Մեկ շաբաթվա ընթացքում ամուսիններ Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը ծավալուն հարցազրույցներ են տվել The Hollywood Reporter-ին ու Us Weekly-ին եւ հետաքրքիր բացահայտումներ արել:
Աֆլեկը գովել է կնոջն ու ասել, որ Լոպեսն ամեն ինչ գիտի սոցցանցերի մասին. «Չեմ ճանաչում մեկին, ով այդ առումով կգերազանցի նրան: Հարցազրույցից առաջ էլ խոսեց հետս. գիտի, որ ինձ հետ պատահած ամեն ինչի պատճառով շատ զգուշավոր եմ դարձել: Մտածում եմ՝ մի սխալ բան ասելու դեպքում կարիերայիս վերջը կգա: Եղել են դեպքեր, որ զրույցների ժամանակ ամեն ինչ անկեղծորեն պատմել եմ ու դա իմ դեմ է օգտագործվել: Ջենիֆերը խորհուրդ տվեց լիցքաթափված լինել ու հավատարիմ մնալ ինձ: Նա շատ հարցերում ճիշտ է ու սիրում է ինձ, հետեւում է ու օգնում: Պետք է ավելի շատ հետեւեմ իր խորհուրդներին»,- նշել է Աֆլեկը:
Անկեղծորեն պատմել է, որ իր կամքից անկախ է հարբեցող դարձել ու հիմա հաճույքով է օգնում այն մարդկանց, ովքեր իրենից խորհուրդ են հարցնում. «Գլխավոր խորամանկությունը «12 քայլ» փուլային հոգեթերապիան է, որում դուք օգնում եք մյուսներին՝ օգնելով առաջին հերթին ինքներդ ձեզ: Մարդկանց խորհուրդ եմ տալիս, որ հանրայնորեն չպատմեն իրենց կախվածության մասին, դրա համար էլ խմբերը կոչվում են «Անանուն հարբեցողներ»»:
Դերասանը մի քանի անգամ է բուժվել հարբեցողությունից, այդ մասին նա բազմիցս է խոսել զրույցների ժամանակ: Պատմել է, որ սկսել է խմել կարիերայում ունեցած դժվարությունների ու ընտանեկան խնդիրների պատճառով: Այդ ժամանակ ամուսնացած էր դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ, որից 3 երեխա ունի:
«Ավելի վաղ էլ ասել եմ, որ նախկին կինս մեղավոր չէ, որ հարբեցող եմ դարձել, ամեն ինչի համար առաջին հերթին ինքներս ենք պատասխանատու: Ուզում էի պարզապես ներսիս դատարկությունը լցնել: Երեխաներին միասին ենք դաստիարակում, էլ չեմ ուզում նրանից հեռու ապրել ու երկար ժամանակ չտեսնել: Տարիները շատ կարեւոր են, կափսոսամ, եթե նրանց կողքին չլինեմ: Ուզում եմ ներկա լինել նրանց կյանքի բոլոր կարեւոր իրադարձություններին»:
Լոպեսն էլ իր զրույցում ավելի շատ անդրադարձել է առողջ ապրելակերպին ու մարզումներին: Պատմել է, որ ամեն օր արթնանում է առավոտյան ժամը 4:45-ին, որպեսզի հասցնի պարապել:
«Գաղտնիք չէ, որ մարզումները կյանքիս կարեւոր մասն են: Ֆիզիկական վարժությունները դրական են ազդում հոգեկան առողջության վրա, ավելի քիչ անհանգստություններ ու դեպրեսիաներ են առաջանում: Արթնանում եմ, երբ դեռ մութ է լինում, ու սկսում մարզվել: Միշտ փորձում եմ զարգանալ ու գտնել բաներ, որոնք ինձ կոգեշնչեն: Չեմ վախենում ինձ մարտահրավեր նետել ու ամեն օր ավելի լավը դառնալ»,- պատմել է 53-ամյա Լոպեսը:
Նա խոստովանել է, որ կարիերայի սկզբում հաճախ է քնին 3-5 ժամ հատկացրել, ողջ օրն անցկացրել նկարահանման հրապարակում, իսկ հանգստյան օրերին երեկույթներ կազմակերպել:
«20 տարեկան էի ու ինձ թվում էր` անպարտելի եմ: Բայց շարունակվեց այնքան, մինչեւ որ սթրեսն ու քնի պակասը խնդիրներ առաջացրին: Հյուծվել էի ու չգիտեի՝ ինչ անել: Բժշկի հետ խոսելուց հետո հասկացա, թե որքան բարդ հետեւանքներ կարող են առաջանալ, եթե հաշվի չառնենք մեր օրգանիզմի պահանջները: Հենց այդ ժամանակից էլ սկսեցի առողջ ապրելակերպ վարել»,- ավելացրել է նա:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: