×


«Ձգողականություն». մի քիչ աբեղա Շարաֆյանը, խնկի բույրը, «էրոտիկան» եւ իրենց նորովի բացահայտած բալետի պարողները

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ձգողականություն» բալետի հիմքում Լեւոն Շանթի «Հին աստվածներ» դրաման է: Սեղանի շուրջ BRAVO.am-ը նոր բեմադրության մասին հետաքրքիր ու բացահայտումներով լի զրույց է ունեցել կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի, բեմադրող բալետմայստեր Արա Ասատուրյանի եւ գլխավոր կերպարներից աբեղային մարմնավորող Գոռ Սարգսյանի ու Րաֆֆի Գալստյանի հետ:

- Ըստ Նյուտոնի՝ ձգողականությունը (գրավիտացիա) հիմնարար փոխազդեցությունն է բոլոր նյութական մարմինների միջեւ: Ինչի՞ց է ձեզ համար սկսվում ձգողականությունը:

Շարաֆյան. Ձգողական ուժը համատիեզերական երեւույթ է եւ իսկապես ղեկավարում է ամեն ինչ: Երկար էինք փնտրում այնպիսի բառ, որը կարտահայտեր բալետի ասելիքը, եւ Նարինե Գրիգորյանի (լիբրետոյի ու գեղարվեստական գաղափարի հեղինակ,-հեղ.) միտքն էր նման վերնագիր ընտրել: Չնայած տարակուսում էի՝ ինձ թվում էր ձ-ն հանելիս ստացվում է գողականություն, Նարինեն էլ միանգամից բացատրեց, որ այդ դեպքում առանց հ-ի հպարտությունը պարտություն է:

Արա. Գրավիտացիան ավելի լավ է հնչում:


- Անվան ընտրության հարցում շա՞տ եք տանջվել, քննարկել ու չհամաձայնել իրար հետ:

Արա. «Հին աստվածները» շատ հայտնի գործ է, բայց մեր պատմության ու լիբրետոյի մեջ շեշտադրումները փոխվել են, դրա համար էլ գրավիտացիան ամենաճիշտն է արտահայտում բալետի հիմքում Նարինեի դրած մտահղացումը:

Գոռ. Այս բալետում ամեն ինչ զգացական է՝ յուրաքանչյուր րոպե ու շարժում ապրում ես: Հրաշալի է ստացվել, ամեն անգամ պարելիս մեզ նորովի ենք գտնում եւ ուրիշ լուծում տալիս:

Րաֆֆի. «Ձգողականությունը» նաեւ երկակիության մասին է. Նարինեն հաճախ էր մեզ ասում, որ կրակը կարող է ե՛ւ վառել, ե՛ւ տաքացնել: Ես ու Գոռն աբեղային ենք մարմնավորում, ով ձգտել է դեպի բնականը, ազատությունը, դեպի վերեւ: Փիլիսոփայական է նաեւ վերջում իր թռչուն դառնալն ու ճախրելը:

Արա. Նաեւ երկակիության շուրջն էինք մտորում վերնագիր ընտրելիս. վանահայրն ու  աբեղան մի ընդհանուրի երկու կեսն են՝ ամեն մեկն իր ձեւով է ձգտում ծայրահեղության, նրանց երկխոսությունն էլ ամեն մարդու մեջ ապրող տարբեր եսերի պայքարն է:

Րաֆֆի. Մեկը ձգտում է բնությանն ու տրվում նրան, մյուսը՝ փորձում խեղդել սերն իր մեջ: Վանահայրը մնում է իր հավատքին ու կրոնին հավատարիմ, իսկ աբեղայի դեպքում սերն է հաղթում:


Շարաֆյան. Երկար տարիներ աշխատել եմ Երուսաղեմի ճեմարանում ու այս հարցում բավական խորացել (ծիծաղում ենք,-հեղ.): Ես էլ էի կանգնել ընտրության առաջ՝ դառնալ հոգեւորական, թե մնալ աշխարհիկ կյանքում: Ամուսնացա, նույնիսկ՝ փախա, հետո վտարվեցի, ապա վերադարձա. հետաքրքիր տարիներ եմ անցկացրել: Սիրում եմ հոգեւորականների մթնոլորտն ու ուսանողներին, որոնց մեջ այնքան մաքրություն կա: Դա երեւում է նաեւ բալետի մեջ. գրելիս մտովի վերադարձա այդ օրերը:

Րաֆֆի. Դուք էլ եք փաստորեն աբեղա (ծիծաղում ենք,-հեղ.):

Արա. Որոշ չափով կենսագրական գործ է ստացվել:

Շարաֆյան. Անսպասելի էր, երբ առաջարկեցին ստեղծել բալետը, մյուս կողմից էլ հաճախ է լինում, որ այն, ինչ ուզում եմ անել, նպաստող հանգամանք է առաջանում: Հոգեւորականներին արգելվում է ընտանիք կազմել, քանի որ արդեն ամուսնացած են եկեղեցու հետ: Դա կարեւոր ու արդիական հարց է ամբողջ աշխարհում, որովհետեւ այդ երեւույթը քրիստոնեությունն ընդունելուց շատ ավելի հետո է ի հայտ եկել: Գրիգոր Լուսավորիչը կին ու որդի ուներ, հաջորդ կաթողիկոսները հենց նրա տղան ու թոռը եղան, հետո սկսեցին աղջիկներ ծնվել, ու այնպես ստացվեց, որ կինը սկսեց խանգարել (ծիծաղում ենք,-հեղ.): Այս պատմության մեջ բոլորս գործող անձինք ենք, եւ արվեստի ուժը հենց նրանում է, որ բարձրացնում ենք մեր օրերում արդիական դարձած հարցեր:

Արա. Ծայրահեղությունների աշխարհում տեսնում ենք, որ մի կողմն իրեն ամեն ինչ թույլ է տալիս, մյուսն՝ ամեն ինչից հրաժարվում: Ոսկե միջինն է պետք գտնել, այ, հենց դա ենք մենք փորձում անել բալետի միջոցով:  

Րաֆֆի. Ով այդ միջինը գտնի, երջանիկ մարդ կլինի: Միջինը հավասարակշռությունն է, եթե աշխարհն այն կորցնի, ամեն ինչ կխախտվի ու քաոս կտիրի: Աշխարհը պահում են հենց հավասարակշռություն ունեցող մարդիկ:

Րաֆֆի Գալստյանը եւ Գոռ Սարգսյանը


- Ավելի շատ բալետի զգայական կողմից խոսեցինք, իսկ ինչպիսի՞ն էր այն ստեղծելու ընթացքը, սկսենք երաժշտությունից:

Շարաֆյան. Բալետը ստեղծելու ընթացքը մոտ մեկ տարի տեւեց. միաժամանակ մի քանի գործի վրա էի աշխատում: Բեմադրելու գործը հանձն էր առել Վիլեն Գալստյանը, բայց, ցավոք, հիվանդացավ: Երբ բեմադրությունը ստանձնեց Նարինե Գրիգորյանը, որոշ հատվածներ դուրս եկան, փոխարենը նորերը եղան, հիմա էլ փոփոխություններ անելու առաջարկ կա: Այս տարբերակը մոտ 80 րոպե է տեւում, իսկն այսօրվա ունկնդրի համար է, ոչ ոք պակաս բան չի զգում: Թեեւ որոշ կրճատումների դեմ պայքարում էի (ծիծաղում ենք,-հեղ.):

- Բոլոր հեղինակների համար դժվար է իրենց գրածից որեւէ բան պակասեցնել:

Արա. Միշտ այդ պայքարը կա, որովհետեւ գրելու ընթացքում հոգեհարազատ են դարձել ու հանկարծ դուրս են մնում:

Շարաֆյան. Զանգվածային տեսարաններ կային, որ թեեւ բավական ճոխ էին ստացվել, դուրս մնացին: Հիմա զգում եմ, որ այսքանն էր պետք, բայց նրանք էլ ափսոս էին:

Վաչե Շարաֆյանը եւ Արա Ասատուրյանը


- Արա, Դուք ինչպե՞ս այդ գեղեցիկ երաժշտությունը վերածեցիք շարժման ու կյանք տվեցիք:

Արա. Նարինե Գրիգորյանի շնորհիվ էր. շատ հետաքրքիր կոնցեպտ առաջարկեց: Նա մի քիչ բարդույթավորվում էր, որ բալետից այնքան էլ չի հասկանում, բայց իրականում համեստություն էր անում, քանի որ ամեն ինչ արագ ընկալեց: Այդ լիբրետոն լրիվ բալետային է, ներկայացման կմախքն ինձ ճիշտ փոխանցեց, որի հիման վրա էլ հավաքվեցին պլաստիկ տեսարանները: Նարինեն երեւակայության ու խելքի տոպրակ է, կարողանում է տարատեսակ մտքերը գաղափարական հիմքի վրա դնել, դրանում էլ նրա յուրահատկությունն է: Ամեն ինչ ստացվեց նաեւ մեր դերակատարների շնորհիվ: Կարելի է ասել, որ մաքուր բալետ չէ, այլ պլաստիկ դրամա՝ ի վերջո թատերական տարրն ուժեղ է, իսկ այն պահանջում է անկեղծ խաղ ու իրական զգացմունքներ:

- Տղաներ, պատմեք՝ այդ ի՞նչ կարեւոր փորձ ստացաք ու ինչպե՞ս մտաք աբեղայի կերպարի մեջ:

Գոռ. Մեզ համար նորություն էր տեսնել, թե թատրոնն ու բալետն ինչպես են միաձուլվում: Շատ եմ սիրում ազատ շարժուձեւ, բայց, ցավոք, խաղացանկում մոդեռն բալետային ներկայացումներ չունենք, հուսով եմ՝ կավելանան: Նարինեի հետ աշխատելը շատ ուրիշ էր, նա բացատրում էր ամեն շարժման իմաստն ու ինչպես մեր հոգեվիճակով այն ստանանք: Երբ համեմատում եմ ինձ առաջ ու հիմա՝ մեծ փոփոխություն եմ նկատում, թեկուզ՝ ներքին աշխարհի հետ կապված: Սկզբում մի փոքր բարդ էր, նման կերպ չէինք աշխատել, միշտ կոնկրետ շարժումներ ու վիճակ էր եղել: Պետք է կարողանայինք հանդիսատեսին հասկացնել, թե ամեն դրվագում ինչ ենք զգում, ինչ է կատարվում մեզ հետ ու ինչ ենք անում: Բայց նախ ինքներս պետք է այդ ամենը մեզ համար պարզեինք: Ամեն շարժումն իմաստավորված է, արտահայտում է հոգեվիճակ ու շատ գեղեցիկ է ստացվել:

Գոռ Սարգսյանը


Րաֆֆի. Նարինեն մեզ համար գրքից հատվածներ էր կարդում ու բացատրում ժեստերով: Վերցնում էինք նրա դերասանական խաղից եւ միմիկաներից, վերամշակում եւ ինքներս արտադրում: Բալետը համր արվեստ է, իսկ այս ներկայացման մեջ ձայնարկություններ, աղոթքի տեսարան ու խոսքի հատվածներ կան: Բեմադրողն ու ռեժիսորը մեզ ազատություն էին տվել, ու ամեն ինչ բնական էր ստացվում: Տեսարան ունենք, որ տղաների պարի ժամանակ դահլիճում խունկի հոտ է տարածվում, դա էլ օգնում է մթնոլորտ ստեղծել: Բեմի հնարավորություններն օգտագործել ենք. հետեւի հատվածը բարձրանում է, ցատկում ենք ու հայտնվում ջրի տակ:

Արա. Մի փոքր վտանգավոր էլ է նման ցատկ կատարելը, բայց պարողները խիզախորեն նետվում են: Վախենում էինք նրանց համար:

Րաֆֆի. Բեմի բանվորներն ամեն անգամ ուզում էին քիչ իջեցնել, որ չվնասվենք, մենք էլ դեմքի վրա ենք ընկնում. բարձրությունը մոտ 1,5 մետր է:

- Գեղեցիկ է ստացվել նաեւ եկեղեցու պատկերը, աստղազարդ երկինքը, էկրանին երեւացող աբեղան: Այդ տեսանյութում ձեզնից նաեւ դերասանական հմտություն է պետք գալիս:


Րաֆֆի. Տպավորություն է, որ պարզապես նկար է, բայց այն կենդանի պատկեր է. մոտ 5 րոպե մի կետի ենք նայել:

Արա. Այդ ընթացքում Նարինեն անընդհատ խոսել է ու տրամադրել նրանց:

Րաֆֆի. Բավական դժվար էր, աչքերը չորանում էին, թարթել չէինք կարող, բայց մի կերպ դիմանում էինք (ծիծաղում ենք,-հեղ.):

Րաֆֆի Գալստյանը


Արա. Ներկայացման ձեւավորումն արել ու ֆիլմը նկարել է Սուրեն Թադեւոսյանը: Նրա հետ էլ հետաքրքիր էր աշխատել, բավական բծախնդիր է ու եզրափակիչ տեսարանի պատճառով այնքան է տանջել: Փորձերի վերջին օրն էր, բոլորը հոգնած էին, անընդհատ չէր հավանում, ժամերով աշխատեցրել է, ու վերջում հասկացանք, թե ինչի համար էր այդքան տանջում:

Րաֆֆի. Երբ նման նվիրվածություն ես տեսնում, դու էլ ես ուզում լավ արդյունք ապահովել, մոտիվացված ես լինում ու հնարավորը ներդնում հաջողության համար:

- Ինչո՞ւ էր պետք 1909 թվականին Լեւոն Շանթի գրած դրաման 2022-ին բեմադրել նորովի:

Շարաֆյան. Մեր արձակի լավագույն գործերից է: Շանթը եղել է մեր Առաջին հանրապետության ղեկավարներից մեկը, բայց բոլորը նրան լքել են, երբ երկրում խորհրդային կարգեր են հաստատվել: Անգամ այն տարիներին պիեսը բեմադրվում էր  Պետերբուրգում, որովհետեւ շատ ուժեղ ասելիք ուներ: Եթե Կոմիտասը գրի չառներ հողի հետ աշխատող մարդկանց երգերը մինչեւ տրակտորների կիրառությունը, կկորչեին: Եզակիներից ենք, որ հորովելներ ունենք, որովհետեւ մեր հողն այնքան քարքարոտ էր ու այն մշակելը մի ամբողջ ծիսակարգ էր: Երբ օպերային ձայնով մեկը ժողովրդական երգ է կատարում, գյուղացին միանգամից զգում է, որ սուտ է: Նույն  հարցը մեր առաջ էր դրված՝ ինչպե՞ս կյանք տալ «Հին աստվածներ»-ին, որ կեղծ չստացվի: Ու դա արեցինք բալետի լեզվով: ԱՄՆ-ից Կատյա Քուշերյանն առաջարկեց բալետ անել, մինչ այդ իրեն չէի ճանաչում, բայց նա լսել էր իմ երաժշտությունը: Իրեն էլ ասել եմ, որ հանճարեղ քայլ էր, քանի որ այս գործը թատերականացված բալետի լեզու էր պահանջում: Իսկ Նարինե Գրիգորյանին հրավիրելը Կարեն Դուրգարյանի գաղափարն էր:


Արա. Կարեւոր էր, որ ե՛ւ հայ գրականության նմուշ օգտագործենք, ե՛ւ ժամանակակից կոմպոզիտորի գործ: 70-80-ականներին բոլոր հայ կոմպոզիտորները բալետներ էին գրում, ժամանակին հայրս (Աշոտ Ասատուրյան,-հեղ.) էլ է բեմադրել նրանց գործերը: Այդ ավանդույթը պետք է վերականգնել, որովհետեւ լավ նմուշներ ունենք: Անցած տարի արեցինք Չարենցի «Սոմա»-ի հիման վրա գրված Տերտերյանի օպերան:

Շարաֆյան
. 3 բալետ ունեմ, 4-րդը ստեղծման փուլում է, բալետային լեզուն ինձ միշտ գրավել է, որովհետեւ մարդը քայլելուն զուգահեռ հարաբերության մեջ է մտնում  բնության հետ: Պարողներից ամեն մեկի դեպքում բեմադրության ոճը փոխվում է, որովհետեւ Րաֆֆին ու Գոռն իրենց սիրտն ու ոգին են դնում:

Րաֆֆի. Ամեն մեկս յուրովի է պարում ու սյուժեն իր ձեւով պատմում:  

Շարաֆյան. Ամեն անգամ բեմի վրա նոր ներկայացում է ստեղծվում. սա մեռած արվեստ չէ: Խորհրդավորություն է լինում ամեն անգամ: Պետք է անպայման նշեմ Վիկտորիա Ռիեդոյին, որը շատ գեղեցիկ ձեւավորում է արել:

Վաչե Շարաֆյանը եւ Արա Ասատուրյանը


Արա. Աբեղաներից բացի, շատ լավ վանահայր ունենք, որի դերում վաստակավոր արտիստ Սեւակ Ավետիսյան է: Նա, ցավոք, վնասվածք ստացավ ու վերջին ներկայացմանը նրան փոխարինեց Արտաշես Հակոբյանը: Նա էլ երիտասարդ է, կարողացավ ճիշտ կերտել կերպարը, մեր Սեդաները՝ շատ գայթակղիչ ու գեղեցիկ Անահիտ Վասիլյանը եւ Նարե Մարկոսյանը, իշխանուհիները՝ Տաթեւիկ Բոլշիկյանն ու Մարիամ Ասլանյանը: Բավական երիտասարդ կազմ է հավաքվել:

Րաֆֆի. Կույր վանահայրը:

Արա. Նրան Վահե Բաբաջանյանն է մարմնավորում, միշտ հանդիսատեսի ուշադրության կենտրոնում է, անփոխարինելի է:

Րաֆֆի. Լինզաներ դնելն էլ իր միտքն էր:

Արա. Դրանց պատճառով համարյա չի տեսնում, բայց շատ լավ է պարում:


- Ամեն մեկդ ի՞նչ եք տալիս կերպարին, որ աբեղաներն այդքան տարբեր են ստացվում:

Գոռ. Շատ տարբեր ենք պարում: Աբեղայի կերպարը մի նախանձելի բան ունի՝ ամեն դժվարության միջով անցնում է ու հասնում իր սիրուն: Ես նրան այլ կերպ եմ զգում, Րաֆֆին՝ այլ, բայց գիտեմ, որ երկուսիս դեպքում էլ հաջող է ստացվել:

Րաֆֆի. Տարբեր է ստացվում՝ ելնելով մեր կազմվածքից, բնավորությունից ու հնարավորություններից: Ամեն մեկս պատմությունը մեր լեզվով ու աչքերով ենք ներկայացնում: Ամեն մեկս ե՛ւ աբեղա ենք, ե՛ւ վանահայր, ինչու ոչ՝ նաեւ կույր վանական ու, միգուցե, Սեդա: Այդ կերպարները պատմում են այսօրվա մարդկանց մասին, որոնք մեր շուրջն են:

Գոռ. Սեդաներն էլ, վանահայրերն էլ տարբեր կերպ են պարում: Սեւակի ու Արտաշի հետ պարելիս լրիվ ուրիշ էմոցիաներ եմ ունեցել, ինձ համար էլ էր բացահայտում. չէի պատկերացնում, որ ներսում ամեն ինչ կարող է փոխվել: Վերջին ներկայացումը լրիվ այլ ստացվեց: Ամեն մեկս ունենք մեր զույգ Սեդան, որոնք էլ յուրովի են ընկալում պատմությունն, ինչն անդրադառնում է նաեւ մեզ վրա:


Րաֆֆի. Բեմի վրա այդ հարաբերություն ասվածը կա: Կույր վանականի դերում Վահեն հարվածում է ու փորձում աբեղային խելքի բերել՝ մեզ ընդհանրապես չի խնայում:

Արա. Վերջին ներկայացման լուսանկարներում Գոռի մարմնին կարմիր հետքերը արտահայտված երեւում են:

Գոռ. Բավական ուժեղ էր հարվածել, վերջում մոտեցավ եւ ներողություն խնդրեց: Այնքան էր դերի մեջ, որ չէր զգում, թե ինչ է անում: Շատ հաճելի է պարել այդպիսի մարդու հետ: Անկեղծ՝ այս ներկայացումն առաջին ակտից մինչեւ վերջինը փշաքաղվելով եմ պարում:

Րաֆֆի. Եթե պարելիս անգամ ոտքդ կոտրվի, չես զգա ու կշարունակես ելույթդ: Պրոֆեսիոնալ պարողը բեմ մտնելուց հետո ամեն ինչի մասին մոռանում է:

Րաֆֆի Գալստյանը եւ Գոռ Սարգսյանը


- Ո՞րն է ամեն մեկիդ համար ամենասիրելի հատվածը, որ մի քիչ առանձնանում է մյուսներից:

Շարաֆյան. Իսկապես սիրահարված եմ այս ներկայացմանը, բայց հեղինակ եմ, ու դա բնական է: Հանդիսատես կա, որ արդեն 3 անգամ դիտել է ներկայացումն ու էլի հուզվել: Ինքս էլ կլանված նայում էի, շշմելու բան է: Այնքան նվիրված է թիմը, պարզապես երջանիկ եմ, որ մեզ հաջողվել է նման բալետ ստեղծել:  

Արա. Ամբողջ բալետն է հոգեհարազատ, բայց կան տղամարդու ու կնոջ էներգետիկայով լի տեսարաններ՝ սեւազգեստ տղաների բուրվառներով պարը, բանականության եւ հոգու պայքարը, աղջիկների ու Սեդայի գայթակղությունների զգացմունքային կտորները: Ամենասիրելի մասերից է աբեղայի ու Սեդայի դուետը, որտեղ նրանք հիասքանչ երաժշտության ներքո միաձուլվում են, նույնիսկ պնդեցի, որ այդ կտորը երկու անգամ օգտագործվի:

Արա Ասատուրյանը եւ Հասմիկ Բաբայանը


Րաֆֆի. Տեսարաններից մեկում աբեղան իր սեւ զգեստը հանում է, ու Սեդայի հետ անհպում պարում են, շատ գեղեցիկ է ստացվել: Մարդիկ նույնիսկ հարցրին, թե դա էրոտիկա՞ է:

Գոռ. Զանգվածային տեսարաններից բուրվառների պարն եմ սիրում, երաժշտությունը հրաշալի է, տղաներն էլ կլանված պարում են, առանց փշաքաղվելու հնարավոր չէ նայել:



Շարաֆյան. Երուսաղեմում գիշերային հսկողություն կար, բայց լույսն էլեկտրական չէր, միայն լամպեր էին, որոնք աստիճանաբար հանգչում են, մինչեւ որ մնում ես մթության մեջ: Փորձել էի այդ ամենը երաժշտության մեջ բերել ու ցույց տալ բալետի լեզվով: Նորից կասեմ՝ ինձ համար մեծագույն երջանկություն է, որ նման թիմի հետ մնայուն արժեք ստեղծեցինք:

- Հոգեւորականի հագուստը շատ է փոխում ձեզ, հիմա լրիվ ուրիշ եք:

Րաֆֆի. Երեւի, հագուստն ամենասիրելի դետալներից է. հագնում ենք ու մեր աուրան եւ էներգետիկան լրիվ փոխվում է:

Շարաֆյան. Երբ Սեւակն է հագնում, լրիվ հոգեւորական է դառնում (ծիծաղում ենք,-հեղ.), շարժումները, մի քիչ դանդաղկոտությունը խորհրդավորություն են տալիս, զարմանալի բաներ են կատարվում:

- Փաստորեն, երբ «Ձգողականությունը» ժամանակակից բալետ են համարում, մոդեռ տարրերն են նաեւ հաշվի առնում, այդ թվում՝ պլաստիկան, երաժշտությունը:

Շարաֆյան. Սա նոր երաժշտություն է, երբեք ոչ մի տեղ չի հնչել, մարդ ամեն օր մի քանի անգամ կարող է Չայկովսկի միացնել ու ունկնդրել, բայց ժամանակին նա էլ է եղել ժամանակակից:

Արա. Ժամանակակիցը հետո միշտ դառնում է դասական, բայց պետք է տեղի ունենա այդ ընդունումը: Ինձ դուր եկավ այն, որ պարողներից շատերը սիրեցին բալետը:

Վաչե Շարաֆյանը եւ Արա Ասատուրյանը


- Ինձ հետ դահլիճում հիմնականում արտասահմանցիներ էին, սովորաբար, ովքե՞ր են գալիս ներկայացումը նայելու ու ի՞նչ արձագանքներ եք ստացել: (Րաֆֆին գնում է փորձի,-հեղ.):

Գոռ. Հաջորդաբար 4 ներկայացում ունեինք, եւ պրեմիերայի 2 օրերին դահլիճը լեփ-լեցուն էր:

Շարաֆյան. Հանդիսատեսը շատ տարբեր է եւ նրան էլ ժամանակ է պետք, որ ծանոթանա երաժշտությանն ու շարժումներին: 3-րդ անգամ ներկայացումը դիտած հանդիսատեսից այնպիսի բաներ լսեցի, որ նախորդ անգամները չէին զգացել:

- Ես էլ այն նորից նայելու ցանկություն ունեցա. երբեմն կտրվում էի ու գրքի հետ զուգահեռներ տանում եւ դա ինձ խանգարում էր:

Շարաֆյան. Հիշում եմ, երբ Սպենդիարյանի անվան դպրոցում էի սովորում, ուսուցիչներից մեկը ներկա էր եղել Խաչատրյանի «Սպարտակ»-ի առաջին կատարմանը: Պատմել է, որ դուրս են եկել ու ասել, որ ոչինչ չեն հասկացել: Դա ընթացք է, որ պետք է ժամանակի միջով անցնի: Առաջին 10 ներկայացումները դերասանների համար դեռ պրեմիերա են համարվում:

Գոռ. Մեզ համար ներկայացումն այնքան կարեւոր է, ու բոլորս ուզում ենք արտերկրում էլ պարել եւ տեսնել այնտեղի հանդիսատեսն ինչպես կընկալի:


Շարաֆյան. Հիմա նոր առաջադրանք ունեմ՝ բալետը փոքր նվագախմբի համար ձեւափոխել, որպեսզի կարողանանք արտերկիր տանել: Փաստորեն 3-րդ անգամ եմ այն փոխում (ծիծաղում է,-հեղ.) :

- Ի՞նչ եք ուզում ապագայում լինի «Ձգողականության» հետ:

Արա. Ինձ համար կարեւորն այն է, որ ներկայացումն ապրի: Իմն արդեն տվել եմ, ես սիրում եմ ստեղծման ընթացքը: Դեռ չեմ էլ հասցրել նորմալ տեսել, որովհետեւ անընդհատ կուլիսներից հետեւում եմ ու հուշում: Որքան երկար ապրի ու շատ հանդիսատես տեսնի, այնքան լավ կլինի:

Շարաֆյան. Ամենակարեւոր պայմանը ստեղծող-կատարող-ունկնդիր կապն է, կուզեմ, որ վերնագիրն օգնի ավելի շատ մարդ ձգել դեպի գործը:

Գոռ. Ուզում ենք ներկայացման պաստառները փոխել՝ հետաքրքիր տարբերակ ենք գտել ու փոշմանել, որ չենք օգտագործել: Այնքան ենք մտել ներկայացման մեջ, որ ամեն դետալ կարեւորում ենք: Առաջիկայում կտեսնեք մեր նոր մտքերը:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի ու օպերայի եւ բալետի թատրոնի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW