«Մեր թաղի տղերքը» առաջին երկարաժամկետ նախագիծն էր, որում նկարահանվեց Անահիտ Մանուկյանը, հետո, սակայն, որոշեց դադար վերցնել: Իսկ թե ինչու, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:
«Ուրախ եմ, որ առաջինը հենց այս սերիալում խաղացի: Տպավորություններս շատ ջերմ են: Դրական փորձ էր նաեւ այն առումով, որ կարողացա այդ ռիթմով աշխատանքը համատեղել թատրոնի հետ: Նախագծից հետո առաջարկների ալիք սկսվեց տարբեր հեռուստաընկերություններից, բայց որքան էլ զարմանում եմ հիմա՝ շատ հանգիստ մերժեցի դրանք: Չեմ սիրում հոգնեցնել դիտողին. փոքրիկ դադարները շատ ավելի լավ են ազդում ամեն առումով: Սպասված լինելու զգազողությունը ոչ մի դեպքում չպետք է կորչի»,- նշել է նա:
Անահիտ Մանուկյանը
Անահիտն այս ընթացքում նոր մասնագիտացում է ստացել. «Շատ պատահական կյանքն ինձ համար բաժանվեց երկու իրարից տարբեր բեւեռների: Շուտով աշխատելու եմ որպես բորտուղեկցորդուհի: Երազանք էր ու մեծ ուրախությամբ կարող եմ ասել, որ իրականացման ճանապարհին եմ: Չի բացառվում, որ մի օր օդաչու դառնամ, սա դեռ սկիզբն է(ծիծաղում է,-հեղ.)»:
Նշում է՝ իր առջեւ մեծ խնդիր է դրել, որ առաջին մասնագիտությունը ոչ մի դեպքում չտուժի. «Այս պահին զբաղվածություն ունեմ երկու տարբեր թատրոններում, շուտով հանդես կգամ նաեւ հեռուստատեսային նոր նախագծում: Փակագծերը դեռ չեմ բացում»:
Անահիտ Մանուկյանը
Անահիտը վերջերս է վերադարձել Դուբայից, որտեղ մեկնել էր հատուկ նպատակով. «Բոլորին թվում է՝ հանգստի էի մեկնել, բայց իրականում դասերի էի մասնակցում: Նախ Հայաստանում երկար ժամանակ սովորեցինք եւ քննություններ հանձնեցինք, հետո Դուբայում՝ լիարժեք պատրաստվածություն ունենալու համար: Հագեցած եւ անմոռանալի օրեր էին»:
Դերասանուհին խոստովանում է՝ չգիտի, թե ապագայում ինչ հորիզոններ կբացվեն իր առաջ. «Ուրախ եմ, որ տեսակով նույն տեղում մնացող չեմ: Ընտրությունը մերն է՝ կա՛մ հարմարվել ու բավարարվել նրանով, ինչ ունես ու լճանալ, կա՛մ անընդհատ գնալ առաջ, բացահայտել, սովորել ու ստանալ առավելը»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Մանուկյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: