×


Մարինա Ալեսը եւ Ծովինար Ամիրյանը

Վարպետի սիրելի երգերով ու աղանդերով. Tea Spirit Lab-ի թեյախմության երեկոն՝ Քոչարի թանգարանում

Վարպետաց դասեր, երաժշտական երեկոներ, հանդիպում-քննարկումներ արվեստի, փիլիսոփայության եւ հոգեբանական թեմաների շուրջ, որոնց հիմքում գլխավորն է՝ թեյախմությունը։ Երեք գործընկերներին հենց այս գաղափարն է համախմբել մեկ նպատակի շուրջ, երբ որոշել են միասին հիմնել «Tea Spirit Lab»-ը եւ թեյախմության տարաբնույթ միջոցառումներ կազմակերպել ամենայուրօրինակ մշակութային վայրերում ու ամենահետաքրքիր մարդկանց մասնակցությամբ։ Վիկտորյա Օհանյանը (ակնաբույժ), Գոհար Շահսուվարյանը (բժիշկ-գենետիկ) եւ Հասմիկ Հայրապետյանը (կենսաբան-գենետիկ) միասին աշխատում են բժշկության ոլորտում, երկար տարիներ է՝ միմյանց ճանաչում են, եւ վերջին ժամանակների ցավալի իրադարձությունները նրանց ստիպել են ստեղծել մի մտերմիկ միջավայր, որտեղ մարդիկ կզրուցեն, կշփվեն, կկիսվեն ու մի պահ կհեռանան առօրյա դժվարություններից։


Այդպիսի մի առիթով էլ երեկ նրանք արտ-թեյախմության երեկո էին կազմակերպել մեծանուն գեղանկարիչ եւ քանդակագործ Երվանդ Քոչարի թանգարանում։ Միջոցառման հյուրերը շրջայցի ժամանակ բացահայտեցին տարածական նկարչության գաղտնիքները, այնուհետեւ դիտեցին վարպետին նվիրված ֆիլմը, հետաքրքիր զրույցի շուրջ համտեսեցին նրա նախընտրած աղանդերն ու յուրօրինակ համեմունքներով պատրաստված թեյերը։ Այս ամբողջ ընթացքն ուղեկցվեց Ծովինար Ամիրյանի կատարումներով, որոնց շարքում ինչպես դասական եւ օպերային գործեր էին (պարզվում է՝ մաեստրոն սիրել է աշխատելիս երգել այս ոճի ամենատարբեր ստեղծագործություններ, նույնիսկ իր գրածները), այնպես էլ հայկական։ Երեկոյի վերջին հատվածում էլ ներկաները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել Քոչարի որդուն՝ կինոռեժիսոր, սցենարիստ Ռուբեն Քոչարին։

«Tea Spirit Lab»-ի համահեղինակ Վիկտորյա Օհանյանը


«Թեյախմությունը մտերմիկ շփման ամենահին եւ, իհարկե, հաճելի միջոցներից է, որը թույլ է տալիս ոչ միայն վայելել թեյը, նրա բույրը, բուժիչ հատկությունները, այլեւ հնարավորություն է տալիս այդ ամենը համատեղել հետաքրքիր զրույցների, քննարկումների, վարպետաց դասերի, հաճելի երաժշտության եւ այլ ակտիվությունների հետ։ Ու քանի որ մենք այդ ամենին մեծ տեղ ենք տալիս, որոշեցինք համախմբվել ու միավորել յուրաքանչյուրիս ունակությունները, նախասիրություններն ու ծանոթությունները, ստեղծել ակումբային ձեւաչափ, որտեղ նույն հետաքրքրություններն ունեցող մարդիկ հաճույքով ժամանակ կանցկացնեն թեյի շուրջ»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Գոհար Շահսուվարյանը։

Ծովինար Ամիրյանը


Նա ընդգծեց՝ թեյախմության առավելություններից է նաեւ այն, որ մասնակցության համար չկա տարիքային սահմանափակում. «Ոգելից խմիչքների շուրջ հավաքվելը եւս հաճելի է, սակայն այն ունի սահմափակում՝ 18+, իսկ մեր ակումբը չունի ո՛չ տարիքային, ո՛չ սեռային սահմանափակումներ, մենք փորձում ենք գոհացնել յուրաքանչյուրի նախընտրությունը»։

«Tea Spirit Lab»-ի համահեղինակ Հասմիկ Հայրապետյանը


Թե ինչպես է ընտրվում միջոցառման թեման ու ձեւաչափը՝ «Tea Spirit Lab»-ի հեղինակներն ասում են՝ կախված է նրանից, թե ով է լինելու գլխավոր հյուրը կամ որտեղ է անցկացվելու թեյախմությունը. «Սկզբում հրավիրում էինք մեզ ծանոթ մարդկանց, որոնք հետաքրքիր մասնագիտություն ունեն ու կարող են ոգեշնչող, ճանաչողական զրույցներ վարել։ Նրանցից շատերն էլ առաջարկում էին յուրօրինակ վայրեր, որտեղ կարելի է հանդիպել։ Օրինակ՝ շատ հաճելի երեկո ենք ունեցել Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում, որտեղ նույնիսկ գաթա պատրաստեցինք միասին։ Հոգեբանական ու փիլիսոփայական զրույցների օր ենք ունեցել ճապոնական ռեստորանում։ Թեմաներն ու վայրերը շատ տարբեր են, բազմաբնույթ, իսկ մեզ միացող հյուրերից շատերն արդեն մշտական մասնակիցներ են դարձել»,- մեր զրույցում պատմեց Վիկտորյա Օհանյանը։


Նա նաեւ նշեց, որ թեյախմության երեկոները շարունակական են լինելու, եւ փորձելու են ամսվա մեջ նվազագույնը մեկ-երկու անգամ անցկացնել։ «Tea Spirit Lab»-ը ներկայացված է ֆեյսբուքյան եւ ինստագրամյան հարթակներում, այնպես որ, կարող եք միանալ էջերին եւ հետեւել առաջիկա նորություններին ու սպասվող միջոցառումներին՝

Tea Spirit Lab Armenia

https://www.instagram.com/teaspirit_lab/

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հովհաննես Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW