×


Հրաչյա Հարությունյանը 25 տարի անց վերաբեմադրել է «Չաո»-ն․ պրեմիերան, նոր դերակատարներն ու ժամանակակից լուծումները

Դրամատիկական թատրոնի հնաբնակներն ու Երեւանի թատերասեր հանրությունը լավ են հիշում 25 տարի առաջ բեմադրված «Չաո» ներկայացումը, դրա մասին չէին մոռացել նույնիսկ վերջին մի քանի տարիներին, երբ դադարել էր լինել խաղացանկում։ Սիրված ու այցեքարտ դարձած ներկայացումը կրկին Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնի խաղացանկում է՝ նոր բեմադրությամբ ու նոր դերակատարներով։ Դերասան, բեմադրիչ Հրաչյա Հարությունյանը որոշել է նոր կյանք տալ ներկայացմանը՝ փոխելով ոչ միայն գլխավոր դերակատարներին, այլեւ բեմադրության ողջ կառուցվածքը։


«1998-ի հոկտեմբերին էր առաջնախաղը, Սոֆիի դերակատարը ես էի։ Այսքան տարի է անցել, եւ, գիտեք, այնքան ճիշտ սերնդափոխություն է տեղի ունենում։ Երկար տարիներ վայելել եմ այս ներկայացման մեջ ներգրավված լինելու բերկրանքը, բնական է, որ մի օր այդ ամենը պիտի ավարտվեր, պիտի անցնեինք այլ կենսագրությունների, այլ տարիքների, այլ պատմությունների։ Իհարկե, չէի ցանկանա, որ այս անուշ ու դիտարժան ներկայացումը չլիներ, եւ շնորհիվ մեր Հրաչյա Հարությունյանի՝ վերաբացվեց, վերաիմաստավորվեց նոր ասելիքով, ժամանակին համահունչ նոր լուծումներով ու նոր դերակատարներով։ Նրանք մեզ բացարձակ չեն զիջում. այնքան պրոֆեսիոնալ են, այնքան համապատասխան թե՛ արտաքուստ, թե՛ ներքուստ, թե՛ իրենց աշխատասիրությամբ։ Նայում եմ նրանց ու հասկանում՝ սա դեռ սկիզբն է»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։


Վերաբեմադրված «Չաո» ներկայացման դերերում հանդես են գալիս դերասաններ Դիանա Մալենկոն, Ներսես Ավետիսյանը, Հրաչյա Հարությունյանը, Լուիզա Ղամբարյանը, Արմեն Բարսեղյանն ու Լիզա Բարսեղյանը, իսկ պարային բեմադրությունների հատվածներում ներգրավված է թատրոնի գրեթե ողջ երիտասարդ կազմը։ Նրանք պատմում են, որ այդ տեսարաններում լավ ներկայանալու համար երկար ժամանակ է՝ պարի դասերի էին հաճախում։ Գլխավոր դերակատարներին՝ Դիանային ու Ներսեսին, մեծ մասամբ հեռուստատեսային նախագծերից ճանաչող հանդիսատեսն անպայման կնկատի, որ նրանք նոր գույներով, նոր հնարավորություններով ու դերասանական նոր մտածողությամբ են ներկայանում իրենց այս կերպարներում՝ Սոֆիի եւ Վենսանի դերերում։ Սա խոստովանում են նաեւ իրենք՝ դերասանները։


«Հասկանում ես՝ 25 տարի առաջ բեմադրված ներկայացման մեծ հաջողության շվաքը դեռ կա, երբ նոր բեմադրությունը դեռ չտեսած՝ մարդիկ արդեն սպառել են մայիսի ներկայացումների բոլոր տոմսերը (ժպտում է,- հեղ.)։ Սա շատ պարտավորեցնող է, հատկապես երբ մենք հանդես ենք գալիս այն կերպարներում, որոնք նախկինում խաղացել են Հրաչյա Հարությունյանն ու Լուիզա Ղամբարյանը։ Այժմ նրանք հանդես են գալիս ծնողների դերերում։ Նախ՝ ասեմ, որ Սոֆիի դերում պիտի լիներ Մարիամ Ադամյանը, բայց քանի որ երեխայի էր սպասում, ես ներգրավվեցի ու հոկտեմբերից միացա փորձերին։


Շատ մանրակրկիտ ենք աշխատել, մեկ-մեկ չէի դիմանում ու ինձ ասում էի՝ դե լավ, բայց կարո՞ղ է վատ չի, հետո, երբ կողքի աչքով էի նայում, հասկանում էի՝ հենց այդ կետում, հենց այդ վայրկյանին պետք է փոփոխություն անել, նորից կրկնել եւ այլն։ Երբ կերպարդ բնավորություն ունի, քեզ համար որպես դերասանուհի նոր մակարդակ ու նոր հնարավորություններ ես բացահայտում, նոր բան ես անում, որն ինքդ քեզնից չէիր սպասում»,- խոստովանում է Դիանա Մալենկոն։


Ներսես Ավետիսյանն էլ, խոսելով իր կերպարի մասին, անկեղծանում է, որ այն իրեն մոտ է զգացողություններով ու բնավորության որոշ գծերով. «Կոտոշավոր է, իր ճշմարտության համար կռվող, իսկ դա ինձ շատ մոտ է։ Այսօրվա իրականությունում Վենսանը բավական հետաքրքիր հուշումներ ունի փոխանցելու մեր հանդիսատեսին՝ մանավանդ տղաներին: Ուրախ եմ, որ հանդես եմ գալիս հենց Վենսանի կերպարում. շատ համով, լավ տղա է, կամ էլ այս ընթացքում սկսել եմ շատ սիրել նրան եւ սուբյեկտիվ եմ արտահայտվում (ժպտում է,- հեղ․)։ Ամեն դեպքում պատասխանատվության զգացողությունը մեծ է, հատկապես որ այս դերում նախկինում հանդես է եկել Հրաչյա Հարությունյանը: Նրան շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Իհարկե, այնպես չէ, որ միայն դերակատարներն են փոխվել, ամբողջապես նոր բեմադրություն է՝ զրոյից արված, այդ առումով զուգահեռները չեն տարվի հնի ու նորի միջեւ, որոնք կխանգարեն ե՛ւ մեզ, ե՛ւ հանդիսատեսին»,- նկատեց նա։


Սեր, անկեղծություն, սեփական «ես»-ի փնտրտուքներ, սերունդների միջեւ մտածողությունների տարբերություններ, սոցիալական անհավասարություն, դրա հետեւանքով առաջացող միջանձնային խնդիրներ՝ թեմաներ, որոնք ո՛չ ժամանակ են ճանաչում, ո՛չ էլ տարածություն, դրանք արդիական են մինչ օրս։ Ներկայացման հեղինակներն ամենավառ կերպարներով ու անկեղծ էմոցիաներով փորձել են տեղ հասցնել ասելիքը, որը հանդիսատեսը վստահաբար ստացավ ու հետ փոխանցեց դահլիճից լսվող արձագանքներով, ծիծաղով, երբեմն տխրությամբ ու ապրումակցող հայացքներով, վերջում էլ՝ հոտնկայս ծափահարություններով։ Այնպես որ, «Չաո»-ն արդեն թատրոնի խաղացանկում է եւ այսօրվանից սպասում է իր հին ու նոր հանդիսատեսին՝ մի նոր երկար ճանապարհ միասին անցնելու։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին