրքիր էր տեսնել մյուզիքլի ժանրում։ Լոս Անջելեսում բնակություն հաստատած Արմեն Մարգարյանը «Ֆ» տառն էր։ Կերպարը նեղացնում է «Ա» տառին ու դավեր նյութում, բայց ի վերջո հասկանում է, որ այբուբենում բոլոր տառերն են կարեւոր ու կապ չունի՝ առաջինն ես, թե վերջինը։
«Սա իսկապես գունեղ, վառ եւ ուսուցանող ներկայացում է։ Շատերը չգիտեն հայերեն տառերը, ես դա զգացի արդեն այն ժամանակ, երբ բնակություն հաստատեցի այստեղ։ Երեխաներն այսօր շատ են հեռացել հայերենից եւ չեն կարդում, ինչը շատ մեծ խնդիր է։ Կարեւոր է, որ այս ներկայացումը գաղափարապես ծառայի իր նպատակին։ Եթե երեխան գնա տուն ու բացի այբբենարանը, ուրեմն՝ մենք մեծ սխրագործություն ենք արել»,- ասում է դերասանը:
Ներկայացումն ինտերակտիվ է. կարծես հանդիսատեսը դերակատարներից մեկը լիներ: Դահլիճից դուրս գալիս բոլորը երգում էին մյուզիքլից հատվածներ՝ «Բոլոր տառերն են կարեւոր, բոլոր տառերն են հավասար»։
Տեքստը եւ լուսանկարները՝ Արմինե Գեւորգյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: