×


«Ուրիշները», կամ երբ միավորվում են Գյումրիի, Գավառի ու Երեւանի դերասանները

4 ամիս առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» պիեսի հիման վրա «Սպասում» ներկայացման պրեմիերան էր: Իսկ երեկ բեմադրության «Ուրիշները» անվամբ նոր տարբերակը ներկայացվեց Գավառի Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում:

Դերասաններից երկուսը՝ Արսեն Միքայելյանն ու Ջեմմա Ադամյանը, Գյումրու թատրոնից են, Տաթեւ Հովակիմյանը՝ Երեւանից, բոլորն էլ խաղում են «Սպասման» մեջ, ու Գավառից նրանց են միացել Նորայր Հերգնյանը, Լաուրա Ստեփանյանը եւ Սաթեն Թովմասյանը: Այս անգամ եւս ներկայացման ռեժիսորը Սաթե Խաչատրյանն է, որը BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է ներկայացման պրեմիերայի ու դերասանների համագործակցության մասին:


«Ուրիշները» ներառում է 7 պատում, որոնցից 5-ը «Երկու Կորեաների վերամիավորումը» պիեսից են, իսկ երկուսը՝ «Այդ երեխան» պիեսից: Ռեժիսորն ասում է՝ նման վերնագիր են ընտրել ներկայացման համար, քանի որ սովորաբար կյանքում որեւէ խնդրի կամ դժվարության հանդիպելիս համարում ենք, որ նման բան կարող է պատահել ուրիշների հետ, սակայն երբեք ոչ մեզ հետ: Դերասանների հետ փորձել են այդ ուրիշների պատմությունը, սերը կամ դրա բացակայությունը, տառապանքը, ծնողների հետ հարաբերությունները, բաժանումն ու ցավն այնպես ներկայացնել, որ հանդիսատեսն այն իր միջով անցկացնի ու սեփական պատասխանները գտնի:

Ռեժիսոր Սաթե Խաչատրյանը


Խաչատրյանի համար հետաքրքիր է եղել աշխատել տարբեր դերասանական դպրոցներ անցած ու բոլորովին այլ միջավայրերում ապրած դերասանների հետ:

«Գավառի դերասանների հետ առավելագույնը 10 փորձ եմ ունեցել, որոնց մեծ մասը իրականացվել են Երեւանի թատերական գործիչների միության դահլիճում: Մյուս դերասանները վարպետորեն տիրապետում էին այն պատումներին, որոնք Գյումրիում արդեն բեմադրել էինք: Հետաքրքիր էր, որ նույն տեսարանները լրիվ այլ դեկորների պայմաններում տարբեր ստացվեցին: «Ուրիշներ»-ում ամուսնության առաջին տեսարանում են բոլորը միասին խաղում, եւ այն ստանալու համար ընդամենը մեկ օր ենք ծախսել: Մեծ ոգեւորությամբ էի նայում, թե ինչպես են խաղում Պոմրայի պիեսները: Տպավորություն էր, որ տարիներ շարունակ միասին են աշխատել, ու այդ գեղարվեստական քիմիան արագ առաջացավ»,- պատմել է ռեժիսորը:


Փաստում է, որ Գավառի հանդիսատեսը ներկայացումը հավանել է ու հուզվել: 2 տարի առաջ այնտեղ աշխատելու փորձ արդեն ունեցել է. «Ուրախ եմ, որ մարդիկ շատ հետաքրքիր կերպով ընդունեցին իր խոսքով ու ասելիքով տարբերվող թատրոնը, բայց այդ ձեւաչափի մեջ էլ իրենց գտան: Հուզված հանդիսատեսի շատ հանդիպեցի»:


Սովորաբար, տարբեր թատրոնների մասնակցությամբ նախագծերն այնքան էլ երկար կյանք չեն ունենում, ու մի քանի ներկայացում խաղալուց հետո ավարտվում են: Խաչատրյանն էլ խոստովանում է, որ նման միջմարզային նախագիծ իրականացնելը բավական բարդ է եղել, բայց փորձելու են «Ուրիշներ»-ին թատերական երկար կյանք հաղորդել: Նախատեսում են այն Գավառում խաղալ նաեւ ապրիլին, ինչպես նաեւ մայիսին հյուրախաղերով լինել Գորիսում:

«Ուրիշները» Գավառի թատրոնում կխաղան նաեւ փետրվարի 22-ին ու 23-ին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սաթե Խաչատրյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին