×


Մկոյի խոստովանությունը, Իվետայի ադրենալինն ու Սերգեյի կատակը՝ «Գործակալ 044․ Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերային

Արգենտինահայ գործակալ Հենզել Բրուտենցի արդեն հայտնի ու սիրված կերպարը՝ նոր արկածներում․ մարտի 2-ից մեծ էկրաններին է «Գործակալ 044․ Օպերացիա Գառնի» նոր կատակերգությունը, որի գլխավոր հերոսներին մարմնավորում են Մկրտիչ Արզումանյանը, Իվետա Մուկուչյանը եւ Սերգեյ Սարգսյանը։ BRAVO.am-ը երեկ ներկա է եղել Դալմա Գարդեն Մոլի «Սինեմա Սթար»-ում կազմակերպված մեծ պրեմիերային եւ հետաքրքիր մանրամասներ պարզել նկարահանման ընթացքի եւ սպասվող նոր ծրագրերի մասին։

Ֆիլմի առաջին մասի պրեմիերան 2018-ի հոկտեմբերին էր։ Դեռ այն ժամանակ արդեն պարզ էր, որ Մկրտիչ Արզումանյանի մարմնավորած կերպարը սիրվելու եւ ճանաչելի է դառնալու մեծ ու փոքր կինոդիտողների շրջանում։ Սա, իհարկե, կանխատեսել էին նաեւ ֆիլմի ստեղծողները, որոնք խոստովանում են՝ երկրորդ մասը ստեղծելու մտքերը դեռ առաջինի նկարահանումների ընթացքում կային, երբ մտածում էին նոր պատմությունների ու նոր արկածների մասին:

Սերգեյ Սարգսյանը եւ Մկրտիչ Արզումանյանը


«Գաղափարների առատության արդյունքում էր, որ ինքնաբերաբար միտք եղավ նոր ֆիլմ նկարահանել։ Հետո նաեւ հանդիսատեսի հաճախելիության ցուցանիշն ու արձագանքներն էլ ավելի ամրապնդեցին այդ միտքը, ուստի որոշեցինք նախագիծը շարունակել նոր արկածով, ավելի նոր ուղղություններով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով մեր հարցին՝ ասաց ֆիլմի ռեժիսոր Հայկ Կբեյանը։

«Գործակալ 044․ Օպերացիա Գառնի» արկածային կատակերգության սյուժեի կենտրոնում, ինչպես նշեցինք, արգենտինահայ գործակալ Հենզել Բրուտենցն է, որին այս անգամ հրավիրում են գտնելու առեւանգված հայտնի լրագրողին։ Բրուտենցին միանում է նոր գործընկերը՝ լեյտենանտ Աննա Գրիգորյանը։ Ֆիլմի ընթացքում Հենզելն ու Աննան հանցագործության հետքերով գնալիս հայտնվում են բազմաթիվ զավեշտալի իրավիճակներում։ Հենզելն անընդհատ կերպարանափոխվում է՝ ողջ հետաքննությունը վերածելով դինամիկ եւ զվարճալի արկածի։

Մկրտիչ Արզումանյանը եւ Իվետա Մուկուչյանը


Մկրտիչ Արզումանյանը խոստովանում է, որ կերպարն իրեն շատ հարազատ է դարձել դեռ առաջին ֆիլմից հետո, նաեւ կարծում է՝ երկրորդը շատ ավելի մտածված ու հաջող է ստացվել, քանի որ ավելի երկար ժամանակ են ունեցել նախապատրաստվելու համար:

«Սա հնարավորություն է շատ տարբեր ու ավելի հետաքրքիր լինելու։ Մի քիչ էլ թողել ենք հաջորդի համար, ավելի ճիշտ՝ մի ահագին։ Կարծում եմ՝ ավելի բարդ է լինելու, որովհետեւ առաջինից ու երկրորդից հետո երրորդը նկարահանելու համար պետք է այնպիսի ֆիլմ ստանալ, որ կրկին զարմացնի։ Խնդիրն ավելի է դժվարանում»,- նկատում է դերասանը։

Մկրտիչ Արզումանյանի ընտանիքը


Մկոն նաեւ խոսեց Իվետա Մուկուչյանի հետ համագործակցության մասին, որն արդեն երկրորդն է նրանց մասնակցությամբ համատեղ նախագծերում․ առաջին անգամ նրանք միասին խաղացել էին «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում։ Ասաց՝ այս անգամ էլ հրաշալի է ստացվել, քանի որ միասին երկար ու դժվարին, բայց գեղեցիկ ու հետաքրքիր նկարահանումների ճանապարհ են անցել:

«Իվետան գերտաղանդավոր մարդ է, որն անընդհատ փորձում է նոր լինել, զարմացնել, ինչն այս գործում շատ կարեւոր է․ ճանապարհը, որն անցնում ենք, սարսափելի ծանր է ու բարդ, պետք է շատ ամուր լինես ու ցավին դիմանաս։ Շատ ուրախ եմ, որ իմ ընկերների հետ ստեղծվեց եւս մեկ ֆիլմ․ ձեւավորվել է հարազատ, տաղանդավոր ու սրտացավ մարդկանց մի խումբ, որը հենց այնպես ոչինչ չի սիրում անել»,- նշեց Արզումանյանը:

Իվետա Մուկուչյանը


Իր հերթին Իվետա Մուկուչյանը խոստովանեց, որ որպես դերասան հանդես գալն իր համար նոր ադրենալին է, ստեղծագործական նոր տեսանկյունից ներկայանալու հնարավորություն․ «Մեծ հպարտություն եւ մեծ պատասխանատվություն է խաղալ Մկրտիչ Արզումանյանի կողքին, միեւնույն ժամանակ ինձ համար կարծես թե մաստեր կլաս լինի, այնպես որ, շատ շնորհակալ եմ այս դերն ինձ վստահելու համար։  Իրականում շատ հուզված էի, որովհետեւ նա այն մարդն է, որ երբեք կանգ չի առնում, նորից սովորում է, ավելի աճում, եւ այդ ամենը շատ գնահատելով՝ իմ հարգանքն ու պատասխանատվությունն ավելի են մեծանում»։

Մկրտիչ Արզումանյանը


Ֆիլմի մյուս գլխավոր դերում հանդես է գալիս հաղորդավար, երգիծաբան Սերգեյ Սարգսյանը, որի համար նույնպես հետաքրքիր փորձառություն է եղել կինոյում նկարահանվելը․ «Ես իրականում փորձում էի մաքսիմալ չխանգարել, շատ համը չհանել, եւ ընդհանուր առմամբ մեծ պատիվ էր ու դաս էր լուրջ մարդկանց հետ կինոյում խաղալը։ Այնպես որ, շնորհակալություն բոլորին, ովքեր տվեցին այդ հնարավորությունը եւ դիմացան ինձ մոտ մեկ ամիս»,- կեսկատակ ասաց նա։

Ֆիլմի հեղինակներից նաեւ ճշտեցինք՝ ի վերջո սպասե՞լ «Գործակալ 044»-ի երրորդ մասին։ Պրոդյուսեր Վահան Գրիշկյանը նշեց․ «Հայոց պատմության մեջ դեռ շատ դրվագներ կան, որոնց մասին կարելի է խոսել, համ էլ Հենզելի ու նրա ընկերների մասին դեռ շատ պատմություններ կան, որոնց մասին կցանկանայինք պատմել… Իրականում ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես հանդիսատեսը կընդունի ֆիլմը։ Հուսամ կամ համոզված եմ՝ ամեն ինչ լավ կընթանա»։

Վահան Գրիշկյանը, Սերգեյ Սարգսյանը եւ Մկրտիչ Արզումանյանը


Վահան Գրիշկյանը նաեւ ընդգծեց, որ ֆիլմի նկարահանումներն իրականացվել են նաեւ Երեւանից դուրս. փորձել են այնպես անել, որ ֆիլմում ավելի շատ տեսարժան վայրեր լինեն, Հայաստանն ավելի շատ ներկայացված լինի իր ամենագեղեցիկ կողմերով․ «Փորձում ենք ավելացնել ճանաչելիությունը հայկական մշակութային տարրերի, ինչո՞ւ չէ, նաեւ հայկական պատմության»։

Օլյա Հակոբյանը՝ որդիների հետ՝ «Գործակալ 044․ Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերային


Մինչ ֆիլմի ցուցադրությունը «Սինեմա Սթարի» նախասրահում հյուրերի հետ լուսանկարվում ու զրուցում էին դերասաններն ու նկարահանող թիմի մյուս անդամները, բայց շուտով արդեն բոլորը, այդ թվում՝ դերասանները, շտապեցին առաջին ցուցադրությանը։ Իսկ եթե դուք նրանց շարքերում չեք եղել, ապա «Գործակալ 044․ Օպերացիա Գառնի» արկածային կատակերգությունն արդեն հայաստանյան կինոէկրաններին է՝ ոչ միայն ժպիտ պարգեւելու, այլեւ գեղեցիկն ու մշակութայինը ցույց տալու:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հովհաննես Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին