×


«Փորձելու եմ հրաժարվել այդ սովորությունից». երեք բան, որ չգիտեք Անի Ղազարյանի մասին

BRAVO.am-ի նոր շարքը ընթերցողներին կօգնի ավելի լավ ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Սկսում ենք Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասանուհի Անի Ղազարյանի մասին բացահայտումներով:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:  

- Դեռ մանկուց շատ եմ սիրում հողագործությունը: Մեր ամառանոցում միշտ ցանել եմ ու խնամել այգին, պտուղները քաղել ու դրանցով ինչ-որ բան պատրաստել: Շատ եմ սիրում գործել շյուղերով եւ հելունով, երեւի, այդ ամենը պայմանավորված է նրանով, որ ինձ անչափ դուր է գալիս նոր բանի ծնունդը՝ կապ չունի շնչավոր, թե անշունչ: Մեկ բացահայտում էլ կանեմ բնավորությանս մասին՝ ծով համբերություն ունեմ եւ հանդուրժող եմ, բայց եթե բաժակը լցվի, հետդարձի ճանապարհ չկա. շատ կտրուկ եմ (ծիծաղում է,-հեղ.):

- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Առաջինն Արշիլ Գորկու կտավները մտքիս եկան: Վերջին մի քանի տարիների ապրումներից, հատկապես՝ 44-օրյա պատերազմից, կորուստներից, Արցախում իրավիճակից ու ամեն ինչից հետո շատ ուրիշ ձեւ եմ սկսել հասկանալ այն ցավն ու կարոտը, որ կա Գորկու նկարներում: Երկրորդը կնշեմ Ալբերտ Մկրտչյանի «Կյանքի լավագույն կեսը» ֆիլմը: Տարիներ առաջ առաջին անգամ նայելուց հետո այդքան էլ լավ չհասկացա քաղաքական եւ մարդկային վերաբերմունքնի մասին Ալբերտ Մուշեղիչի ներկայացրած կետերը: Բայց էլի մի քանի տարիների ընթացքում մեր երկրում տիրող մարդկային հարաբերությունների անկմամբ պայմանավորված՝ շատ ավելի պարզ դարձան, ու ֆիլմը հետք թողեց: ԽՍՀՄ տարիներին է նկարահանվել, բայց այն ինչքան այսօրվա, նույնքան էլ վաղվա մասին է: Եվ վերջինը կնշեմ իրական պատմության հիման վրա նկարահանված «Հետապնդելով քամուն» (Ride Like a Girl) ֆիլմը: Այն առաջին կին հեծյալի մասին է, որը չնայած բազմաթիվ վնասվածքներին՝ կարողանում է հաղթել: Ֆիլմը կնոջ եւ առհասարակ մարդու ձգտման ու կամքի ուժի մասին է:

Անի Ղազարյանը


- Ամենաշատը տպավորած 3 մարդիկ:

- Չեմ ուզում պաթետիկ պատասխան տալ: Անկեղծ կլինեմ՝ վերջին ժամանակահատվածում ընդհանուր ապատիա է ու ամենաշատը մեր հերոս երեխաների պատմություններին եմ ծանոթանում, իրենք են ինձ ամենաշատը տպավորում: Մեկ-մեկ մտածում եմ՝ երանի ընդհանրապես ճանաչած չլինեի, բայց ողջ մնային: Երեքին նշել չեմ կարող. շատ-շատ են: Վերջին 2 տարվա ընթացքում իմ կյանքում հետք թողած ու տպավորած մարդիկ հենց մեր հերոս տղաներն են:

- 3 բան, ինչից հրաժարվել եք այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:

- Ավելի շատ պատրաստվում եմ հրաժարվել ալարկոտությունից, որովհետեւ վերջին շրջանում այդպիսին եմ դարձել, փորձելու եմ անպայման ծխելը թողնել եւ սկսած գործն ավարտին չհասցնելու իմ սովորությունից հրաժարվել (ծիծաղում է,-հեղ.):

Անի Ղազարյանի եւ Մհեր Մկրտչյանի ընտանիքը


- 3 կարեւոր բառ:

- Սեր, հաղթանակ, խաղաղություն կամ սեր, ուժ, խաղաղություն:

- 3 անհրաժեշտ ապրում:

- Կարոտ, ապրումակցում, ինչն այսօր շատ է պակասում՝ չլինել անտարբեր ու կարողանալ կիսել դիմացինի հույզերը, եւ սերն իր բոլոր դրսեւորումներով:

Անի Ղազարյանի եւ Մհեր Մկրտչյանի ընտանիքը


- 3 ոգեշնչող հանգամանք:

- Ընտանիք, մասնագիտություն, հայրենիք:

- Այս տարվա լավագույն պահի կադրը:

- Երեխաներիս ծննդյան տարեդարձերը եւ վերջերս ԱՄՆ-ում էինք՝ օվկիանոսի հետ իմ առաջին հանդիպումը (ծիծաղում է,-հեղ.):

Անի Ղազարյանը


- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- Երեւի, առաջինը կասեն 3 երեխաների մայր (ծիծաղում է,-հեղ.): Թեեւ դժվար է ասել, թե ինչ կմտածեն մարդիկ: Կասեն՝ հանդուրժող կամ էլ ընտանիքի մարդ: Մասնագիտական որակների մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ դրա հետ կապված գնահատական մտերիմ մարդիկ չէ, որ պետք է տան, այլ հանդիսատեսը: Դրա համար մայրիկիս կամ քույրիկներիս լավ խոսքերից շոյվում եմ, բայց առաջնային համարում հանդիսատեսի տեսակետը:  

- Հենց հիմա ի՞նչն է Ձեզ պակասում:

- Ամենաշատը պակասում են երկրիս պետականամետ, հայրենանվեր ու գիտակ իշխանավորները:

Անի Ղազարյանը


- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

- Չեմ վախենում, ավելի շատ ծուլանում եմ, որովհետեւ առհասարակ ինչ-որ բան անելու կամ ռիսկի դիմելու վախ չունեմ, բայց մի բան կա, որ այս տարի պիտի անեմ (ծիծաղում է,-հեղ.): Միշտ երազել եմ կավագործության գնալ, չալարեմ, չծուլանամ, գուցե, չվախենամ ու գնամ սովորելու այդ արհեստը:

- Ի՞նչ կա 2023-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչն եք արդեն հասցրել կյանքի կոչել:

- Երկու բան կառանձնացնեմ՝ շատ գրքեր կարդալ ու ֆիլմեր նայել, հնարավորինս ավելի շատ ինքնակրթվել, որովհետեւ 3 փոքր երեխայի հետ չէր ստացվում: Ուզում եմ անպայման ժամանակ գտնել ու այդ բացը լրացնել:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարներն՝ Անի Ղազարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW