×


Օսկար 2023. «Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից»-ի հաղթարշավը ու բեմում հայտնված իշուկը

Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում 95-րդ անգամ անցկացվեց «Օսկար» մրցանակաբաշխությունը: Երեկոն սկսվեց Ջիմմի Քիմելի բավական երկար ու մի քիչ հումորային մենախոսությամբ առաջադրված թեկնածուների մասին. հաղորդավարը չմոռացավ հիշատակել նաեւ նախորդ տարվա Ուիլ Սմիթի ապտակը:

Թեեւ վերջում հայտարարվեցին ամենակարեւոր անվանակարգերի հաղթողները, նախ նրանց հիշատակենք. Դենիել Շեյներտն ու Դենիել Քվանն արժանացան լավագույն ռեժիսորի տիտղոսին. նրանց «Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից» ֆիլմը երեկոյի գլխավոր արձանիկներին արժանացավ:


Լավագույն դերասանը Բրենդան Ֆրեյզերն է՝ «Կետ» ֆիլմում դերի համար: «Աստված իմ: Շնորհակալություն նման համարձակ ֆիլմ ստեղծելու համար: Շնորհակալություն Դարրեն Արոնոֆսկուն՝ ինձ ստեղծագործական փրկություն նետելու եւ «Կետ» անունով բարի նավ տեղափոխելու համար»,- ասաց նա:

Միշել Յեոն լավագույն դերասանուհին է ու առաջին ասիացին, որն Օսկար է ստանում գլխավոր դերի համար՝ «Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից» ֆիլմին 6-րդ արձանիկը բերելով:


«Բոլոր փոքրիկ աղջիկներին ու տղաներին՝ սա հույսի եւ հնարավորությունների մրցանակ է, ապացույց, որ մեծ երազեք: Սիրելի կանայք, երբեք թույլ չտաք, որ ասեն ձեր ժամանակն անցել է: Այս արձանիկը նվիրում եմ իմ մայրիկին ու աշխարհի բոլոր մայրերին, քանի որ նրանք սուպերհերոսներ են, առանց որոնց մեզնից ոչ մեկն այստեղ չէր լինի: Մայրս 84 տարեկան է ու հիմա Մալայզիայում դիտում է մրցանակաբաշխությունը: Արձանիկը բերում եմ տուն»,-նշեց 60-ամյա Յեոն:

Իսկ լավագույն ֆիլմը, ինչպես եւ արդեն սպասվում էր, «Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից»-ն է: Այս ֆիլմն Օսկարի արժանացավ նաեւ «Լավագույն օրիգինալ սցենարի» համար:

Երկրորդ պլանի լավագույն դերասանի եւ դերասանուհու անունները միասին հայտարարեցին այս անվանակարգերում նախորդ տարվա հաղթողները: Բաղձալի արձանիկները ստացան «Ամեն ինչ, ամենուր եւ միանգամից» ֆիլմի դերակատարներ Կե Հյուի Քուանը եւ Ջեյմի Լի Քերթիսը:


«Մայրս 94 տարեկան է ու տանը մեզ է նայում: Մամ, հաղթեցի Օսկարը: Չեմ հավատում, որ նման բան ինձ հետ տեղի ունեցավ, սա է ամերիկյան երազանքը, շնորհակալ եմ բոլորին: Ամեն ինչի համար պարտական եմ իմ կյանքի սիրուն՝ կնոջս, ով 20 տարի կրկնում էր, որ իմ ժամանակը գալու է: Երազանքներին պետք է հավատալ, ինչ-որ պահի հանձնվում էի, բայց բոլորին հիշեցնում եմ՝ միշտ վառ պահեք երազանքները»,- արցունքն աչքերին ասաց Քուանն ու հուզեց ողջ դահլիճին:

Նա չէր կարողացել զսպել արցունքները նաեւ «Ոսկե գլոբուս»-ում հաղթելուց հետո: Քուանն այն տղան է, որը 38 տարի առաջ Հարիսոն Ֆորդի հետ խաղացել է Սփիլբերգի «Ինդիանա Ջոնս» ֆիլմում:


«Լավագույն վավերագրական ֆիլմը» «Նավալնի»-ն է, «Լավագույն կարճամետրաժ ֆիլմը»՝ «Հրաժեշտ իռլանդական ձեւով»-ը, «Լավագույն օպերատորական աշխատանքի» համար արձանիկ ստացավ Ջեյմս Ֆրենդը («Արեւմտյան ճակատում նորություն չկա»), «Լավագույն դիմահարդարման եւ վարսահարդարման» համար` «Կետը» ֆիլմի անձնակազմը:



«Հագուստի լավագույն դիզայն» անվանակարգում հաղթողի անունը հայտարարելուց առաջ բեմում Քիմելի հետ հայտնվեց «Ինիշերինի բանշիները» ֆիլմում նկարահանված իշուկը: Իսկ հաղթող դարձավ Ռութ Քարթերը՝ («Սեւ հովազ. ընդմիշտ Վականդա»), «Լավագույն միջազգային ֆիլմը» գերմանական «Արեւմտյան ճակատում նորություն չկա»-ն է, որը նաեւ ստացել է «Լավագույն արտադրական դիզայն»-ի եւ «Ֆիլմի համար գրված լավագույն երաժշտության» արձանիկները: «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմը» հնդկական «Փղերին հմայողներն» է, «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը»՝ «Տղան, խլուրդը, աղվեսն ու ձին», «Լավագույն վիզուալ էֆեկտները» «Ավատար. ջրի ուղին» ֆիլմինն են:


Ահա եւս մի քանի անվանակարգեր՝ «Լավագույն անիմացիոն ֆիլմ»՝ «Գիլյերմո դել Տորոյի Պինոկիոն», «Լավագույն ադապտացված սցենար»՝ «Խոսում են կանայք», «Լավագույն ձայն»՝ «Թոփ Գան. Մավերիք», «Լավագույն երգ»՝ «Նաատու, նաատու»:


Շոուի ամենասպասված պահերից մեկը Ռիհաննայի ելույթն էր: Երկրորդ անգամ մայրանալ պատրաստվող երգչուհին կատարեց «Սեւ հովազ. ընդմիշտ Վականդա» ֆիլմի Lift Me Up սաունդթրեքը: «Թոփ Գան. Մավերիք» ֆիլմի Hold My Hand սաունդթրեքն էլ կատարեց Լեդի Գագան:


Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին