×


«Օթը, թոթը, թվանքի կոթը». 18+ կատակերգական ֆիլմի պրեմիերան եւ նկարահանումներին Սաթենի հրահրած «ծեծկռտուքը»

Ապրիլի 6-ին մեծ էկրան է բարձրացել ռեժիսոր Սերժ Գաբյանի «Օթը, թոթը, թվանքի կոթը» (ՕԹԹԿ) ֆիլմը: Պրեմիերային ներկա են եղել կինոնկարի ստեղծագործական կազմը եւ շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

18+ քրեական կատակերգությունում սփյուռքահայ գործարարին էրոտիկ բնույթի տեսանյութի պատճառով շանտաժի է ենթարկում նախկին գործընկերը։ Խնդիրը լուծելու համար նա հրավիրում է պրոֆեսիոնալների ամբողջ աշխարհից: Միմյանց չհասկանալու եւ ոստիկանության հետ զուգահեռ ծավալվող ինտրիգների արդյունքում ստեղծվում է անկառավարելի մեծ խառնաշփոթ:

Ռեժիսոր Սերժ Գաբյանը


Ֆիլմում կան հակասոցիալական գործողությունների տեսարաններ եւ բազմաբարբառ ժարգոնային խոսակցություն: «ՕԹԹԿ»-ի ռեժիսոր, սցենարի հեղինակ եւ գլխավոր պրոդյուսեր Սերժ Գաբյանը նշում է՝ սա նոր ժանր է հայկական ֆիլմարտադրության մեջ:

«Ֆիլմն իր ժանրային տարօրինակություններով նոր շունչ կտա մեր մշակութային աշխարհին եւ հետաքրքիր կլինի. դրանով իսկ մեր ուզածին հասել ենք։ Իմ ուզածը՝ որպես ռեժիսոր, պրոդյուսեր, կայանալն էր, ստեղծել նոր ոճ, դրա հետ մեկտեղ անել ամեն ինչ, որ այն ծառայի հայ մշակույթին եւ ոլորտի զարգացմանը»,- ասել է ռեժիսորը՝ պատմելով, որ նախագծի վրա սկսել է աշխատել 2020 թվականից:


Ֆիլմի գլխավոր դերակատարներից Արման Ղազարյանը համագործակցելու առաջարկը ստանալիս ռեժիսորին դեռ չէր ճանաչում, բայց ընդամենը երկու րոպե Գաբյանի հետ խոսելուց հետո միանգամից ընդունել է այն: Դերասանին բաժին է հասել պաշտոնյայի դերը, որը մի քանի ամիսը մեկ մեկնում է արտերկիր՝ զվարճանալու: Այդ զվարճանքներից մեկից հետո էլ սկսվում է ֆիլմի կոնֆլիկտը:

«Ֆիլմի յուրահատկությունը տեմպն է: Ժամանակակից ֆիլմերում տեսնում եմ չեզոքություն, ինչն ինձ դուր չի գալիս: Ոչ մի կոնֆլիկտ, պայթյուն չի ստացվում: Պետք է փոխել հենց դա: Կցանկանայի նաեւ, որպեսզի մեր ֆիլմերում կենցաղը քիչ լինի: Իսկ այս ֆիլմում ընդհանրապես կենցաղ չկա՝ էքշն է, տեմպ, ռիթմ», - նշել է Ղազարյանը:

Նարեկ Հովսեփյանը՝ կնոջ հետ


Ֆիլմում նկարահանվել է նաեւ ռեփեր Նարեկ Հովսեփյանը. «Նախկինում առաջարկել են մի քանի ֆիլմում նկարահանվել, չեմ համաձայնել, քանի որ նույնատիպ են եղել։ Քանի որ շատ եմ սիրում իմ գործում կարծրատիպ կոտրել, նկատեցի, որ այս գործով կարծրատիպ ենք կոտրում»,-նշել է A. Chilla-ն:

A.Chilla-ի խաղընկերը Մուրազի կերպարը կերտած Սաթեն Ղազարյանն է: Հիշելով նկարահանման ընթացքում պատահած զավեշտալի դեպքերը՝ պատմել է. «Տեսարան ունենք, որտեղ ես կռվում եմ ոստիկանների հետ: Ոստիկաններին մարմնավորող դերասանները սկզբում շատ քնքուշ էին կռվում ինձ հետ, հետո ես կոնկրետ ծեծկռտուք սարքեցի, նորմալ ու հավեսով ծեծ կերա ու ծեծեցի(ծիծաղում է,-հեղ.)»:

Սաթեն Ղազարյանը


Դերասանուհին նշում է՝ ֆիլմի հիմնական ուղերձը հայերի միասնականությունն է. «Կապ չունի Վանաձորից ես, Գյումրիից, թե Արցախից, կապ չունի՝ ինչ բարբառով ես խոսում, որքանով ենք մենք տարբեր, կարեւորը՝ բոլորս հայ ենք ու միայն համախմբվելով կարող ենք հաղթել»:

Արեգ Բալայանը՝ դստեր հետ


Անդրանիկ Հակոբյանը ֆիլմում մարմնավորում է Վիգոյի կերպարը, որն Իտալիայից ժամանած իջեւանցի վարձու մարդասպան է եւ խոսում է Իջեւանի բարբառով: Իտալական խառնվածքով իջեւանցին առանձնահատուկ է վերաբերվում սեփական հագուկապին, նույնիսկ քիլերության մեջ սիրում է իր աշխատանքն անել գեղեցիկ:

Անդրանիկ Հակոբյանն` ընկերուհու հետ


Զավեշտալի դեպքերից Անդրանիկը հիշում է, թե ինչպես էր կերպարային հագուստով եւ զենքով մտել խանութ, ինչի հետեւանքով գանձապահը մտածել է, որ վերջինս եկել է թալանելու:

Ջերարդ Փափազյանը


Թատրոնի ռեժիսոր, դերասան Ջերարդ Փափազյանը «ՕԹԹԿ»-ն բնորոշում է որպես խելառ ֆիլմ։ Կասկածում է՝ գուցե ֆիլմը մեծահասակները չհասկանան, բայց երիտասարդներին, վստահաբար, հետաքրքիր կլինի:


Ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Գաբյանը: Օգտագործվել են հանրահայտ երաժշտական հիթեր` հայկական մեկնաբանությամբ:

Տեքստը՝ Տաթեւեր Լազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին