«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետի երգի տեսահոլովակը կարճ ժամանակում YouTube-ում հատել է 2 միլիոնի սահմանը: Մրցույթի հայ եւ այլազգի հետեւորդներն ակտիվորեն քննարկում են երգչուհու ինքնատիպ կատարումն ու առանձնացող տեսահոլովակը: Իր հեղինակած երգում Բրյունետը (Էլեն Երեմյան) անհասցե նամակ է հղում ապագա սիրելիին:
Երգչուհու եվրատեսիլյան տեսահոլովակի ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշում է՝ տեսահոլովակում երգչուհու երազն է պատկերված, իսկ այն նկարահանելու համար ռեժիսորի ոգեշնչման աղբյուրը հանդիսացել է հենց երգը։
Տեսահոլովակի ստեղծման ուղին նա գծել է երգը լսելուց հետո երկու օրվա ընթացքում, այնուհետեւ նախապատրաստական աշխատանքներն են իրականացվել, որոնք տեւել են 10 օր, երկու օր էլ՝ նկարահանումները։
«Future Lover»-ի հիմնական գաղափարն ու բրյունետական միքսը
Քանի որ երգն ապագա սիրեցյալի մասին է, տեսահոլովակը կառուցել ենք այլ իրականության վրա: Սկզբում մշուշոտ միջավայր է՝ բուն երազը, հետո երգչուհին հայտնվում է նվագախմբի մոտ։ Երգի գործիքավորումն արվել է նվագախմբով, ինչը ցույց տվեցինք նաեւ տեսահոլովակում։ Կարծրատիպ կա, որ դասականի հետ պետք է այլ կերպար լինի, բայց իր երազում այսպիսի բրյունետական միքս է:
Երգի ռիթմն արագանում է, եւ Բրյունետն ամազոնյան աղջկա կերպարում սկսում է հարվածել մեծ զանգերին: Զանգն ինքնին կանչ է խորհրդանշում. այդկերպ նա փորձում է դուրս գալ տագնապային վիճակից, որում գտնվում է: Այսինքն՝ զանգերն իր բղավոցն են, որով փորձում է ազատվել իր ներսի խառնաշփոթից։
Հետո գալիս է այն պահը, երբ ցանկանում է իրեն էլ ավելին թույլ տալ, եւ քանի որ երազում ձգողականության ուժ չկա, ընկնում է ամպերի մեջ: Այս դրվագում իր սերն ավելի կանացի, նուրբ ու ռոմանտիկ է ներկայացնում։ Գույներն էլ պատահական չեն ընտրված. բաց կապույտն ավելի եթերային ու նուրբ է ընդգծում ամեն դետալ։ Գագաթնակետն, իհարկե, ձգողականության ուժը կորցնելով, օդում սավառնելն է:
Բրյունետը
Պարային շարժումներն ու հագուստը պատահական չեն ընտրված
Տեսահոլովակում երգչուհու պարային շարժումների շնորհիվ նրա պլաստիկան ենք տեսնում՝ ոնց է ինքը զգում իր երազը, շարժվում երգի ներքո, ինչպիսին է հայացքը: Ամեն կադրը որոշել եմ՝ երկար քննարկումների ժամանակ հասկանալով իր առավելությունները: Հագուստն իր «կապկպված» վիճակն է խորհրդանշում, ընդգծում է նաեւ սեքսուալությունը (դիզայները Նարեկ Ջհանգիրյանն է,-հեղ.): Տաբատի ձեւվածքն արվել է ավելի դինամիկ երեւալու համար, իսկ գունային գամման ավելի շատ կապված է լուսավորության հետ՝ թե ինչպիսի լուսավորություն է լինելու միջին եւ խոշոր պլաններում։
Սպասելիքներն ու արձագանքներն իրենց արդարացրել են
Արձագանքները դրական են. ավելի շատ լավ խոսքերն են գերակշռում։ Եղել է նաեւ, որ շատ բառեր են շռայլել։ Նման դեպքերում փորձում ես ինքդ քո աշխատանքը գնահատել, հասկանալ՝ քո պատկերացրածի քանի տոկոսն ես կարողացել անել, ինչ ես կառուցել քո մտքում եւ ինչ ես արդյունքում ստացել։
Եվրոպական հանդիսատեսը կընկալի երգի ուղերձը
Այնպիսի տարրեր չենք օգտագործել, որոնք միայն մեր մենթալիտետին են բնորոշ։ Բրյունետի ուղերձը շատ պարզ է ու հասկանալի կլինի բոլորին։ Եթե երգի բառերը հասկանան, կհասկանան նաեւ, թե տեսահոլովակում ինչ է կատարվում։
Արամայիս Հայրապետյանը
Պատասխանատվության, Ռոզա Լինի ու Բրյունետի մասին
Երկու երգչուհիների երգերն ու տեսահոլովակները շատ տարբեր են միմյանցից։ (Ռոզա Լինի «Snap» երգի տեսահոլովակի ռեժիսորը նույնպես Արամայիս Հայրապետյանն է, -հեղ.): Որպես արտիստ էլ նրանք տարբեր են, եւ դժվար է համեմատել։ Ռոզա Լինն այլ ուղերձ ուներ, այլ բան էր ցույց տալիս, իսկ Բրյունետի դեպքում ամեն ինչ տարբեր է։ Յուրաքանչյուր գործ պատասխանատվությամբ պետք է անես։ Քո անունն ու ազգանունն էլ է գրվում տեսահոլովակի ներքեւում, եւ պետք է զգույշ վերաբերվես առաջարկությանը։ Շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերությանը վստահության համար։ Իսկապես հարուստ երգ է ու տարբեր մտքեր է գեներացնում։
Տեքստը՝ Մերի Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Առաջին ալիքի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: