×


Telcell-ը նոր ծրագրերով է ներկայացել DigiTec Expo 2023-ին

Նվերներով, անակնկալներով, մեծ նորություններով ու հասանելի դարձած նախագծերով Telcell ընկերությունը մասնակցեց DigiTec Summit and Expo 2023-ին՝ ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառմանը Հայաստանում։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ մեծ ու ընդարձակ տաղավարում, մարտի 10-12-ը «Թել-Սելն» իր օգտատերերին եւ այցելուներին ներկայացրեց նորացված էկոհամակարգը՝ Telcell Wallet, Telcell Business, Telcell Terminal, BON Market: Իհարկե, ընկերությունն այսքանով չէր սահմանափակվել, հետաքրքիր լուծումներ էր ներդրել՝ հաճախորդների լավ ժամանակն ապահովելու, ինչպես նաեւ սպասվող նախագծերի մասին պատմելու համար։ BRAVO.am-ը հյուրընկալվել է այդ տաղավարում, հետեւել ցուցահանդեսի ընթացքին եւ զրուցել Telcell-ի ներկայացուցիչների հետ՝ կարեւոր մանրամասներ պարզելով ինչպես առկա, այնպես էլ սպասվող ծրագրերի մասին։

Telcell-ի տաղավարը՝ նորարարական լուծումներով

«Այս տարի որոշեցինք մեր ընկերությունը ներկայացնել ոչ միայն այն պրոդուկտով, որով հայտնի է ողջ Հայաստանում, այն է՝ վճարային տերմինալներն ու էլեկտրոնային դրամապանակը, այլեւ մեր պրոդուկտային ամբողջական շարքով։ Մեր աշխատակիցներն այցելուներին ներկայացնում են բոլոր նորություններն ու ընթացիկ նախագծերը, այդ ամենի մասին տեղեկատվություն կա նաեւ մեծ էկրանին։ Բացի այդ, մեր հյուրերի հետաքրքիր ու հաճելի ժամանցն ապահովելու համար տաղավարում ներդրել ենք խաղային ապարատ, որտեղ ներկայացված են նվերներ՝ BON Market-ի մեր գործընկերներից։ Խաղալու եւ հաղթելու համար պարզապես պետք է Telcell Wallet հավելվածի միջոցով սքանավորել QR կոդը։ Ունենք նաեւ սուրճի հյուրասիրություն, որից նույնպես կարելի է անսահմանափակ օգտվել՝ QR կոդի սքանավորմամբ»,- մեր զրույցում պատմեց Telcell ընկերության Մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զարինա Ստեփանյանը։

Առաջնային պրոդուկտները՝ իրենց առավելություններով

Telcell-ն իր տաղավարում հերթով ներկայացնում էր իր էկոհամակարգի բոլոր պրոդուկտները։ Դրանցից առաջնայինը, իհարկե, Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակն է, որի միջոցով օգտատերերը կարող են ավելի քան 500 ծառայությունների դիմաց օնլայն վճարումներ կատարել աշխարհի ցանկացած կետից։ Ընդամենը պետք է հավելվածին կցել հայկական բանկային քարտ կամ անձնագիր կամ բացել բանկային հաշիվ՝ անմիջապես հավելվածից։

Արդեն սիրված ու ճանաչելի դարձած մյուս պրոդուկտը BON Market-ն է։ Telcell-ի օգտատերերը բոնուսային միավորներ են կուտակում վճարումների դիմաց եւ հնարավորություն ունենում դրանք փոխանակել Telcell Wallet-ի այդ բաժնում ներկայացված ապրանքներով։ Նախագծի հեղինակներն ընդգծում են, որ այս մասով եւս բաց են համագործակցության համար եւ պատրաստ են ներգրավել նորանոր գործընկերների՝ BON Market-ում ներկայացնելու իրենց ապրանքները, այդպիսով առավել ճանաչելի դարձնելու ընկերությունը․ չէ՞ որ օրական 65 հազարից ավելի օգտատեր է այցելում BON Market եւ ծանոթանում ցուցադրված ապրանքներին ու դրանք արտադրող կազմակերպություններին։


Telcell ընկերության բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Սամվել Բատիկյանն էլ մեր զրույցում խոսեց Telcell Business հավելվածի մասին, որը թեեւ շուկայում նորաբնակ է, բայց արդեն հասցրել է ավելի քան 3500 գործընկեր ձեռք բերել։ Բիզնեսի շատ ներկայացուցիչներ արդեն չեն էլ սպասում, որ Telcell-ը հանդես կգա համագործակցության առաջարկով, իրենք են դիմում՝ նախաձեռնությանը միանալու․ «Գործընկերներին մենք ներկայանում ենք մեր թվային լուծումներով՝ հաշվի առնելով շուկայի զարգացման միտումները, հաճախորդների եւ բիզնեսի կարիքները։ Հավելվածը հնարավորություն է տալիս առավելագույնը 5 րոպեում բիզնեսը գրանցել մեր հարթակում եւ սկսել ակնթարթային վճարումներ ընդունել թե՛ սպասարկման կետերից, թե՛ խանութ-սրահներից կամ էլեկտրոնային առեւտրի հարթակներից։ Հավելվածում գրանցվելով՝ մեր գործընկերները հասանելի են դառնում Telcell-ի ավելի քան 900 հազար օգտատերերի համար եւ կարողանում են նրանցից վճարումներ ընդունել։ Այս մասով էլ մենք բաց ենք համագործակցել օրենսդրական շրջանակներում գործունեություն ծավալող ցանկացած տեսակի բիզնեսի հետ եւ առաջարկել մեր լուծումները՝ հաշվի առնելով նրանց գործունեության առանձնահատկությունները»։

Սամվել Բատիկյանը նաեւ խոսեց տարաբնույթ միջոցառումներին որպես տոմսերի գնման վճարումների ընդունման օպերատոր ներկայանալու իրենց փորձի մասին՝ ընդգծելով, որ արդեն հասցրել են sold out-ի համբավ ձեռք բերել, այսինքն՝ Telcell-ի մասնակցության դեպքում տվյալ միջոցառման տոմսերը շատ արագ են սպառվում։ Նա հիշեցրեց, որ Մանկական Եվրատեսիլ 2022-ի ժամանակ Telcell-ը հանդես է եկել որպես ցուցադրման գլխավոր հովանավոր, ինչպես նաեւ ապահովել է ֆան զոնայի տոմսերի գնման վճարումների ընդունումը՝ ամենաարագ ու հարմար եղանակով, եւ հենց այդ ժամանակ էր, որ բոլոր տոմսերը վաճառվել են ընդամենը տասը րոպեում՝ շնորհիվ Telcell Wallet-ի անխափան աշխատանքի․ «Բոլոր այն կազմակերպությունները, որոնք նախատեսում են միջոցառումներ անցկացնել, կարող են դիմել մեզ, եւ մենք շատ արագ՝ ընդամենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տոմսերը հասանելի կդարձնենք մեր հավելվածում ու կապահովենք դրանց դիմաց ակտիվ վճարումները»։

Բրենդավորված Visa քարտեր, քաղաքային տրանսպորտում վճարային միասնական համակարգի ներդրում՝ Telcell-ի առաջիկա մեծ նորությունները

Սպասվող նոր ծրագրերի մասին զրուցեցինք Telcell ընկերության կոմերցիոն տնօրեն Արտյոմ Ղազարյանի հետ, ով կիսվեց մի շարք կարեւոր նորություններով․ «Մեր ընկերությունը վերջին տարիներին նոր մտահղացումների ու բարձրտեխնոլոգիական նախաձեռնությունների ճանապարհն է բռնել։ Telcell-ն իր գործունեության 15 տարիներին պահպանում է շուկայի առաջատարի դիրքը եւ այսօր դիրքավորվել է որպես ազգային օպերատոր։ Հիմա վերափոխվում ենք եւ ձեւավորում նոր էկոհամակարգ՝ բազմաթիվ ուղղություններով։ Օրինակ՝ ֆինտեխ համակարգում ներդնելու ենք ֆինանսական մի շարք ծառայություններ, այդ թվում՝ բանկային, վարկային, քարտային ծառայություններ ու այլ պրոդուկտներ, որոնք տեղ են գտնելու Telcell Wallet հավելվածում»։


Նա նաեւ պատմեց, որ Telcell ընկերությունը դեռեւս անցած տարեկեսին համագործակցության պայմանագիր է կնքել Visa միջազգային վճարային համակարգի հետ, եւ մոտ ապագայում թողարկելու են Telcell-ի բրենդինգով Visa քարտեր, որոնք դիջիթալ քարտեր են հավելվածի ներսում․ «Դրանք մեր հաճախորդներին որոշակի առավելություններ են տալու իրենց ֆունկցիոնալությամբ, այդ թվում՝ որոշակի արտոնություններ, զեղչեր, քեշբեքեր եւ այլն»։

Մյուս կարեւոր ծրագիրը, որի մասին խոսեց Արտյոմ Ղազարյանը, այսպես ասած՝ տրանսպորտային նախագիծն է։ Նա հայտնեց, որ Telcell-ը հաղթել է Երեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում եւ մինչեւ ընթացիկ տարվա վերջ պիտի նոր վճարային համակարգ ներդնի Երեւանի տրանսպորային ցանցում․ «Իրականացնելու ենք բավական հետաքրքիր ներդրումային ծրագիր եւ ապահովելու ենք քաղաքային տրանսպորտում վճարումների ընդունման նոր ձեւաչափ։ Դա բավական լայնածավալ նախագիծ է եւ շատ կարեւոր է բոլորիս համար։ Իհարկե, դեռեւս ընթանում են ծրագրավորման ու նախապատրաստական աշխատանքներ, եւ մինչ տարեվերջ արդեն ամբողջ համակարգը պետք է ներդնենք»։

DigiTec Expo-ն՝ նոր հնարավորությունների սկիզբ

Խոսելով DigiTec Expo-ին մասնակցության մասին՝ Telcell-ի կոմերցիոն տնօրենն ասաց, որ իրենց ստեղծած նոր էկոհամակարգը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել, եւ արդեն կան նախնական որոշակի պայմանավորվածություններ, հարթակներ, որտեղ կարող են համագործակցել․ «Շատ ողջունելի է, որ պարբերաբար կազմակերպվում են նման միջոցառումներ ու Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների համար ստեղծում շփվելու, իրարից տեղեկատվություն ստանալու, ինչո՞ւ չէ, նաեւ հետաքրքիր համագործակցության եզրեր գտնելու հնարավորություն։ Դա նպաստելու է երկրի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու առավել հարմարավետ ծառայությունների ստեղծմանը»։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին