×


Սեղանի շուրջ՝ թատրոնի դերասանների հետ. «արյունը փոխելու կարիքը», «դժոխքիկը» եւ մեծ սերը

Մարտի 27-ը թատրոնի համաշխարհային օրն է, ինչի առիթով BRAVO.am-ը զրուցել է դերասաններ Գոռ Համբարձումյանի (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն), Տաթեւ Հովակիմյանի (անկախ դերասանուհի) եւ Նորայր Հերգնյանի (Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն) հետ:

- Եթե ներկայանալու լինեք անծանոթ մարդկանց, ի՞նչ կասեք ձեր մասին՝ ո՞վ եք ու ինչո՞վ եք զբաղվում:

- Նորայր Հերգնյան՝ դերասան:

- Տաթեւ Հովակիմյան՝ դերասանուհի, մարդ (ծիծաղում է,-հեղ.):

- Գոռ Համբարձումյան՝ թատրոնի դերասան եմ: Տաթեւ, ինչո՞ւ ես համեստություն անում, դու էլ ես թատրոնի դերասան: Ամեն անգամ պետք է այդ մասին ասել, ինձ համար դա կարեւոր է: Միշտ ուրախանում եմ թատրոնի դերասաններին հանդիպելիս:

- Այսինքն՝ այսօր ուրախ եք (ծիծաղում ենք,-հեղ.):

Գոռ. Ամեն օր եմ ուրախ, բայց այսօր՝ առանձնահատուկ, որովհետեւ մեզ առիթ չի ընձեռվում հաճախ հանդիպել: Միասին ինստիտուտում ենք սովորել ու վաղուց գիտենք իրար:


- Սպասում էի, որ այդպես էլ ներկայանալու եք, իսկ ինչպե՞ս է ստացվել, որ ընտրել եք հենց այս մասնագիտությունը:

Նորայր. Չգիտեմ էլ՝ ոնց եղավ: Դպրոցական տարիքում միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվելու համար էի պարապում: Գավառի թատրոնի այն տարիների ռեժիսորը փոքր միջոցառման համար հարցրեց՝ «Ո՞վ կուզի մասնակցել», ու համաձայնեցի: Դրանից հետո էլ ի՞նչ միջազգային հարաբերություններ, թատրոնն ընտրեցի ու հաստատ գիտեմ, որ չեմ սխալվել:

Տաթեւ. Ընդունվել եմ ԵՊՀ մշակութաբանության ֆակուլտետ, ինչից հետո՝ Թատերական ինստիտուտ: Մի քանի օր առաջ գտել էի ուսանողական տոմսերս, Երգի թատրոնում էլ եմ սովորել (ծիծաղում է,-հեղ.), տարբեր մարդիկ էի դրանցում: Միշտ դժվար է պատասխանել, քանի որ չգիտեմ, թե որ պահին որոշեցի գնալ Թատերական:

Գոռ. Իմ մեջ ավելի շատ հետաքրքրություն է եղել, ոչ թե ցանկություն: Ֆիլմեր էի նայում, հետեւում «Կուլտուրա»-ով ցուցադրվող ներկայացումներին ու այդ ամենն ինձ գրավեց: Շատ բարձր բանի մասին ենք խոսում, բայց, ցավոք, այն, ինչ պատկերացրել եմ, ինչի համար սովորել, ինձ թատրոն են վերցրել, չկա, եւ դա միայն ինձնով չի պայմանավորված: Այս մասնագիտության մեջ սպասելիքներ ունես, բայց դրանք չեն արդարանում այն մարդկանց պատճառով, որոնք անգործության են մատնված: Դրա համար էլ նեղված եմ ասում, որ սա աշխատանք չի, այլապես դրա դիմաց պետք է վարձատրվեինք բոլորից շատ:

Գոռ Համբարձումյանը


- Իսկ ի՞նչն է Ձեր նշած այդ բոլոր թերությունների պատճառը, որտեղի՞ց են սկիզբ առել:

Տաթեւ. Կարծրացած են ու վախենում են սերնդափոխությունից, ինչը չի նշանակում, որ 40-ն անց բոլոր մարդիկ պետք է հեռանան ասպարեզից: Կենդանի օրգանիզմի պես անդադար արյունը փոխելու կարիք կա, եւ մեծ հույս ունեմ, որ իմ հասակակիցները երիտասարդներին կօգնեն ավելի լավը լինել, ոչ թե պատնեշ կդնենք նրանց առաջ: Հենց այդ կարեւոր շրջանառությունն է կենդանի պահում թատրոնն ու կինոն:

Նորայր. Արվեստի մեր տեսակը թիմային է. կարեւոր են խաղընկերները, ռեժիսորը, թատրոնի տնօրենը: Բախտից է կախված, որ բոլոր հանգամանքները նպաստավոր լինեն եւ օգնեն կայանալ: Հայաստանում նման քիչ հաջողված դեպքեր գիտեմ: Մյուս կողմից էլ մեր ժամանակները լայն հնարավորություններ են տալիս. եթե նախաձեռնող ես ու համախոհներ ունես, կարող ես որեւէ նոր բան ստեղծել՝ թեկուզեւ ֆինանսական ավելի մեծ դժվարություններով:

Գոռ. Անկրթությունն է բերում այս ամենին՝ ամենավերեւից մինչեւ ամենաներքեւը: Մարդիկ գնում էին «Կազիրյոկ»՝ Խորեն Աբրահամյանին, Սոս Սարգսյանին ու ուրիշ մեծերի տեսնելու: Իսկ հիմա այդքան էլ հաճելի չէ, որ փողոցում քայլող ամեն 3-րդը դերասան է: Կարող են համացանցում ծամածռվել, բարեմասնությունները ցույց տալ եւ իրենց համարել դերասան: Իմ մասնագիտությունն ու տքնաջան աշխատանքը, ամեն օր ծախսած նյարդերը դրա համա՞ր են, որ իր մարմնի հետաքրքիր հատված ցույց տվողը կամ պրոդյուսերի հետ մտերիմ մեկը ասպարեզում լինի՝ իրենից բացարձակ ոչինչ չներկայացնելով:

Տաթեւ Հովակիմյանը


- Այդ խնդիրներն իրականում միայն ձեր մասնագիտությանը չեն վերաբերում, հիմա  ուղենիշ են սոցցանցերը, դիտումները, հավանումները: Ինչի՞ց սկսենք, որ այդ ամենը կարողանանք փոխել:

Գոռ. Պետք է սկսել ինքնակրթվել:

Տաթեւ. Ոնց տարիներով փչացրել են, նույն կերպ էլ փորձենք շտկել, թեեւ կառուցելը միշտ ավելի դժվար է:

Գոռ. Կարեն Դեմիրճյան ասում էր, որ երեխան դպրոցից պետք է կիրթ դուրս գա:

- Դուք նշեցիք մեծ դերասանների անուններ, գուցե հիմա այդ օրինակների պակասը կա, որոնցից մարդիկ կսովորեն ու կոգեշնչվեն, եւ ո՞ւմ եք համարում օրինակելի:

Գոռ. Բացարձակ պակաս չունենք նման անունների, շատերին կարող եմ նշել՝ Արթուր Կարապետյան, Ռուբեն Բաբայան, Նարինկան (Նարինե Գրիգորյան, -հեղ.): Ազգ ենք, որն ամեն ինչի մասին պատկերացում ունի, բայց սեփական մշակույթը չգիտենք: Որպես արտիստ շատ փոքր ենք, որ դուրս գանք ու խոսենք տարբեր բաներից: Պիտի մեր ներսից հանենք վախը, վերացնենք անիմաստ քծնանքն ու հասկանանք՝ ով ենք: Վաստակավոր արտիստները գիտակցեն իրենց ով լինելը, ոչ թե ղեկավարներին այսպես շողոքորթելով բարեւեն (ձայնը փոխում է,-հեղ.):

Տաթեւ. Թատրոնի ղեկավարների գիտեմ, որ միջանցքով անցնում են ու չեն ողջունում, ինձ հետ նման բան պատահել է: Մտածել եմ՝ ինչու է այդպես: Նոր սերունդ եմ, գուցե գան նայեն, թող չսիրեն ու չհավանեն, բայց տեղեկացված լինեն: Մի վատ բան էլ ունենք, որ չեմ սիրում՝ նեղ խմբեր ստեղծելը. 2016-ին «Արտավազդ» եմ ստացել, բայց այդ տարի շատ մարդիկ կային, որ չէին նոմինացվել: Ինձ լավ կզգամ, եթե իմ շատ սիրելի դերասանուհիների, օրինակ՝ Հռիփսիմե Նահապետյանի հետ մրցեմ, ու նա ստանա մրցանակը, իսկ երբ ճահճի մեջ այդ պահին դու ես միայնակ լողում, հետաքրքիր ու լավ չէ: «Օսկար»-ի ժամանակ ինչպիսի մրցակցություն է, ոնց են թեկնածուները միմյանց գովում, իմ ամենասիրելի բաներից է: Մենք էլ պետք է սովորենք միմյանց գովել ու լավ կողմերը նկատել:

Նորայր. Շատ խնդիրների պատճառը տնավարիությունն է, ինչն իմ ամբողջ էությամբ ատում եմ: Այն քանդում է ամեն ինչ, առաջանում են Տաթեւի նշած խմբավորումները, մարդիկ, որոնք հաճախ մասնագիտական կրթություն էլ չունեն, իրենց գործն այնքան որ անում են եւ սպասում աշխատավարձին: Ճիշտ է՝ թատերական ինստիտուտը չի տալիս քո պատկերացրած ամեն ինչ, բայց եթե աշխատես քեզ վրա, կդառնաս դերասան: Այդ քաղցկեղածին բջիջը կա ամեն տեղ՝ պոլիկլինիկաներից սկսած, իսկ եթե ամեն մեկն իմանա իր անելիքը, մեխանիզմը ճիշտ կաշխատի:

Տաթեւ.  Այնքան ճղճիմ իրավիճակներ են լինում:

Նորայր. Դեպք է եղել, որ դեր եմ ստացել ու նկատել, որ կոլեգաներիս դա այդքան էլ դուր չի եկել: Եթե լայն նայեն ու հասկանան, որ հաջորդ օրը պատերազմ է լինելու, այդ փաստը ոչ մեկի աչքին չի էլ երեւա:

Նորայր Հերգնյանը


- Բայց պատերազմ էլ եղավ, ու չեմ կարծում՝ մեծ առումով շատ ենք փոխվել:

Տաթեւ. Ինձ ոչինչ չի տալիս, որ խաղընկերս թույլ լինի, հակառակն՝ ուրախ եմ, որ իմ հասակակից լավ դերասանուհու հետ եմ աշխատում: Ինչքան լավ է, որ հավաքվում եք ու միասին ստեղծում որեւէ բան: Պետք է խուսափել այդ հիվանդագին երեւույթից՝ միայն ես գնամ առաջ:

Նորայր. Անկախ խմբերի մոտ եմ տեսել, թատրոններում՝ ավելի քիչ, որ հավաքվում են ու անում լավ գործ:

Տաթեւ. Դրա համար էլ միշտ երազում եմ մնալ անկախ դերասանուհի:

Գոռ. Ինստիտուտում սովորելիս ես էլ եմ մտածել. «Բա ե՞ս», թեեւ դժվար եմ եկել դրան, բայց իմ մեջ դաստիարակել եմ մի շատ կարեւոր բան՝ գնում եմ բոլոր պրեմիերաներին:

Տաթեւ. Ճիշտ է, ես նկատել եմ, որ գալիս ես:

Գոռ. Չպետք է մեզ երեւակայենք, նպատակն է ուրախացնել մարդկանց ու մի քիչ թեթեւացնել նրանց ծանր բեռը, առանց այն էլ ապրում ենք տխուր ժամանակներում: Նայում ենք մեր աշխարհահռչակ Սարյանի նկարն ու արտասվում, բայց կարող ենք, չէ՞, հիանալ դրանով ու ոգեւորվել: Եթե Նորայրն ամուսնանա, շնորհավորելիս կասեմ. «Ամուսնանո՞ւմ ես» (ծիծաղում ենք,-հեղ.):

Տաթեւ. Երբ սեպտեմբերյան դեպքերն եղան, ու որոշեցին ներկայացումները հանել, Նարինեն «… Եվ նորից գարուն»-ը թողեց, մտածում էինք՝ հանդիսատես չի գա, բայց դահլիճն այնքան լիքն էր, այնպիսի էներգիա էր գալիս հանդիսատեսից: Անկախ եղածից՝ այդ ամենի կարիքն ունեին, այլապես կմնային վշտի մեջ:

- Չնայած այդքան խնդիրներին, ի՞նչն է ձեզ պահում այս մասնագիտության մեջ ու ի՞նչն եք սիրում:

Տաթեւ. Չեմ պատկերացնում, որ մի ամիս ներկայացման փորձի չլինեմ: Միասին ստեղծելը շատ սիրուն է: Հետո հանդիսատեսից այնպիսի էներգիա ես ստանում, որ արժե այդ ամենը հաղթահարել: Խնդիրները մեծ են թվում, բայց մեր մասնագիտության մեջ շատ ավելի լավ բաներ էլ կան՝ սերն ու հանդիսատեսը, լավն անելու ձգտումը, արվեստ արարելը:

Գոռ. Քանի դեռ կա գոնե մեկ մարդ, ով գալիս է թատրոն, այդքան ժամանակ լինելու ենք, դա է մեզ պահողը: Անկախ ամեն ինչից՝ մարդիկ գալիս են ներկայացում նայելու, ինչն ամենաուրախ բանն է, չհաշված՝ ծափահարությունները:

Տաթեւ. Դա շատ հավես է (ծիծաղում ենք,-հեղ.):

Նորայր. Մարզային թատրոն ենք ու սպասարկում ենք ողջ Գեղարքունիքը: Մանկական ներկայացումներով լինում ենք հեռու բնակավայրերում: Մի անգամ եղանք Դրախտիկ գյուղում, որն իրականում դժոխքիկ էր: Դպրոցի մարզադահլիճում պետք է խաղայինք, բայց մի պատը չկար, ձմեռ էր, երեխաների մասին մտածեցինք, ինքներս սառելուն սովոր ենք: Որոշեցինք չխաղալ, բայց երբ տեսանք այդ երեխաների աչքերը, որոնք եկել էին նոր բան տեսնելու ակնկալիքով, չկարողացանք առանց ներկայացման թողնել: Կահավորեցինք ու տաքացրինք դասասենյակներից մեկը եւ այնտեղ խաղացինք: Նրանք իրենց հրաշքը ստացան, դա է պահում մեզ, որ որոշ չափով կարող ենք մեկի կյանքը փոխել դեպի լավն ու լուսավորել:

Տաթեւ. Այնքան եմ սիրել մարզային թատրոնները, իրենց գործը սիրող լավ մարդիկ կան այնտեղ: Գավառի թատրոնում հագուստների պատասխանատու կնոջից սկսած՝ զգացվում էր, թե որքան հաճույքով են իրենց գործն անում, ներկայացման ժամանակ էլ այնպես էր հուզվել:

Նորայր. Այնքան էր հուզվել, որ մոռացել էր վերջին տեսարանի ժամանակ խալաթս բերել (ծիծաղում ենք,-հեղ.), լրիվ տարվել էր, ինքս վազեցի ու հագա:

Տաթեւ. Մարզերն առանձին մշակույթ ունեն ու պետք է Երեւանից հաճախ գնանք այնտեղ, իրենք էլ գան, այդ կարեւոր շրջանառությունը տեղի ունենա:

Գոռ Համբարձումյանը


- Խոսենք նաեւ «Արտավազդ»-ից, որն ամեն տարի անցկացվում է թատրոնի օրը: Ի՞նչը կուզեք փոխել:

Գոռ. Ինքս այդ ամենի հետ ընդհանրապես կապ չունեմ ու եթե ստացել եմ, երեւի, արդար մրցանակաբաշխություն է: Մոտ 13 տարի է՝ այս ասպարեզում եմ, ժամանակն է, որ ինձ էլ տային՝ անգամ, եթե դերս վատն էր (ծիծաղում ենք,-հեղ.):

Տաթեւ. ԴիԿապրիոն ամենավատ դերի ժամանակ «Օսկար» ստացավ (ծիծաղում ենք,-հեղ.), քո դեպքը չի, որ ասացիր, դա հիշեցի:

Գոռ. Մրցանակը գնահատական է, ուրիշ ոչ մի բան, թատրոնում աշխատած յուրաքանչյուր մարդ պետք է գնահատվի եւ ոչ միայն՝ այդ օրը: Ախր, այս մասնագիտության մեջ մարդիկ ուշադրության կարիք ունեն:

Տաթեւ. Երեխայի պես ենք:

Գոռ. Պետք է խրախուսանքներ լինեն, չսահմանափակվեն միայն արձանիկներով, մեկ տարվա ընթացքում որեւէ բանով ապահովեն. ոլորտի մարդիկ շատ կարիքներ ունեն:

Տաթեւ. Գոնե ուրիշ երկրներում անցկացվող թատերային միջոցառումների ուղարկեն:

Գոռ. Օրինակ՝ Ռուսաստանում «Ոսկե դիմակ» կինոմրցանակ ստացողներին ընդգրկում են լավագույն ռեժիսորների հետ աշխատանքում:

Տաթեւ. Ընկերներիցս մեկը Վրաստանի օրինակը բերեց՝ իրենց տարվա լավագույն դերասանի նկարն էր ամենուր՝ Կաննից մինչեւ Բեռլինի կինոփառատոն: Մեկ այլ խնդիր էլ ունենք, համարում են, որ հնարավոր չէ նույն անվանակարգում ներկայացված լինեն 30 ու 45 տարեկան դերասանները: Եթե Մերիլ Սթրիփը Էմմա Սթոունի հետ մրցի, միշտ ի՞նքը պիտի հաղթի:

Գոռ. Ամեն դեպքում «Արտավազդ» ստանալն անսպասելի էր ու անչափ հաճելի, չեմ թաքցնի (ծիծաղում ենք,-հեղ.):

Նորայր. «Արտավազդ»-ը հնարավորություն է տալիս դերասաններին եւս մեկ անգամ բեմ բարձրանալ, ուրախացել եմ բոլոր հաղթողների համար: Կարծում եմ՝ այն պետք է հանրայնացնել. օրինակ՝ Համալիրում անցկացվի ու հանդիսատես էլ գա, բայց դրա համար տարվա ընթացքում աշխատանք է պետք տանել, որ մարդկանց գրավեն:

Տաթեւ. Ամեն տարի չի կարող մրցանակաբաշխություն անցկացվել մի երկրում, որտեղ շատ քիչ ներկայացումներ են լինում: Պետք է լինի շատ ֆանտաստիկ ու անկախ ժյուրի, որը կնայի բոլոր գործերը:

Տաթեւ Հովակիմյանը


- Ի՞նչ կմաղթեք ձեզ ու ձեր գործընկերներին:

Տաթեւ. Բոլորին լավ դերեր կմաղթեմ ու լավ թատրոններ, որոնք անգամ երիտասարդներն են ստեղծում, պարտադիր չի լինեն պետական: Կա «Թատրոն տանիքում», որը ժամանակի ընթացքում շատ որակներ ձեռք կբերի: Հիմա այնտեղ Տաթեւ Մելքոնյանն է ներկայացում անում, ես էլ ներգրավված եմ, խաղընկերներս շատ լավն են, ինչն ինձ ուրախացնում է:

Նորայր. Կմաղթեմ, որ ոչ միայն այդ օրը տոն լինի մեզ համար, որովհետեւ այս մասնագիտությունը միշտ հրավառություն է: Կուզեմ բոլորն իրենց վրա աշխատեն՝ լավ ներկայացումներ ու ֆիլմեր դիտեն, կարդան դրանց հիմքում ընկած գրքերը:

- Արժեքավոր խորհուրդ եւ ո՞ւմից եք ստացել:

Գոռ. Կուրսիս ղեկավար Ալեքսանդր Սամսոնիչը (Գրիգորյան,-հեղ.) միշտ ասում էր. «Երբեք մի սովորիր տեքստը»: Մինչեւ հիմա չեմ կարող վերցնել պիեսն ու անգիր անել,  փորձերի ժամանակ եմ սովորում:  

Տաթեւ. Պարոն Բաբայանի այս խոսքերն եմ միշտ հիշում. «Այս արեւը շատ մեծ է ու բոլորին կհերիքի, ոչ մեկը քո բաժին արեւը չի գողանա եւ տեղդ չի զբաղեցնի»:

Նորայր. Դեռ ուսանող էինք, որ Արմինե Անդրեասյանի խորհուրդը տպավորվեց. «Գովիր քեզ, այն կհիշվի, բայց ժամանակի ընթացքում կմոռանան, թե ով էր ասում» (ծիծաղում ենք,-հեղ.): Հետաքրքիր թվաց, չնայած՝ ընդհանրապես չեմ հետեւել դրան:

Նորայր Հերգնյանը


- Ամենատպավորիչ ներկայացումները, որ վերջին շրջանում դիտել եք:

Գոռ. «…եւ նորից գարուն»-ը (Տաթեւն ուրախանում է,-հեղ.), «Գարդենիա»-ն ու մեր խաղացանկի համարյա բոլոր ներկայացումները, Պարոնյանում՝ Հակոբ Երվանդիչի բեմադրությամբ «Ներոն եւ Սենեկա»-ն, «Ես այստեղ եմ», «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները», Սուրենի Շահվերդյանի «Համլետ»-ով եմ շատ տպավորվել: Առհասարակ հավանում եմ բոլոր այն ներկայացումները, որոնցում դերասանն աշխատում է սիրով: Անչափ սիրում եմ Համազգային թատրոնի խաղացանկը, իր առանձնահատկությունն ունի նաեւ մեր թատրոնը, բոլորին հրավիրում եմ: Հրաշալի ներկայացումներ կան Տիկնիկայինում, Պարոնյանում, Դրամատիկականում, վաղուց չի ստացվել լինել Սունդուկյանում: Պետք է մարզային թատրոններ գնալ, Վանաձորում նայեցի Վահե Սուրենիչի «Ամուսնացիր եւ սանձիր կնոջդ»-ը, հետաքրքիր է ստացվել: Հիմա Գյումրի եմ ուզում գնալ ու «Միզերի»-ն նայել, ինչպես նաեւ Գոռ Մարգարյանի բեմադրած Չարենցը: Առհասարակ թող բոլորը գնան թատրոններ:

Տաթեւ. Նախանձում եմ Գոռին ու ամաչում, որ այդքան բան է հասցնում նայել: Ես շատ եմ սիրել Նարինե Գրիգորյանի «Խատուտիկի գինի»-ն, 6-ից ավելի անգամ տեսել եմ «Ես այստեղ եմ»-ը: Շատ եմ սիրում «…եւ նորից գարունը», կուզեի իմ հատվածում էլ չլինել ու նայել ներկայացումը, «Սպասում»-ն էլ կուզեի դիտել իր գեղեցկության համար: Միշտ համարում եմ, որ ներկայացման մեջ խաղալիս հենց նման զգացողություն պետք է ունենամ: Մեկ էլ հավանում եմ այն ներկայացումները, որոնցում կուզեի խաղալ:

Տաթեւ Հովակիմյանը


Նորայր. Ամեն ներկայացում իր մթնոլորտն ունի եւ իր հանդիսատեսին գտնում է, դժվար է դասակարգել: Մի քանի տարի առաջ տպավորվել եմ Շահվերդյանի «Չար ոգի»-ով, դրանից հետո շատ մետամորֆոզների ենթարկվեցի: Մեծ ազդեցություն է թողել ինձ վրա նաեւ Նիկոլայ Կոլյադայի բեմադրած «Կարամազով եղբայրները», լրիվ այլ ու նոր թատերական աշխարհ էր ինձ համար: Հանճարեղ է ստացվել, նայելու ամբողջ ընթացքում դերասաններին հավասար քրտնում էի, որովհետեւ չգիտեմ՝ ինչ էին անում բեմում: Տեսագրությունը կա, ցանկացողները կարող են նայել:

- Պատկերացրեք, նույն բանն էլ դուք եք կարողանում անել հանդիսատեսի հետ, շնորհակալություն Ձեզ: Իսկ հիմա ֆոտոհարցեր՝ դեմքի արտահայտությունը շատ ցանկալի դերը ստանալիս:

Նորայր Հերգնյանը


Տաթեւ Հովակիմյանը


Գոռ Համբարձումյանը


- Երբ վերջապես փորձերն ավարտին են հասնում:

Նորայր Հերգնյանը


Տաթեւ Հովակիմյանը


Գոռ Համբարձումյանը



Պրեմիերայից առաջ հույզերը եւ վախերը:

Նորայր Հերգնյանը


Տաթեւ Հովակիմյանը


Գոռ Համբարձումյանը


Զրույցը՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Հովհաննես Հովհաննիսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին