×


Ջեմմա Ադամյան. «Գյումրիում 7 տարի միայնակ ապրելուց հետո տոլմա եփել եւ թթու դնել եմ սովորել»

Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանուհի Ջեմմա Ադամյանի հետ զրուցել ենք նրա տանը՝ շրջապատված ծաղիկներով ու պատերին փակցված երկու «Արտավազդ»-ներով: BRAVO.am-ի համար խոսել ենք մրցանակների, Գյումրիում հարմարվելու ու ընկերներ ձեռք բերելու, ծնողների կամքին հակառակ դերասանուհի դառնալու, առաջին ձախողման, վախերի եւ սիրո մասին:

- Ջեմմա, ինչպե՞ս եք վերաբերվում մրցանակներին ու սպասո՞ւմ էիք, որ 2-րդ անգամ «Արտավազդ» կստանաք:

- Լավ, որովհետեւ ոգեւորող են: Վերջերս մայրս հետաքրքիր բան ասաց. «Մենք գիտեինք քո մասին, բայց լավ է, որ մրցանակ ստացար, մյուսներն էլ իմացան» (ծիծաղում է, -հեղ.): Մրցանակը պարտավորեցնում է էլ ավելի շատ աշխատել (դուռը ծեծում են, գնում է բացելու, -հեղ.): Բակի երեխաներն են. երբ տանն եմ, 5 րոպեն մեկ գալիս են (ծիծաղում ենք, -հեղ.): Հոգուս խորքում մեծ էր «Արտավազդ» ստանալու ցանկությունը, բայց վստահ չէի, որ հենց ես լավագույնը կդառնամ, շատ ուրախացա: Եթե մրցակիցներս այդքան լավը չլինեին, այն այդքան չէի արժեւորի: Շատ հաճելի էր «Արտավազդը» կիսել Անահիտ Վասիլյանի հետ:


-«Երկնագույն շան աչքեր» ներկայացման համար մրցանակ ստանալուց 5 տարի է անցել, այս ընթացքում ի՞նչ է փոխվել:

- Բավական շատ ներկայացումներում եմ ներգրավված եղել, որոնց հետ կյանք եմ ապրել. ամեն մեկն ինձ ավելի է հասունացրել որպես մարդ ու դերասանուհի: Այդ տարիները հօգուտ ինձ են եղել:

- Պատմեցիք, որ երեխաներից նվերներ ու նամակներ եք ստացել, եւ ինչպե՞ս եք հաջողությունը նշել մտերիմների հետ:

- Հաջորդ օրը Գյումրիում ընկերներով նշեցինք ու արտավազդները կախեցինք պատերին (ծիծաղում է, -հեղ.), հետո թատրոնի անձնակազմով հավաքվեցինք ու նշեցինք բոլոր 5 մրցանակները: Մեր բակի երեխաներն ինձ պարբերաբար փոքրիկ նվերիկներ են բերում: Այս առիթով էլ ավանդույթը չխախտեցին ու, նույնիսկ չհասկանալով, թե ինչն են շնորհավորում, թղթից ծաղկեփունջ եւ նամակ հանձնեցին: Այսօր էլ 6 տարեկան երկրպագուից նվեր ստացա՝ վաֆլիի համով շրթներկ:


- Ձեզ երես են տալիս երեխաները, իսկ նրանց հրավիրո՞ւմ եք ներկայացումներ նայելու:

- Միշտ եմ հրավիրում: Ապրիլի խաղացանկում մանկական ներկայացումներ կան, մեր բակի բոլոր երեխաներին հրավիրատոմսեր կբերեմ: Բայց նշեմ, որ իրենք ակտիվորեն հաճախում են թատրոն, եւ իմ գործոնը կապ չունի:  

- Գյումրիում մարդիկ թատերասեր են. դահլիճը միշտ լիքն է, Դրամատիկականն էլ լավագույններից է. 5 «Արտավազդը» դրա մասին են վկայում: Ո՞րն է նման հաջողության գրավականը:

- Շատ սրտացավ ենք միմյանց հանդեպ, անկեղծ ենք, խոսքի մեջ ազատ ու մեր գործընկերների ամենաուժեղ քննադատներն ենք: Շատ եմ հավատում նրանց խոսքին, ուղղումներին, հուշումներին ու քննադատություններին: Դրա արդյունքում է ինչ-որ բան ստացվում: Միահամուռ մեկ գաղափարին ծառայելու ու նույն ճանապարհով գնալու շնորհիվ է Գյումրու դրամատիկականն այսպիսին դառնում:

- Իսկ ո՞ւմ հուշումներն են օգտակար եղել Ձեզ:

- Նառա Սանթոյանինը. նրան շատ եմ հավանում ու իրենից սովորում: Մյուս գործընկերներս էլ միշտ օգնում են:

- Ո՞րն է լավ աշխատանքի ցուցիչը:

- Հանդիսատեսը, չնայած՝ մեր իրականությունում նա էլ է երբեմն խաբուսիկ: Նրանք թատրոնում կարողանում են գտնել իրենց ազատությունն ու անկախությունը, դրա համար նստում են աթոռին եւ մեզ հետ անցնում այդ ուղին: Ամենաբարձր ցուցիչն է, երբ ավարտին կանգնում են ու ծափահարում: Ինքս երբեք բավարարված չեմ լինում իմ աշխատանքից. միշտ ավելին անելու տեղ կա: Տարօրինակ տարակուսանքների ու մտքերի բախումների մեջ եմ ինքս ինձ հետ:


- Ջեմմա, մտովի տեղափոխվենք Ձեր մանկություն, ինչպե՞ս է այն անցել:

- Մայրս Կապանից է ու պատահական է ստացվել, որ ես էլ այնտեղ եմ ծնվել: Պարզապես ծնողներս հյուր էին գնացել, ու, երեւի, ճանապարհից էր, որ որոշեցի շուտ ծնվել: Մինչ 40 օրական դառնալը վերադարձանք Երեւան, որտեղ մանկապարտեզ ու դպրող գնացի, բայց հետագայում տեղափոխվեցինք Կապան: Այնտեղ էլ ավարտեցի դպրոցն ու ընդունվեցի Թատերական ինստիտուտ:

- Ձեր ծնողները պարողներ էին եւ ուզում էին, որ իրավաբան դառնաք, ինչպե՞ս կարողացաք ընդդիմանալ ու ընտրել Ձեր սիրելի մասնագիտությունը:  

- Հայրս աշխատել է Օպերային թատրոնում, մայրս Կապանի թատրոնում խորեոգրաֆ էր ու նաեւ դերասանուհի: Մեր դպրոցի կողքով հոսում էր Վաչագան գետը, իսկ մյուս ափին մշակույթի տունն էր, որի հետնամասում թատրոնի համար տարածք էին հատկացրել: Դասամիջոցներին անցնում էի կամուրջն ու գնում մայրիկիս տեսնելու: 12-րդ դասարանում էի, երբ ծնողներս սկսեցին պնդել իրավաբան դառնալ, այնքան շատ էին խոսում այդ մասին, որ սկսեց ինձ վանել: Թեեւ պարապում էի, բայց չէի ուզում իրավաբան դառնալ, մեկ օր էլ արթնացա ու գնացի Կապանի թատրոն, խնդրեցի ինձ տալ ընդունելության համար անհրաժեշտ ցանկը: 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում վերջին նստարանին պահանջվող գրքերն էի կարդում, որ հասցնեմ: Բոլորը, բացի մաթեմատիկայի ուսուցչուհուց, համակերպվել էին դրա հետ ու ինձ նեղություն չէին տալիս:

Գյումրու թատրոնի դերասան ու ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը եկել էր Կապան՝ մանկական ներկայացնում բեմադրելու, ու ինձ բախտ վիճակվեց աշխատել նրա հետ՝ զանգվածային տեսարանում էի: Դրանից հետո արդեն պարզ էր, որ իրավաբանականի մասին խոսք լինել չի կարող: Հայրիկիս չէի ասել, ամենադժվարը նրան համոզելն էր, քանի որ շատ կտրուկ էր իր որոշման հարցում: Մեկ ամիս հայրիկի հետ չենք խոսել, ընթացքում նույնիսկ խաբեցի, որ ռեժիսուրան եմ ընտրել, որ մի քիչ փարատեմ: Բայց հիմա հայրս իմ բոլոր ներկայացումները դիտում է ու իմ ամենամեծ քննադատներից է: Նա ու մայրս ինձ շատ են օգնում:


- Ինչպե՞ս ստացվեց, որ թողեցիք Կապանի թատրոնը, որտեղ աշխատում էիք, ու եկաք Գյումրի:  

- Կապանում սկսեցի աշխատել սովորելուն զուգահեռ, արդեն այդ ժամանակ ցանկություն ունեի ուժերս այլ թատրոնում փորձել: Ավարտելուց հետո Գյումրու թատրոնից լավ հրավեր ստացա, 3-4 ամիս փորձաշրջան անցա ու մնացի:

- Ի՞նչ փորձությունների էին ենթարկում:

- Դերեր էին տալիս եւ ներմուծում ներկայացումներում: Ամեն ինչ զրոյից սկսեցի՝ խաղում էի զանգվածային տեսարաններում ու էպիզոդային կերպարներ մարմնավորում: Առաջին լուրջ դերս եղավ «Երկնագույն շան աչքերը». իմ ստուգողական աշխատանքն էր, որն էլ ինձ թողեց Դրամատիկականում:

- Նոր տեղում հայտնվելը միշտ էլ դժվար է, ինչպե՞ս հարմարվեցիք ու Ձեզ այստեղ յուրային զգացիք:

- Սկզբում բոլոր դեմքերը համարյա նույնն էին (ծիծաղում ենք, -հեղ.). թատրոնը մեծ է, մոտ 140 աշխատող ունի, ու ոչ մեկի դեմքն ու անունը չէի հասցնում ֆիքսել: Առաջին ամիսներին նոր ներկայացման փորձեր էին, որոնք ձախողեցի: «Տարբեր նվագներ»-ում ինձ կերպար էր վստահվել, բայց թատրոնն ինտիմ աշխատանք է՝ պիտի նախ դերասանի հետ հարաբերություններդ ճշտես, որ հետո կարողանաս նույնն էլ իր կերպարի հետ անել: Բոլորն ինձ համար խորթ եւ անծանոթ էին, բարդ էր հասնել դրան, ու ներկայացման մեջ այդպես էլ չխաղացի: Բայց այդ ձախողումն էլ էր պետք, որովհետեւ դրա ընթացքում գտա իմ մարդկանց ու սկսեցի բոլորին ճանաչել:


- Ո՞վ Ձեզ առաջինն իր ընկերությունն առաջարկեց:

- Առաջին ընկերներս, որոնք ինձ օգնում էին վարձով տուն գտնել, թատերականի 2-րդ կուրսի ուսանողներ Արտուշ Միքայելյանն ու Տարոն Գրիգորյանն էին: Այնպես էր ստացվել, որ իմ ձախողումից հետո թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն իր կուրսի հետ «8 սիրագորով կանանց» էր բեմադրում՝ մեկը պակասում էր, ու ինձ տարավ: Թուլացա ու կարողացա դրամատիականում էլ ինձ դրսեւորել: Առաջին տարին շատ լարված անցավ, բայց բոլորն այնքան տաք ու փափուկ գրկեցին, որ ամեն ինչ անցավ:

- Ե՞րբ հասկացաք, որ Գյումրին Ձեր տունն է դարձել ու մնալու եք:

- Սեպտեմբերին 7 տարին կլրանա, որ այստեղ եմ: 2-րդ տարվանից հետո ոչ միան ինձ, այլ բոլորին թվում էր, որ միշտ էլ Գյումրիում եմ ապրել:

- Ինչպե՞ս այստեղ Ձեր տունը գտաք ու հարմարավետ դարձրիք:

- Գյումրի սեպտեմբերի 5-ին եկա, 10 օր անց իմ տունն ունեի, որտեղ 9 ամիս ապրեցի ու բազում անգամներ տեղափոխվեցի. սա իմ 6-րդ տունն է: Մի մեծ վախ ունեի՝ երբ դրսում մութ էր, տանը միայնակ մնալ չէի կարողանում: Անգամ դեպք է եղել, որ մերոնք Երեւան էին գնացել, եւ մինչեւ գիշերը ժամը 3-ը բակում նրանց եմ սպասել: «Տարբեր նվագներ»-ի փորձերի ժամանակ աչքս մեկ-մեկ կպնում էր, որովհետեւ 10 գիշեր անքուն նստել եմ: Նախ բոլոր լույսերն էի միացնում ու հեռուստացույցը, բայց մի քանի օր անց կեսն անջատեցի, այդպես շարունակեցի այնքան, որ սովորեմ մթության մեջ մնալ:


- Ինքնուրույն ապրելն ինչպե՞ս էր, կարողանո՞ւմ էիք կենցաղից գլուխ հանել:

- Այդ առումով մայրս էր անհանգստանում, քանի որ Կապանում հիմնականում նա ու տատիկս էին խոհանոցի տիրուհիները: Բայց հիմա թթու եմ դնում, տոլմա սարքում ու կարկանդակներ թխում, դրանց համար են ընկերներս հետս շփվում (կատակում է,- հեղ.):

- Ընտանիքը հաճա՞խ է հյուր գալիս:

- Ամենաշատը եղբայրս է գալիս. նկարիչ է ու այստեղ գործեր է ունենում: Նա ու հայրս Երեւանում են ապրում, մայրս՝ Կապանում, ամենաքիչը նա է գալիս, որովհետեւ բավական հեռու է: Ես էլ եմ ուշ-ուշ գնում, ամռանն եմ եղել. գոնե տարին մեկ անգամ աշխատում եմ այցելել: Այս տարի Ամանորին Երեւանում էի, 2021-ին՝ Կապանում: Մի տարի որոշել էի մնալ Գյումրիում ու միայնակ դիմավորել Ամանորը: Մրգեր էի դրել սեղանին, շամպայն, նրբաբլիթներով տորթ եւ նստել հեռուստացույցի առաջ: Մեկ էլ հրավառությունը սկսվեց, ու հուզվեցի, արագ հավաքվեցի եւ միացա ընկերներիս: Հասկացա՝ Ամանորի գիշերը միայնակ մնալը ծանր է:

- Նախորդ տարին նոր դերերի առումով շատ ակտիվ էր, նախ Էդիթ Պիաֆ էիք «Բոհեմ»-ում: Ինչո՞ւ ներկայացումն այդքան սիրվեց:

- Որովհետեւ 4 տարբեր կանանց (Պիաֆ, Ցվետաեւա, Կալո եւ Շանել,-հեղ.) բուռն էմոցիաների գեղեցիկ գունապնակ ենք ցույց տալիս, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իրենը:


-Իսկ ի՞նչ կա Ձեր մեջ Պիաֆից:

- Քմահաճ լինելը: Նա փոքրիկ քմահաճույքներ ուներ, իմոնք էլ այդպիսին են (ծիծաղում է, -հեղ.): Պիաֆն ինձ որպես մարդ՝ չասեմ փոխեց, բայց ավելի հստակություն տվեց որոշ հարցերում, նա օգնեց կողմնորոշվել տարակուսանքներիս առումով:

- Կերպարներն իսկապես կարողանո՞ւմ են օգնել ու մնալ Ձեզ հետ:  

- Պիաֆից մինչեւ մանչուկը՝ իմ ամենամեծ ու փոքր կերպարները, իսկապես օգնել են: «Մանչուկն ու Կառլսոն»-ը հեքիաթը, մուլտֆիլմն ու մեր ներկայացումը շատ եմ սիրում: Մանչուկի մասին շատ եմ խոսում, որովհետեւ նա անկեղծ է ու պարզ. երեխաների մեջ այնքան մաքրություն կա: Ինքս էլ փորձում եմ միշտ մանչուկ մնալ, դիմացինիս մեջ էլ այդ մանկական մաքրությունը շատ եմ գնահատում: Եթե ունենում են, աչքերից միանգամից երեւում է:

- Մանկական ներկայացումներում այլ դերեր էլ ունենք, ինչպիսի՞ն է փոքրիկ հանդիսատեսը:

- Շատ անբռնազբոս է (ծիծաղում ենք, -հեղ.), ազատ եւ անմիջական, էմոցիաները չի զսպում, բայց եթե հետաքրքրեցիր, կլռի ու կլսի, հակառակ դեպքում՝ կանի ինչ կուզի: Մանկական ներկայացումները դրանով են հետաքրքիր, որ միանգամից արձագանքից հասկանում ես՝ եթե հավանել են, ուշադիր եւ լուռ լսում են, կոնֆետ չեն ուտում, նայում են բեմին: Մեծերի դեպքում այդ ամենը պիտի կռահես, քանի որ կեղծելու հատկություն ունեն:


- Մրցանակ ստացել եք «Սպասման» համար, որում 5 կերպար ունեք, ինչպե՞ս եք կարողացել բացահայտել նրանց ու ո՞րն է ավելի շատ դուր գալիս հենց Ձեզ:

- Կերպարները բավական տարբեր են խոսքի, ռեժիսորի, հագուստի, կոշիկի շնորհիվ: Կոշիկի մասին միշտ շեշտում եմ, որովհետեւ դրա շնորհիվ իրական կյանքում էլ կարող եմ ուրիշ մարդ դառնալ: Հինգն էլ հետաքրքիր են ու առանձնացնել չեմ կարող. բոլորին էլ ամբողջովին եմ տրվել: Հանդիսատեսը սիրելիների թվում նշում է «Սպասում» հատվածի կնոջն ու «Երեխաների» դայակին:   

- Ինչո՞ւ եք այդքան սիրում Ձեր մասնագիտությունը:

- Որ կարող եմ այս բաժակին (ցույց է տալիս սեղանին դրված սուրճի բաժակը,-հեղ.) նայել ոչ միայն իմ կողմից՝ դրանում կերպարներս են օգնում: Ջեմմայից բացի, կա Կարոլինը, Պիաֆը, Ռոդան, Նիֆ-նիֆը, արքայադուստրը, մյուսները, որոնք իրենց տեսանկյունն ունեն: Բոլոր կերպարներիս այդ հայացքներն իմ մեջ ունեմ ու կյանքում էլ հիշում եմ, որ ամեն իրավիճակի պետք է մոտենալ տարբեր կողմերից:

- Որքան էլ թատրոնում դերերը շատ են, էկրանին այդքան էլ չեք երեւում, առաջարկնե՞ր չկան, թե՞ Ձեր սրտով չեն:

- Նկարահանվել եմ նովելում ու սիթքոմում (նորից երեխաներից ծեծում են դուռը. «Մաման կըսե մե օրըմ, երբ ազատ ես, արի մեր տուն կոֆեի»: «Պայմանավորվեցինք, անպայման գուկամ»,-հեղ.): Այնպես չէ, որ առաջարկները թափվում են (ծիծաղում ենք,-հեղ), բայց երեւի նրանից է, որ ձգտումս էլ մեծ չէ:


- Ինչո՞ւ նախորդ տարի որոշեցիք ընդունվել Թատերական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի մագիստրատուրա եւ ինչպե՞ս ստացվեց, որ դուրս մնացիք:

- Մտածում էի`քանի երիտասարդ եմ, սովորեմ: Բեմական խոսքը շատ եմ սիրում եւ ուզում էի ավելի մասնագիտանալ, թեեւ դա մագիստրատուրայի հետ այդքան էլ կապ չուներ: Թատրոնի փորձերին զուգահեռ չէի հասցնում ներկա լինել դասերին, բացի այդ էլ, չէի իմանում քննության օրերի մասին: Մի օր էլ իմացա, որ ինձ ինստիտուտից հեռացնում են: Բայց զավեշտալին այն է, որ մագիստրատուրայում «Սպասումը» քննարկում են որպես ժամանակակից ներկայացում, իսկ ես նաեւ դրա փորձերի պատճառով դուրս մնացի:

- Բույսերի նկատմամբ մեծ սեր ունենք, Ձեր տանն էլ դրանք ամենուր են, դժվար չէ՞ ամեն անգամ տեղափոխել:

- Ամենաբարդը միշտ հենց դա է: Կապանի բնությունը շատ գեղեցիկ է, ինչի բացակայությունն էլ ինձ ստիպեց տան մեջ այսքան հող, բույս, խոտ ու քար ունենալ (ծիծաղում է, -հեղ.): Տանն իմ պատուհանից Խուստուփն ու մյուս սարերն էին երեւում, ծաղկած ծառերը, ծլվլացող ծիտիկները, այստեղ հասկացա, որ աչքերս ինչ-որ բանի կարոտ են: Փորձեցի բնությունը տուն բերել ու բնակարանս տաքացնել: Երբ տանը մենակ եմ, նստում եմ ծաղիկների մոտ դրված աթոռին ու նայում նրանց: Միշտ մտածում եմ, որ բույսերս քիչ են, վերջերս ընկերներիցս մեկը ծաղիկ նվիրեց ու ասաց, որ արագ է աճում, այնպես որ, հույս կա՝ ամբողջ տունը կլցնի (ծիծաղում ենք,-հեղ,): Լոռիից բերած փոքրիկ սիրուն քար էլ ունեմ, վրան խունկ եմ ծխեցնում:


- Էդիթ Պիաֆի դերին պատրաստվելու ընթացքում սկսեցիք գործել ու այդ սովորությունը մնաց Ձեզ հետ:

- Պիեսում գործելու տեսարան ունեինք, որը ներկայացման մեջ չմնաց, բայց օգնեց ինձ վերհիշել գործելու ունակությունը: Հիմա պայուսակներ եմ գործում (ցույց է տալիս,-հեղ.) ծաղիկների համար տաքուկ բաներ, քանի որ նրանք ջերմություն են սիրում, իսկ Գյումրիում ցուրտ է: Ընկերներս անգամ կատակում են, որ մի օր գալու են ու տեսնեն ամբողջ տունն եմ պատել իմ գործվածքով (ծիծաղում ենք,-հեղ,):

- Ի՞նչ է սերը Ձեզ համար եւ հիմա ո՞ւմ կամ ի՞նչն եք սիրում:

- Սիրում եմ բնությունը՝ անձրեւ, ձյուն, քար, ծաղիկ ու բնական ամեն ինչ, այդ թվում՝ մարդկանց: Անկեղծ էմոցիաներն եմ սիրում՝ հուզվելը, ուրախանալը:

- Բայց չասեցիք, թե սերն ի՞նչ է:

- (Ծիծաղում է, -հեղ.), սերը (երկար լռություն,-հեղ.), ես, երեւի չգիտեմ՝ ինչ է սերը, թեեւ ինքս սիրել եմ: Այն տարբեր բաների խառնուրդ է՝ ապրումների, հույզերի… Հենց սիրո բանաձեւը չգիտեմ, հիմա էլ սպասում եմ մի սիրո, որը տարբեր կլինի:

- Որո՞նք են Ձեր վայրերը Գյումրիում:

- Թատրոնը, որն ինձ համար ասես ուրիշ քաղաք լինի: Այնտեղ ամեն ինչ կա, ունենք մեր հրապարակը, մարզերը, սրճարանը, գրադարանը, խոհանոցը: Շատ եմ սիրում նաեւ իմ տունը, այդ երկու տեղերում էլ հիմնականում լինում եմ՝ տաքուկ անկյուններն են ինձ գրավում:


-  Եվ վերջում արագ հարցեր, ասեք՝ առաջինն ինչ կգա Ձեր մտքին: Այս պահին Ձեր գլխում ի՞նչ երգ է պտտվում:

- Հենց սկսեցիք Պիաֆից խոսել, մտքումս «La Foule»-ն էր հնչում:

- Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:

- Ընկերներիս շների շնորհիվ հաղթահարել եմ նրանց նկատմամբ ունեցած վախս: Ձագուկից մինչեւ մեծանալը տեսա ու վախս անցավ: Հիմա ինձ համար բացահայտել եմ գնդային կայծակն ու դրանից եմ վախենում:

- Վերջինն ո՞վ է Ձեզ հիացրել:

- Էմոցիոնալ եմ ու հաճախ եմ հիանում, վերջինը հաջողվել է Արտուշ Միքայելյանին՝ իր «Տունը սահմանին» ներկայացման շնորհիվ:

- Ի՞նչը կամ ովքե՞ր են Ձեզ վստահ դարձնում:

- Ընկերներս:

- Ի՞նչն է Ձեր արտաքինի մեջ ամենաշատը դուր գալիս:

- Ձեռքերս (ծիծաղում է, -հեղ.):


- Իսկ հակառա՞կը, որ չեք հավանում:

- Ոտքերս (ծիծաղում է, -հեղ.), ավելի հստակ՝ ոտնաթաթերս, երբեք բաց մատներով կոշիկներ չեմ հագնում: Ներքին ցավ եմ ապրում, երբ որոշ ներկայացումներում պետք է ոտաբոբիկ խաղամ:

- Ի՞նչ է դերասան լինելը մեկ բառով:

-Ապրել:

- Ինքներդ Ձեզ ի՞նչ հարց կտայիք:

-Ի՞նչ ես ուզում:

- Պատասխանը կա՞:

-Եսիմ (ծիծաղում ենք, -հեղ.):

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հասմիկ Բաբայանի եւ Գյումրու դրամատիկական թատրոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW