×


«Առաջին հանդիպմանը կեղտոտ կոշիկներով էր եկել, որ չհավանեմ». Սիրուն Մինասի ու Ռաֆայել Վարդանյանի սերը

Պլաստիկ վիրաբույժ եւ հաղորդավար Սիրուն Մինասն ու ֆինանսիստ Ռաֆայել Վարդանյանը շատ պատահական են ծանոթացել, սիրել միմյանց ու գեղեցիկ ընտանիք կազմել: BRAVO.am-ի «Եվ խոսեց սերը» շարքի համար նրանք պատմել են միասին աշխատելու, ճանապարհորդելու, երեխաներ մեծացնելու մասին եւ բացահայտել ավելի ամուր սիրելու գաղտնիքը:

- Սկսենք մասնագիտությունից՝ պլաստիկ բժշկությունից ու ֆինանսներից, ի՞նչն եք ամենաշատը սիրում Ձեր աշխատանքում:

Սիրուն. Ինձ ամենաշատը դուր է գալիս մարդկանց հետ շփումն ու այն ազդեցությունը, որ թողնում եմ. դա արտացոլվում է ոչ միայն արտաքինի վրա, այլ՝ ինքնավստահության, ինքնագնահատականի, անգամ ինքնասիրահարվածության: Իսկ այդ որակները շատ կարեւոր են կանանց համար, որպեսզի երջանիկ լինենք:

Ռաֆայել. Ֆինանսիստ եմ ու հիմնականում թվերի հետ եմ աշխատում, դա ինձ ավելի շատ է դուր գալիս, քան մարդկանց հետ առնչվելը:

Սիրուն. Բայց ասեմ, որ ինքը մարդկանց հետ ավելի լավ է շփվում (ծիծաղում է,-հեղ.):

Սիրուն Մինասը ու Ռաֆայել Վարդանյանը


- Իսկ որո՞նք են մի քիչ հոգնեցնող ու գուցե ձանձրացնող կողմերը:

Սիրուն. Էլի նույն բանը կնշեմ. մանավանդ մեր՝ կանանց տրամադրությունն անընդհատ փոփոխվում է: Ամեն անգամ նորից ես փորձում ըմբռնել խնդրի էությունը: Պիտի միշտ պատրաստ լինել մարդկանց ընկալել, սովորել, հասկանալ, դա հետաքրքիր է, բայց նաեւ էներգիա տանող:

Ռաֆայել. Առանձնահատկությունն այն է, որ հաշվարկն ու իրականությունն իրարից որոշակի տոկոսով տարբերվում են: Այդ ամենն ապահովելը միշտ չէ, որ հաճելի ու առանց սթրեսի է լինում: Բայց դա աշխատանքի եւ առօրյայի մի մասն է, որն իր լավ ու վատ կողմերն ունի:

- Իսկ միմյանց աշխատանքի մասին ի՞նչ գիտեք:

Ռաֆայել. Սիրունն ավելի ներողամիտ է, քան՝ ես, այդ առումով նրանից շատ բան եմ սովորել: Փոքր սխալները կամ պայմանավորվածությունների շեղումները շատ ավելի դժվար եմ հանդուրժում:

Սիրուն. Բայց ինքն էլ համբերատար է. ես ներողամիտ եմ մինչեւ որոշակի աստիճան:

- Տանը խոսո՞ւմ եք աշխատանքից, թե՞ փորձում եք ժամանակը հատկացնել ձեզ (ծիծաղում են,-հեղ.):

Ռաֆայել. Շաբաթվա օր ունենք, որ փորձում ենք առավոտյան ժամը 6-ին կամ ավելի վաղ զարթնել ու գործից խոսել: Ընդհանուր գործ ունենք, նաեւ նոր հեռանկարներ ու ստեղծվող նախագծեր, որոնք էլ քննարկում ենք: Այդկերպ խուսափում ենք ամբողջ օրն աշխատանքից խոսելուց:

Սիրուն. Թեեւ հատուկ գրաֆիկ ենք հատկացրել, բայց օրվա մեջ էլ ընթացիկ հարցերն ենք լուծում:

Սիրուն Մինասը


- Գեղեցկությունն ավելի շատ ներքի՞ն որակ է, թե՞ արտաքին, հնարավո՞ր է կնոջն այդ զգացողությունը փոխանցել:

Սիրուն. Հիմնականում հոգեվիճակ է, որն արտացոլվում է արտաքինի վրա: Պլաստիկ բժշկությունն արտաքինն է փոխում, կարող է իդեալական արդյունք ստացվել, բայց էլի կինն իրեն գեղեցիկ չզգա:

- Ռաֆայել, Ձեզ համար Սիրունի գեղեցկությունն ինչո՞ւմ է:

- Արտաքինին շուտ ես սովորում: Ընդհանուր երազանքներ ու նպատակներ ունենք, նոր բաներ ենք պլանավորում, համարձակ ենք, շատ հարցերում նույն տեսակետն ունենք: Մի կողմից լավ չէ, քանի որ սխալվելու դեպքում մյուսը չի զսպում, բայց փոխարենը նոր բան անելու ազարտն է մեծանում: Հանգստի ժամանակ սարի գլխին փոքրիկ շինություն նշմարեցինք ու որոշեցինք այն մոտիկից տեսնել: Մոտ 4 ժամ բարձրացանք, շատերը կալարեին, բայց այդ տեսարանը վայելելու ու մատուռին հասնելու ցանկությունն ավելի մեծ էր: Պարզվեց՝ այնտեղ 2000 տարեկան քաղաք կա, որը ներքեւից չէր երեւում: Գեղեցկություն բառի մեջ նաեւ այդ ընդհանրություններն են, միասին հետաքրքիր է ապրել (Սիրունը ծիծաղում է,-հեղ.)

- Սիրուն, իսկ ո՞վ է Ձեզ համար գեղեցիկ համարվում:

- Երջանիկ մարդը: Այդպիսի մարդուն հնարավոր չէ շփոթել, նույնիսկ հեռվից զգացվում է՝ նրա աչքերն ու մաշկը փայլում են, չժպտալիս էլ դեմքը ժպտում է, արեւային էներգիա է գալիս:

Սիրուն Մինասը ու Ռաֆայել Վարդանյանը


- Իսկ դուք ձեզ երջանիկ համարո՞ւմ եք:

Սիրուն. Ես՝ հա (ծիծաղում ենք,-հեղ.), իսկ դու երջանի՞կ ես:

Ռաֆայել. Շատ վերացական հարց է՝ մի օր հա, մի օր՝ չէ:

Սիրուն. Համաձայն եմ՝ միշտ չես կարող լինել երջանիկ: Օրինակ՝ այսօր քիչ ես քնել:

Ռաֆայել. Բայց գոհ եմ իմ կենցաղից ու կյանքից, չգիտեմ՝ դա որքանով է երջանկություն համարվում:

- Սիրուն, իսկ ի՞նչը Ձեզ տարավ հեռուստատեսություն եւ ինչո՞ւ ուզեցիք ուժերը փորձել այդ ասպարեզում:

- Երբեք չեմ պլանավորել, հրավիրեցին, ես էլ սովորություն ունեմ առաջարկները վերանայել իմ երեք չափանիշներով (ծիծաղում է,-հեղ.)՝ եթե 80 տարեկանում կփոշմանեմ չանելու համար, մեղք չի ու Աստծուն դեմ, ովքեր են դրանից շահելու եւ ում կյանքն է փոխվելու դեպի լավը: Հետաքրքիր փորձառություն էր, նոր բաներ սովորեցի, որոնք առաջ չգիտեի: Բայց դժվար էր համատեղել. երեկ ժամը 22:30-ին նոր տուն եմ գնացել աշխատանքից:

- Ռաֆայել, Ձեզ ի՞նչը դուր եկավ հաղորդավար Սիրունի կերպարում, նոր բան տեսա՞ք:

- Որ ճիշտն ասեմ՝ չէ (ծիծաղում է,-հեղ.): Իր հետ գնացել եմ նկարահանումներին, երեւի թե, իրեն համարձակություն տվեց, որպես դրական կողմ դա կնշեմ:

Սիրուն Մինասը ու Ռաֆայել Վարդանյանը


- Վերջերս ուրախ հոլովակ էինք ներկայացրել, թե ինչպես է, երբ Նաոմի Քեմփբելը հետեւում է Ձեզ (ծիծաղում ենք,-հեղ.):

- Դեռ քովիդի շրջանում է սկսել հետեւել: Ինստագրամն ինձ առաջարկում էր ես էլ իրեն հետեւեմ: Մտածեցի՝ այսի՞նքն, ուրեմն նա իմ հետեւորդների թվո՞ւմ է (ծիծաղում ենք,-հեղ.): Հաշվի առնելով Քեմփբելի գործունեությունը, թե որքան կարծրատիպեր է կոտրել, շատ հաճելի էր, բայց մտածում էի՝ որոշ ժամանակ անց unfollow կանի, այդպես հաճախ է լինում: Անցավ ժամանակ, վերջերս ծանոթներիցս մեկին պատմեցի, որ Քեմփբելը հետեւում է ինձ, այնքան բուռն արձագանքեց, ես էլ ոգեւորվեցի:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Plastic Surgeon / Botox and Fillers / Yerevan (@siroon.minas)


Երեխաները՝ կարեւոր մոտիվացիա

- Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան տարբեր մասնագիտություն ունեցող մարդիկ հանդիպեցին ու հավանեցին իրար:

Ռաֆայել. Գրեթե բան չեմ հիշում (ծիծաղում է,-հեղ.): Առաջին անգամ շատ շուտ ենք հանդիպել՝ մեր շփվելուց մոտ 5 տարի առաջ: Կասկադում էի պատահական տեսել ու մտածել՝ արտերկրից է: Coupe մեքենա էր վարում, որը վաճառում էր եւ վրան հեռախոսահամար էր գրել: Զանգեցի, բայց եղբայրը պատասխանեց ու ինձ ցրեց: Մեր կապը չստացվեց, դրանից տարիներ անց նորից տեսա՝ նույն աղջիկն էր (ծիծաղում ենք,- հեղ.):

- Իսկ Դուք ե՞րբ նկատեցիք նրան, Սիրուն:

- Երկրորդ հանդիպմանը ես էլ նրան նկատեցի, դե, շատ էր մաշվում (ծիծաղում ենք,- հեղ.): Փողոցում պատահական տեսանք իրար, սոցցանցերի դար է, ու կարողացավ ինձ գտնել:

Ռաֆայել. Անունը չգիտեի, համացանցում տարօրինակ բաներ էի փնտրում (ծիծաղում է,-հեղ.): Գրում էի՝ «սեւամորթ հայուհի», «հայեր, որ հայի նման չեն», «տարօրինակ հայեր», ու վերջապես գտա անունը:

Սիրուն Մինասը ու Ռաֆայել Վարդանյանը


- Ու գրեցիք նրան, իսկ համոզվա՞ծ էիք, որ կպատասխանի Ձեզ:

Սիրուն. Մի ամիս տեւեց, մինչեւ պատասխանեցի:

- Ինչպե՞ս ամենը լրջացավ ու հասկացաք, որ հավանում եք իրար:

Սիրուն. Դե, պատմիր (ծիծաղում է, -հեղ.):

Ռաֆայել. Քեզ է հարցնում (ծիծաղում ենք նորից,- հեղ.):

Սիրուն. Բավական ժամանակ անց հանդիպեցինք թեյելու, հույս ունեի՝ ամեն ինչ անհաջող կլինի: Հանդիպումը սպասվածից ավելի լավ անցավ: Այդ օրը հանգիստ էր, հավասարակշռված ու վստահ, նուրբ ամաչկոտություն ուներ:

Ռաֆայել. Մոտոցիկլետով էր եկել առաջին հանդիպմանը (ծիծաղում է,- հեղ.), ամերիկյան զինվորական կեղտոտ կոշիկներով, որովհետեւ արագությունը փոխելիս միշտ կեղտոտվում են, ու շապիկով:

Սիրուն. Հատուկ էի այդպես գնացել, որ դուրը չգամ: Ամեն ինչ մտածված էր, որ ինձ չհավանի:

Ռաֆայել. Այդպես էլ եղավ, չհավանեցի, (Սիրունը ծիծաղում է,-հեղ.): Մինչեւ հիմա էլ չեմ հավանում, զուտ հանդուրժում եմ (կատակում է,-հեղ.): Դրանից հետո մի քանի անգամ էլ հանդիպեցինք:

- Ծնողների հետ ծանոթությունն ինչպե՞ս անցավ:

Ռաֆայել. Սիրունի ծնողների հետ ավելի ուշ ծանոթացա, քանի որ Հայաստանում չէին:

Սիրուն. Պետք է գային մեր տուն տոլմա համտեսելու, պարապեցի, ու ստացվեց: Կարեւորը նրա տատիկը հավանեց (ծիծաղում ենք,-հեղ.):

Սիրուն Մինասը


- Ռաֆայել, ինչպե՞ս հասկացաք, որ ամուսնանալու ժամանակն է:

- Չէի ուզում պարզապես ամուսնանալ: Կինս պետք է կյանքի ընկեր լիներ, ընդհանուր աշխարհայացք ու նպատակներ ունենայինք: Կնոջ մոդել ունեի, բայց այն ձանձրալի էր, ավելի լավ էր միայնակ լինել, քան հենց այնպես ամուսնանալ: Սիրունի հետ ծանոթանալուց հետո հասկացա, որ կարող ենք միասին լավ կյանք ապրել: Հենց սկզբից այնպես ենք շփվել, որ երկար ճանապարհ անցնենք:

- Դուք էլ հարսանիքից պատմեք, Սիրուն, ինչպե՞ս է անցել ու ի՞նչ լավ պահեր են մնացել:

- Հարսանիքը բոլոր մանրուքներով մենք ենք կազմակերպել, որ ամեն ինչ մեր ուզածով լինի: Շատ հետաքրքիր ու ծանրաբեռնված էր այդ ընթացքը, բայց կատարյալ անցավ: Շատ պարեցինք (ծիծաղում են,-հեղ.) ու միայն մենք չէ՝ բոլորը սկզբից մինչեւ վերջ ուրախանում էին:

- Մի քիչ էլ ձեր երեխաներից խոսենք, ինչպե՞ս փոխվեցիք ծնող դառնալով:

Սիրուն. Իրականում շատ բան չի փոխվել, բացի նրանից, որ նորմալ չենք քնում (ծիծաղում ենք,-հեղ.): Պատասխանատվություն կար ու մնացել է, հիմա եռանդն է  շատացել՝ 2 շատ կարեւոր մոտիվացիա ունենք: Բաներ կան, որ Վարդանն է ինձ մոտիվացրել, մյուսների դեպքում՝ Էսթերը: Նրանք մեզ ստիպում են, որ իրենց համար ավելին անենք ու ավելի լավը լինենք:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Plastic Surgeon / Botox and Fillers / Yerevan (@siroon.minas)


- Ինչպիսի՞ն են երեխաներն ու ի՞նչ նախասիրություններ ունեն:

Ռաֆայել. Երբեք երեխասեր չեմ եղել (ծիծաղում է,-հեղ.), միայն նկատում էի՝ սիրուն են կամ մաքուր, այդքանով սահմանափակվում, հազվադեպ կխաղայի հետները: Իմ երեխաներից հետո վերաբերմունքս էականորեն փոխվել է:

Սիրուն. Շատ աշխույժ են մեր երեխաները, պահանջկոտ, մտքներին մի բան դնելու դեպքում անպայման անում են:  

Ռաֆայել. Փորձում ենք այնպես անել, որ հա՛մ իրենց կամքը թելադրեն, հա՛մ էլ անդաստիարակ չմեծանան:

- Դաստիարակության որոշակի սկզբունքներ ունե՞ք:

Սիրուն. Փորձում ենք պստիկ ուղեղների հետ կապի դուրս գալ, դժվար է, բայց հետաքրքիր, երբ ստացվում է իրար հասկանալ: Տղայիս ասում եմ, որ չարաճճիություն է անում, պատասխանում է. «Հա, բայց ուզում եմ» (պատմում է երեխայի պես,-հեղ.): Հիմա դեռ սկզբունքներ չունենք, իրենք էլ փոքր են՝ 2,5 ու 1,5 տարեկան:  

Ռաֆայել. Կարեւոր է՝ մանկուց սովորեցնել, որ ոչ մեկը իրենց ոչինչ պարտք չէ, պարտադիր չէ շատ աշխատել, բայց պետք է ստեղծել:

- Ովքե՞ր են ձեզ օգնում խնամքի հարցում, քանի որ երկուսդ էլ աշխատում եք:

Ռաֆայել. Երկու տատիկները, նաեւ գնում են մանկապարտեզ ու զարգացման կենտրոն:

Սիրուն Մինասը ու Ռաֆայել Վարդանյանը


- Ինչպիսի՞ն է սերը մինչեւ ամուսնանալն ու միասին ապրելուց հետո:

Սիրուն. Էլի այդպիսի հարցերին նախ ե՞ս եմ պատասխանում (ծիծաղում ենք,-հեղ.):

Ռաֆայել. Սերը չի փոխվում (ծիծաղում են,-հեղ.):

Սիրուն. Չի փոխվում, մեր դեպքում այդպես է: Ամուսնանալուց հետո շոկային անակնկալներ չենք ունեցել, իրար հնարավորինս ճանաչում էինք. միայն ռոմանտիկ շփում չենք ունեցել, կյանքի վերաբերյալ հարցեր ենք քննարկել, խոսել աշխատանքի ու երեխաներ ունենալու մասին: Այնպես չէ, որ ցուցակով էինք հանդիպում, բայց մեր հարգանքը, սերն ու կապվածությունն իրական հիմքի վրա էին: Չենք ամուսնացել պատկերացրած Սիրունի կամ Ռաֆայելի հետ: Փորձում ենք դեպի լավը փոխվել ու նաեւ իրար նկատողություններ անել:

Ռաֆայել. Աշխատում ենք, որ կենցաղային մանր դժվարությունները մեր կյանքի հետաքրքրությունները չպակասեցնեն: Ընկերներ ունեմ, որ ծնողներ դառնալուց հետո քիչ են ճանապարհորդում: Վարդանը մինչեւ 1 տարեկան դառնալը 2 անգամ արտերկրում է եղել. առօրյան փորձում ենք ակտիվ պահել, ինչպես մինչեւ ընտանիք կազմելն էր:

- Միմյանց կարճ ու դիպուկ մի քանի բառով ո՞նց կնկարագրեք:

Սիրուն. Հլը ասա է:

Ռաֆայել. Պետք է մտածեի: Երազող, սիրուն, արդար: Հերի՞ք է (ծիծաղում է,-հեղ.):

Սիրուն. Պատասխանատու, հուսալի, վստահելի ու նպատակասլաց:

- Կա՞ն որակներ ու բնավորության գծեր, որ իրար մեջ այդքան էլ չեք սիրում:

Ռաֆայել. Ես ոչինչ չեմ նկատում, բացարձակ ոչինչ (ծիծաղում ենք,-հեղ.): Մեկ-մեկ կենցաղային բաներ պատահում են, ամենաչսիրածս բանն է, որ իմ իրերն իրենց տեղում չի դնում, ու չեմ գտնեմ:

Սիրուն. Վեճեր չեն լինում, մենք ունենում ենք քննարկումներ՝ ամեն մեկս մեր տարբերակն ենք առաջարկում ու լուծում գտնում: Նկատել էի, որ նոր կարծիք դժվար եմ ընդունում, հիմա արդեն անցել է:  

Սիրուն Մինասը ու Ռաֆայել Վարդանյանը


- Ի՞նչ կմաղթեք ձեր ընտանիքին ու ինչպիսի՞ն կուզեք այն լինի 50 տարի անց:

Սիրուն. Ավելի ծաղկուն ու փթթուն:

Ռաֆայել. Երեխաներն ավելի շատ լինեն՝ գոնե 4-5-ը (Սիրունը ծիծաղում է,-հեղ.):

Սիրուն. Լավ է գոնե 5-6-ը չասացիր (ծիծաղում ենք,-հեղ.): Աստված տա՝ միշտ ամուր, երջանիկ ու միասին լինենք:

Ռաֆայել. Առողջ լինենք ու խաղաղ Հայաստանում ապրենք, որովհետեւ մեր երկրից դուրս չենք դիտարկում ապրելու ոչ մի հնարավորություն:

«Ընտրել եմ այնպիսի ամուսին, որը լավ հայր կլինի»

Սիրուն. Կատարյալ ամուսին ու ընկեր է: Ամուսին ընտրելիս կարեւոր էր միայն տեսքը հաշվի չառնել, ընտրում էի մարդ, որը լավ հայր ու օրինակ կլինի, որին կուզեմ նմանվի տղաս: Ռաֆայելը հենց այդ մարդն է, դրանից ավելի լավ բան չեմ կարող ասել: Առաջ մարդկանց վստահելու խնդիր ունեի, իրեն լիովին վստահում եմ:

«Սիրունն ավելի համարձակ է երազում»

Ռաֆայել. Լայն աշխարհայացք ունի, հանդուրժող ու ներողամիտ է, ավելի համարձակ է երազում: Իրենից վարակվեցի ու հանդուրժող դարձա մարդկանց տարբեր տեսակետների նկատմամբ: Լավ ծնող է, աշխատանք-ընտանիք համադրությունը կարողանում է պահել: Ինձ դուր չի գալիս միայն աշխատող կինը կամ էլ ընտանիքին ժամանակ հատկացնողը: Ուզում էի կյանքիս ընկերը հետաքրքիր մարդ լինի, ու Սիրունը հենց այդպիսին է:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW