×


Պրեմիերա «Մալյան»-ում. զվարճալի հարբեցողից բռնակալ ու փառասեր դարձած «Բլրեցի Եփփեն»

Հենրիկ Մալյանի անվան թատրոնում պրեմիերա էր. Նարինե Մալյանը բեմադրել է 18-րդ դարի դանիացի դրամատուրգ Լյուդվիգ Հոլբերգի «Բլրեցի Եփփեն» կատակերգությունը:

Զվարճալի, հարբեցող, պուտպուտիկավոր ձիու տեր ու իր խոսքով՝ կոտոշավոր Եփփեն, պետք է քաղաք գնա կնոջ՝ Նիլեի առաջադրանքը կատարելու, այն է՝ օճառ գնելու: Կնոջ մտրակներից վախեցող Եփփեն ամեն դեպքում շեղվում է ճանապարհից ու մտնում գինետանը խմելու՝ ծախսելով Նիլեի տված ողջ գումարը, իսկ մի լավ հարբելուց հետո քուն մտնում:


Հենց այդպես էլ նրան փողոցում քնած գտնում են բարոնն ու սպասավորները, որոնք որոշում են գլխին օյին խաղալ՝ քանի դեռ ուշքի չի եկել, տանեն պալատ ու վերաբերվեն պարոնի պես:

Իրեն գտնելով շքեղ հագուստների մեջ՝ սկզբում ամեն ինչ Եփփեի համար անիրական երազ է թվում, մի պահ անգամ պատկերացնում, թե դրախտում է հայտնվել: Իսկ երբ բոլոր վայելքների համը զգում է, դառնում է իշխող, փառասեր ու ագահ՝ բոլորին սպառնում կախաղան հանել:


Ներկայացումը մարդու էության մասին է. երբ հանգամանքները փոխվում են, ի հայտ է գալիս նրա իրական տեսակը, կամ ավելի դիպուկ կլինի ասել բարոնի խոսքերով. «Թե ինչքան բռնակալ կարող է դառնալ մարդը, երբ իր տիղմից հանում ես ու հասցնում իշխանական աթոռին»:

Եփփեին նորանոր փորձությունների մեջ գցած շքախումբն էլ ցույց է տալիս, թե որքան դաժան, արկածասեր ու սահմաններ չճանացող կարող են լինել մարդիկ իրենցից թույլերի հետ վարվելիս: Ներկայացումը որքան Եփփեի պես փառքից փոխվող, այնպես էլ արդեն այդ իշխանությունն ու ազդեցությունն ունեցող մարդկանց մասին է:


BRAVO.am-ի հետ զրույցում Նարինե Մալյանը նշեց՝ Եփփեն շատ նման է Քաջ Նազարին, Չապլինի փոքր մարդուն, մանավանդ՝ «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմում, եւ Մարկ Տվենի «Արքայազնը եւ աղքատը» վեպի հերոսին.

«Նմանատիպ մարդկանց ես որ շատ-շատ եմ հանդիպել մեր ասպարեզում ու կյանքում, երբ նորմալ ու կիրթ են թվում ու հանկարծակի այնպիսի մետամորֆոզի ենթարկվում հաջողության հասնելիս: Ու զարմանում ես՝ մի՞թե հնարավոր է պաշտոնը մարդուն այդքան փոխի»:


Մալյանի հետ փորձում ենք հիշել նաեւ դեպքեր, երբ մարդիկ անկախ հանգամանքներից մնում են նույնը, սակայն օրինակներ բերել դժվարանում ենք, բայց մեզ սփոփում ենք, որ թեեւ եզակի, բայց դրանք էլ կան:

Ապա խոսում ենք ներկայացման թերությունների մասին. ռեժիսորի խոսքով՝ դրանք հիմնականում տեխնիկական են, քանի որ չունեն բավարար լուսային սարքեր իրենց ուզածը ստանալու համար: Բայց ուրախ է, որ լավ կազմ է հավաքվել ու 2,5 ամիս սիրով աշխատել: Նրան օգնել են նաեւ ընկերները, որոնք թատրոնից չեն՝ ձեւավորումն արել է նկարիչ Արսեն Նավասարդին, իսկ լուսային ռեժիսորը Կարեն Վարդանյանն է:


Մալյանը դրական փոփոխությունների է սպասում թատրոնի հետ կապված ու հույս ունի, որ հաջորդ անգամ արդեն հայ հեղինակի է բեմադրելու: Վերջում էլ անդրադառնում ենք ներկայացման մեջ «Կտոր մը երկնքից» հնչող «Ի, խիար կա՞» մեջբերմանը.

«Մալյանի ֆիլմերից մեր բոլոր ներկայացումներում մի փոքրիկ ակնարկ կա, ինքներս մեզ ենք հիշեցնում նրա գործերը, կարծում եմ՝ մարդիկ էլ սիրում են դրանք»:


Եփփեին մարմնավորած Վահագն Գասպարյանը ներկայացումից հետո խոստովանեց՝ շատ էներգիա է տալիս, թեեւ դահլիճից էլ լիցքավորվում է.

«Հաճելի է նման կերպար խաղալ: Ինձ համար գլխավոր ասելիքն այն է, որ նման մարդիկ միշտ կան, ինչպես ներկայացման մեջ անգրագետ ու տխմար Եփփեն, որն արտոնություն ստանալիս անճանաչելի անձնավորություն է դառնում»:


Փորձում ենք միասին հասկանալ, թե այդ դեպքում ինչպես ճանաչել իրական մարդուն, ինչին դերասանը պատասխան չունի.

«Անգամ ամուսինները, տարիներով ապրելով միասին, իրար չեն ճանաչում, էլ ուր մնաց դիմացինին բացահայտենք: Իմ կյանքում էլ նման դեպքեր եղել են, բոլոր ոլորտներում է հանդիպում այդ երեւույթը, բայց չպիտի վախենանք այն ցույց տալ. արվեստի ուժը հենց դրանում է»:


Բարոն դարձած Արման Մաթեւոսյանը նորեկ է Մալյան թատրոնում ու իր առաջին դերն է ստացել: Սկզբում շատ անհանգիստ է եղել, որ արդարացնի Նարինե Մալյանի հրավերը, բայց ջերմ ու լավ թիմի ընդունելության շնորհիվ արդեն նրա մի մասն է զգում.

«Մինչ ներկայացումը սովորաբար հուզված ու լարված եմ լինում, իսկ հետո այնպիսի հաճույք ստանում, որ այդ ապրումները մինչեւ քնելս չեն անցնում: Կարեւորն այս ներկայացման մեջ մարդն է, որին անսպասելի կերպով ես ճանաչում, երբ նա պաշտոն է ստանում»:

Վարդան Պետրոսյանը՝ «Բլրեցի Եփփեն» ներկայացման պրեմիերային


Իսկ ահա թատրոնի փորձառու դերասան Սամվել Թոփալյանն ամենաշատը սիրում է փորձերի ու ներկայացումը ստանալու ընթացքը, հանդիսատեսին հանձնելուց հետո դատարկվում է.

«Բարոնի շքախմբի հնարամիտ, նրան զվարճացնող ու ամենասիրելի ծառայողներից մեկն եմ, որն անընդհատ խաղեր է սարքում, ու հերթականը լինում է Եփփեի գլխին: Հաճախ են ասում, որ մարդը փոխվեց, բայց այդպես չէ, պարզապես իր էությունը ցույց տվեց, որը դրսեւորելու համար պարարտ հող էր ստեղծվել: Այդ ամենը հանդիսատեսին ցույց ենք տալիս, որ հանկարծ իրենց մեջ նման որակներ ունենալու դեպքում փորձեն խեղդել»:

Ուրախ է, որ ասելիքը տեղ է հասել, դրա մասին են վկայում արձագանքները, իսկ որ ներկայացումը ստացվել է՝ դերասանին հուշում են ներկայացման վերջում հնչող ծափահարությունները: Թոփալյանն ուզում է, որ «Բլրեցի Եփփեն» երկար ճանապարհ անցի ու շատ հանդիսատես ունենա:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին