«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ հանես կգա աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսը: Առաջին համերգը տեղի կունենա մայիսի 27-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, երկրորդը նախատեսված է մայիսի 28-ին՝ Բյուրականի արվեստի ակադեմիայում: Նա հայ հանդիսատեսի համար Բախի երաժշտությունը կկատարի Ստրադիվարիուսի ջութակով:
Նա մեր օրերի ականավոր երաժիշտներից է, որի վիրտուոզությանը բնորոշ է անգերազանցելի երաժշտականությունը:
Կավակոսն առաջատար փառատոնների ցանկալի հյուրն է, համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի եւ դիրիժորների հետ: Նրա համերգները տեղի են ունենում հանրահայտ համերգասրահներում: Նա ձայնագրվում է BIS, ECM եւ «Sony Classical» ընկերությունների համար։
Լեոնիդաս Կավակոսը ծնվել է 1967-ին՝ Աթենքում, երաժիշտների ընտանիքում։ Սովորել է Հունաստանի ազգային կոնսերվատորիայում՝ Ստելիոս Կաֆանտարիսի մոտ, որին համարում է իր երեք ուսուցիչներից մեկը՝ Ջոզեֆ Գինգոլդի եւ Ֆերենց Ռադոսի հետ։
21 տարեկանում, դառնալով միջազգային երեք հեղինակավոր՝ Հելսինկիի Սիբելիուսի, Ջենովայի Պագանինիի եւ ԱՄՆ-ի Նաումբուրգի մրցույթների հաղթող Կավակոսը ձեռք բերեց համաշխարհային համբավ, իսկ Սիբելիուսի Ջութակի կոնցերտի օրիգինալ տարբերակի ձայնագրության համար, որն առաջինն էր երաժշտության պատմության մեջ, արժանացավ «Gramophone» մրցանակի:
2017 թ. Կավակոսին շնորհվեց դանիական «Leonie Sonning» երաժշտական մրցանակը, որը տրվել է այնպիսի ականավոր երաժիշտների, ինչպիսիք են Լեոնարդ Բերնստայնը, Բենջամին Բրիտտենը, Արթուր Ռուբինշտեյնը, Յեհուդի Մենուհինը, Դմիտրի Շոստակովիչը, Դիտրիխ Ֆիշեր-Դիեսկաուն, Մստիսլավ Ռոստրոպովիչը եւ ուրիշներ։
2009 թ. «Sony Classical» ստուդիայում Մենդելսոնի ջութակի կոնցերտի ձայնագրման համար, կոնցերտի լավագույն ձայնագրություն անվանակարգում, Կավակոսն արժանացել է «ECHO Klassik» մրցանակին, իսկ 2012 թ. «Decca Classics» ստուդիայում Բեթհովենի ջութակի բոլոր սոնատների (Էնրիկո Փեյսի հետ) ձայնագրման համար` «Տարվա գործիքավորող» կոչմանը եւ ECHO Klassik մրցանակին: 2014 թ. «Gramophone» ամսագիրը Կավակոսին շնորհել է «Տարվա արտիստ» տիտղոսը։
Նա ղեկավարել է Սանտա Սեսիլիայի ազգային ակադեմիայի, Վիեննայի սիմֆոնիկ, Ստոկհոլմի թագավորական ֆիլհարմոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ եւ այլ նվագախմբեր, իսկ 2007 թ. ղեկավարում է Զալցբուրգի կամերային նվագախումբը (Կամերատա Զալցբուրգ):
Նա ուսումնասիրում է հին եւ ժամանակակից ջութակների ու աղեղների պատրաստման սկզբունքները, ունի ժամանակակից վարպետների ստեղծած ջութակների ու աղեղների բացառիկ հավաքածու։ Լեոնիդաս Կավակոսը նվագում է Ստրադիվարիուսի 1724 թ. պատրաստած ջութակով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: