×


Արսեն Սաֆարյանը՝ Վարդուհի Վարդանյանի հիշատակի համերգի օրը

«Մի օր առաջ միասին էինք ճանապարհից վերադառնում, իսկ հաջորդ օրը նման լուր լսեցինք». Սաֆարյանը՝ Վարդուհի Վարդանյանի մասին

Վարդուհի Վարդանյանի հիշատակի օրն է այսօր: 20 տարի առաջ՝ հոկտեմբերի 15-ին, Սեւան-Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով կյանքից հեռացավ սիրված երգչուհին: Վարդուհու մասին զրուցել ենք նրա մտերիմ ընկերներից մեկի՝ երգիչ Արսեն Սաֆարյանի հետ:

- Ինչպես է սկսվել Ձեր եւ Վարդուհի Վարդանյանի ընկերությունը;

- Առաջին անգամ հանդիպել ենք Երգի պետական թատրոնում։ Որպես փորձառու երգչուհի՝ նա միանգամից շատ ջերմ ընդունեց ինձ եւ միշտ մեր կողքին էր։ Միշտ օգնում էր նորեկներին, աջակցում նրանց, ովքեր դրա կարիքն ունեին։ Միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել, հետագայում էլ տարիներով ընկերություն ենք արել: Իրար հումորն էլ էինք հասկանում, եւ դա շատ կարեւոր է:

- Նա Ձեզ համար ավելի շատ ընկե՞ր էր, թե՞ մեծաշնորհ երգչուհի:

- Ինձ համար նա ե՛ւ ընկեր էր, ե՛ւ մեծաշնորհ երգչուհի։ Վարդուհին առաջիններից էր, որ Հայաստանի դրոշը բարձրացրել է տարբեր միջազգային մրցույթներում։ Մենք հավատում էինք, որ եթե Վարդուհին որեւէ տեղ է գնում, դատարկ ձեռքով չի վերադառնա։ Իսկ ընկերությունն էլ ընկերություն էր. թատրոնում, կարելի է ասել, բոլորս միասին ենք ապրում։

Վարդուհի Վարդանյանը


- Ի՞նչն էր առանձնահատուկ Վարդուհի Վարդանյանի կերպարում։

- Հիմա, երբ հիշում եմ նրան, մեծ ափսոսանք եմ ապրում, որովհետեւ դժվար է մեկ մարդու մեջ այդքան լավ հատկանիշներ գտնել։ Հրաշալի երգչուհի էր, հրաշալի մարդ, մայր ու կին։ Շատ եմ ափսոսում, որովհետեւ նա դեռ շա՜տ-շատ անելիքներ ուներ։ Հայկական երգարվեստի գունապնակի ամենակարեւոր գույնը պակասեց... Շատ եմ ափսոսում:

- Ի՞նչն է օգնում մեղմել կարոտը։

- Հենց ձայնը լսում ես, միանգամից տակնուվրա ես լինում, բոլոր հիշողությունները վերադառնում են, ու դեմքիս ժպիտ է հայտնվում։ Նրան առանց ժպիտի չեմ կարող հիշել։ Ասում են՝ ժամանակը բուժում է, բայց ժամանակը չի բուժում, պարզապես ինչ-որ չափով սպիացնում է վերքը, բայց այդ սպին միշտ ցավում է։ Նրա ներկայությունը զգում ենք՝ երգերը լսելով, քույրերի ու տղայի հետ շփվելով։ Այսպես պիտի լրացնենք նրա բացակայությունը, այլ կերպ չի լինի:

Վարդուհի Վարդանյանը


- Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք:

- Դեպքեր շատ են եղել՝ անսպասելի, հումորային, կիսահումորային։ Բայց երբ լսում եմ նրա ձայնը, հիշում եմ այն դեպքը, որից մեկ օր անց տեղի ունեցավ այդ ողբերգությունը։

Ես, Արսեն Գրիգորյանն ու Վարդուհին իմ մեքենայով վերադառնում էինք Ալավերդուց։ Եղանակը սարսափելի էր, մառախուղ էր։ Մի պահ Արսենը դուրս եկավ, որ օգնի՝ ճանապարհից դուրս չգանք։ Այդպես դժվարությամբ տեղ հասանք։ Ճանապարհին շա՜տ հումորներ էինք անում։

Եվ ափսոսանքս հենց դա է՝ մի օր առաջ այդքան դժվար ճանապարհով միասին եկել, հասել էինք, իսկ հաջորդ օրը նման լուր լսեցինք... Հիշում եմ՝ ինչ երգեր էինք լսում։ Սիլվա Հակոբյանի «Գիշեր է» երգը նոր էր թողարկվել, ու այդ երգը լսելով էինք գալիս։ Այդ օրն եմ միշտ հիշում...

- Ո՞վ էր գրում Վարդուհի Վարդանյանի երգերը:

- Տարբեր հեղինակներ էին գրում: Այդ թվում՝ նաեւ Արթուր Գրիգորյանը:

- Որո՞նք են նրա ամենահաջողված երգերը։

- Կառանձնացնեմ երկուսը՝ «Անդարձ մի օր»-ը եւ Արամ Ավագյանի «Հայաստան» երգը։ «Հայաստան»-ը շատ հզոր ու ազդեցիկ երգ է։ Մինչեւ այսօր էլ երգում են: Փորձում են երգել։

Արսեն Սաֆարյանը՝ Վարդուհի Վարդանյանի հիշատակի համերգի օրը


- Ի՞նչ բացթողումներ ունի ներկայիս երգարվեստը:

- Բացթողումների մասին չեմ սիրում խոսել եւ չեմ էլ խոսում։ Ավելի շատ լրացումներ են պետք, իսկ դրանք կարող են լինել գույների տեսքով։ Այդ գույները, կարծում եմ, հեղինակ-կատարողներն են, որովհետեւ հեղինակներն իրենց հետ բերում են նոր գույն, նոր մտածողություն։ Տեսնում եմ, թե որքան տաղանդավոր երիտասարդներ են մեծանում, եւ վստահ եմ, որ նրանցից էլ շատ հետաքրքիր գույներ են ի հայտ գալու, ու մեր երգարվեստը հարստանալու է։

Զրուցեց Մարինե Թաթոյանը

Կարդացեք նաեւ.

«Թութուշը կարծես բոլորիս գրկած լինի». Վարդուհի Վարդանյանի հիշատակի համերգն անցավ հուզմունքով ու հիշողություններով


Կարդալ ավելին

Quality Sign BW